Գյումրու կենտրոնական երթուղիները սպասարկող միկրոավտոբուսներում տևական ժամանակ է՝ խայտառակ իրավիճակ է․ անընդմեջ դժգոհություններ ու մտահոգություններ ենք լսում առ այն, որ այս քաղաքի տրանսպորտն իրենով կորոնավիրուսի տարածման բույն է։
Օգտվելով տրանսպորտից՝ համոզվեցինք, որ օրվա որոշակի ժամերի՝ մեծամասամբ առավոտից մինչև կեսօր, միկրոավտոբուսները երթևեկում են իրար վրա լցված ուղևորներով․ հին ավանդույթի համաձայն՝ երկու տեղանոց նստարանի վրա առնվազն 3-4 հոգով են տեղավորվում, կանգնելու տեղ ընդհանրապես չկա (Տես լուսանկարներում)։
Ի դեպ, այս իրավիճակը սկսվել է օգոստոս ամսից՝ նախքան ուսումնական հաստատություններում առաջին կուրսեցիների դասի գնալը։ Ակնհայտ է, որ տեսչական մարմինների, առավել ևս ոստիկանության ստուգումները ձևական բնույթ են կրում, վերջիններիս կողմից այս պարագայում աշխատանք չի տարվում: Եվ սա այն դեպքում, երբ մարզում կա նոր ոստիկանապետ, որը, թերևս, նոր կարգ ու կանոն պիտի մտցներ, գոնե պիտի ստիպեր պահպանել Պարետի հրահանգը։
Ի դեպ, Գյումրիում ավտոբուսներն արտակարգ իրավիճակի պայմաններում հանվել են երթուղիներից, մնացել են միայն միկրոավտոբուսները։
Կարդացեք նաև
Թե ինչու են այսպես ծանրաբեռնված աշխատում որոշ երթուղիներ սպասարկող միկրոավտոբուսներ, հնարավոր չէ՞ արդյոք նորից շահագործել մեծ ավտոբուսները, թեմայի շուրջ պարզաբանումներ կստանանք նաև Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ