«Դատարանները Հայաստանում առանձին համակարգ են՝ անկախության երաշխիքներով: Դատական համակարգում կոնկրետ գործերի քննության հետ կապված արդարադատության նախարարն ունի այնքան անելիք, ինչքան, օրինակ, ֆինանսների նախարարը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա օրերս իր կարծիքն արտահայտել էր Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանն իրար միացնելու ու Գերագույն դատարան ստեղծելու մասին: Այսօր նախարարից հարցրեցին՝ կա կարծիք, որ դա արվում է՝ Հրայր Թովմասյանին առհասարակ դատարանից դուրս թողնելու համար, ինչպե՞ս կմեկնաբանեք: Բադասյանը պատասխանեց. «Գերագնահատում են… այսինքն, իրոք, այդ փաստարկը կա եւ իրոք այդ հարցն ինձ ուղղվում է: Դա զարմանալի է, որովհետեւ չկա նման մի մարդ կամ մարդկանց խումբ, ում պատճառով կամ ում չեզոքացնելու կամ չգիտեմ ինչի համար հնարավոր է կայացվի որոշում դատական մարմինները միավորելու: Դա գաղափարական որոշում է, դա սահմանադրականության ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում եւ դա ինստիտուցիոնալ ու հեռուն գնացող բարեփոխում է, որն արվում է ՀՀ քաղաքացիների համար, դատական համակարգում փոփոխությունների շարք շարունակելու միտումով եւ լուծում է ռազմավարական խնդիրներ: Անլուրջ եմ համարում նման փաստարկները»:
Պլանավորում են հոկտեմբերի վերջին արդեն ունենալ հայեցակարգ, որը կներկայացվի հանրային քննարկման:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ