Երիտասարդ գրող Վովա Արզումանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը, որը նվիրված է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի հիշատակին։ Հեղինակի էսսեները, էտյուդները, պատմվածքները, ինչպես նաև հրամանատարական կազմի և զինվորների հետ անցկացրած հարցազրույցները, որոնք կապված են հերոսի հետ, ներառված են այս գրքում ։
«Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում Վովա Արզումանյանը ներողություն խնդրեց, որ Ուրֆանյանի մայրիկը` Համեստ Ներսիսյանը չի կարողացել մասնակցել ասուլիսին: Ասաց, որ նա ծանր է տարել, երբ օրեր առաջ կրկին պղծել էին Ապրիլյան քառօրյայի հերոսներ Արմենակ Ուրֆանյանի եւ Ռոբերտ Աբաջյանի շիրմաքարերը: Աբաջյանի մայրը դիմել էր իրավապահներին եւ պահանջել գտնել մեղավորներին:
«2016 թվականի ապրիլին Արմենակ Ուրֆանյանն ինձ համար դարձավ հայրենապաշտության չափանիշ.. Իսկապես, լեգենդար էր և՛ նրա մարդ տեսակը, և՛ զինվորական ուղին »,-նշեց Վովա Արզումանյանը եւ ներկայացրեց, թե ինչպես է ծնվել Ուրֆանյանի մասին գիրք գրելու գաղափարը:
Ասաց, որ գիրքը վերնագրել է «Բանակի տղան» նկատի ունենալով այն, որ մի անգամ Արմենակն իր մայրիկին ասել էր, թե այլեւս նրա տղան չէ, այլ բանակի տղան է: Վովա Արզումանյանը նշեց, որ գիրքը լույս է տեսել հաջորդ օրը, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով` Արմենակ Ուրֆանյանն արժանացել է Արցախի հերոսի կոչման:
Կարդացեք նաև
Վովա Արզումանյանը հավելեց, որ գիրքը կտարածվի Արցախի և Հայաստանի զորամասերում, ինչպես նաև դպրոցներում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ