Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ նախագահ․«Եթե վարկային արձակուրդները շարունակվեն՝ տնտեսությունը խնդիր կունենա»

Սեպտեմբեր 08,2020 16:39

Արդյոք բանկերը կարո՞ղ են շարունակել վարկային արձակուրդներ տրամադրել, քանի դեռ տնտեսությունը կորոնավիրուսի շրջանում ճգնաժամի մեջ է։ Շատերին հուզող այս հարցն այսօր հրավիրված ասուլիսին պարզաբանեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նախ բացատրեց, թե ինչպես է իրականացվում վարկ-ավանդ գործընթացը՝ բնականոն գործունեության ընթացքում վարկառուները մարումներ են իրականացնում բանկին, որից էլ բանկը վճարում է ավանդատուների նկատմամբ ունեցած իր պարտավորությունները: Եվ փաստորեն, հաճախորդին վարկային արձակուրդ տրամադրելու դեպքում էլ բանկը շարունակում է կատարել այդ պարտավորությունները, ինչն էլ նշանակում է, ինչպես պարոն Գալստյանն ասաց, ավանդը մարելու համար բանկը պետք է ունենա որոշակի միջոցներ․«Եվ այստեղ է կարեւորվում այն հարցը, որ ԿԲ-ն հայտարարել է, որ ֆինանսական համակարգին անհրաժեշտ իրացվելիություն տրամադրելու է։ Եթե բանկը ավանդները սպասարկելու տեսանկյունից ունենում է որոշակի ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ինքը կարող է դիմել եւ ԿԲ-ից ստանա իրացվելիություն։ Բայց այս իրացվելիությունը ունի գին, այսինքն, երբ վարկը չի մարվում, բանկին անհրաժեշտ են լինում ֆինանսական միջոցներ, ինքը դա ինչ-որ կերպ հայթայթում է, դրա դիմաց որոշակի գին է վճարում։ Այս առումով բանկի ծախսատարությունն ավելանում է։ Հարցն այն է, որ եթե կրկին խոսվում է վարկային արձակուրդների մասին, կարո՞ղ են բանկերը շարունակաբար ու անընդհատ կրել ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք։ Մեր կարծիքով դա արկածախնդրության է նման, որովհետեւ չենք կարող վտանգել ընդհանուր համակարգի կայունությունը, որովհետեւ եթե կայունությունը խաթարվի՝ տնտեսությանը կարող են լուրջ վտանգներ սպառնան։ Այս առումով, ես կարծում եմ՝ բանկերը բավականին խելամիտ են աշխատել իրենց հաճախորդների հետ երեք ամսվա ընթացքում»։

ԿԲ նախագահն ասաց, որ այդ ընթացքում մոտ 550 հազար ֆիզիկական եւ 17 հազար իրավաբանական անձի վարկային արձակուրդ է տրամադրվել, 1,3 տրիլիոն դրամի ընդհանուր վարկային պարտավորություն է հետաձգվել, իսկ բանկային համակարգ չի մտել մոտ 100 միլիարդ դրամ․«Հիմա եթե սա շարունակվի ու անընդհատ լինի, մենք խնդիր կունենաք, եւ բանկային համակարգը միայնակ չի կարողանա դիմակայել այդ խնդրին»։

Ըստ ԿԲ նախագայի, եթե բանկը հայեցողական մոտեցումները շարունակի՝ ավանդները վերադարձնելու խնդիր է ծագելու․«Որովհետեւ հակադարձումը լինելու է՝ իսկ կարո՞ղ է մենք էլ ավանդները չվերադարձնենք, որովհետեւ մենք էլ ենք դժվարության մեջ, մենք էլ ենք տնտեսվարող, բարեգործական հիմնադրամ չենք, սեփականատերերը խելամիտ շահույթի մակարդակ են ակնկալում։ Այդ միֆն էլ կա, որ բանկերը չաղ, հարուստ, անընդհատ փող աշխատող կառույցներ են։ Բայց բանակային համակարգի վրա ազդում են բոլոր տեսակի ճգնաժամերն, ի տարբերություն տնտեսության այլ ճյուղերի։Հայաստանում բանկերի շահութաբերությունը չափազանց ցածր է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930