Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ տրամադրության առաջնեկը՝ GOOD MOOD գազավորված նռան գինի

Սեպտեմբեր 08,2020 15:52

Լավ տրամադրությունը պարզվում է՝ նռան գույն ունի եւ այն կարելի է ըմպել: Խոսքը «Սիսավան» գինու գործարանի արտադրած GOOD MOOD նռան գազավորված կիսաքաղցր գինու մասին է: Այն ներդաշնակորեն համադրվում է աղանդերի, մրգերի եւ պանրի հետ, խորհուրդ է տրվում խմել սառը վիճակում:

«Առավոտի» հետ զրույցում գործարանի համահիմնադիր եւ համասեփականատեր Կամո Ավետիսյանի խոսքով, սա նոր մշակույթ է տարածաշրջանի գինու շուկայում եւ գինեգործական ավանդույթներ ունեցող Հայաստանում:

Գործարանը հիմնադրվել է 2002թ., իսկ 2006 թվականից հիմնականում կոնյակի և կոնյակի սպիրտի արտադրություն է իրականացվել:

«2020-ին որոշեցինք անցնել գինու, «դրսից» ներկրեցինք համապատասխան սարքավորումները, հոսքային գիծը, եւ սկսեցինք գինու արտադրությունը՝ ալյումինե տարաներով: Սա ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում առաջին՝ տարաներով գազավորված գինիների արտադրությունն է: Առայժմ արտադրում ենք նռան գինի, հետագայում կլինի նաեւ մոշ, բալ եւ ծիրան»,-ասում է Կամո Ավետիսյանը:

Նա հայտնեց, որ արդեն գինին վաճառվում է տեղական շուկայում եւ Ռուսաստանի Դաշնությունում, պատվերներ ունեն ԱՄՆ-ից, Չինաստանից, ինչը նշանակում է, որ ծավալները կմեծացնեն: Առաջին արտադրանքը բաց է թողնվել հուլիսին, իսկ օգոստոսի 20-ից՝ արդեն գինին կարելի է ձեռք բերել Հայաստանում:

Հայաստանում յուրահատուկ այս գինին վաճառվում է GOOD MOOD ապրանքանիշով, իսկ ՌԴ-ում՝ AYREN: «Սիսավանի» նռան գազավորված գինին, որ 250մլ տարաներով է, ունի 9% թնդություն, 4,5 % շաքարայնություն: «Ով մեկ անգամ խմում է, ցանկություն է ունենում կրկին փորձելու, նաեւ տարայի առումով այն շատ պրակտիկ է ու հարմար: Բացի հաճելի համից ու գույնից, տարան էլ աչք է շոյում գրավչությամբ»,- ասում է «Սիսավան» գինու գործարանի համասեփականատերն ու վստահեցնում, որ մի 10 օր է, ինչ աշխատում են, բայց գինին արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել:

Գինին առայժմ վաճառվում է «Նոր Զովքում», առաջիկայում կլինի նաեւ այլ ցանցերում:

Հայկ Ավետիսյանը, որը զբաղվել է նորույթ հանդիսացող արտադրանքի դիզայնով՝ ասում է, որ ի սկզբանե ցանկանում էին ստանալ այնպիսի արտադրանք, որը կհետաքրքրի հատկապես երիտասարդությանը. «Դիզայնի մեջ հաշվի ենք առել այն տեսքը եւ նրբությունը, որը կգրավի երիտասարդներին, որովհետեւ կարծում ենք, որ հենց նրանք էլ մեր հիմնական սպառողն են լինելու: Ու քանի որ գինին՝ ալյումինե տարայով ոչ ստանդարտ լուծում է, դիզայնն էլ ոչ ստանդարտ լուծում էր պահանջում»:

Նա հավելեց, որ շնորհիվ նոր արտադրանքի ու արտասահմանից ներմուծված հոսքագծի՝ նոր աշխատատեղեր են բացվել:

Կամո Ավետիսյանը հայտնեց, որ ներկայումս ամսական 150000 տարա են արտադրում, մինչեւ ամսվա վերջ այդ թիվը կկրկնապատկվի, իսկ հունվարից կսկսեն 600000 եւ ավելի արտադրել, հետեւաբար կրկին նոր աշխատողների կընդգրկեն:

Նա վստահ է, որ իրենց կողմից տրված մեկնարկից եւ առաջինը նման գինի արտադրելուց հետո ալյումինե տարաներով գինու արտադրությունը Հայաստանում մեծ թափ կհավաքի, եւ այլ ընկերություններ ու գործարաններ կսկսեն իրենց օրինակով մրգային գինիներ արտադրել:

«Օրինակ, ՌԴ ոչ մի խանութում չեք տեսնի գազավորված մրգային գինի: Այս տարի մեր գինին ներկայացրել ենք Ռուսաստանում Պրոդ-էքսպո 2020-ում, բոլոր տաղավարներով շրջել եմ, որեւէ ընկերություն չէր ներկայացրել գազավորված մրգային գինի՝ այլումինե տարաներով: Օրինակ` ԱՄՆ-ում արտադրում են նման տարաներով խաղողի ոչ գազավորված գինի, իսկ մենք արտադրում ենք նռան գազավորված գինի: Կարծում ենք, որ Հայաստանում ամենաշատ վաճառվում են հենց մրգային գինիները»,-նշում է մեր զրուցակիցը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930