Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, սպանության մեղադրանք չկա, բայց բռնության հետեւանքով տուժողները կրել են վնասներ». Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազ

Սեպտեմբեր 08,2020 15:16

Մարտի 1-ի մայր գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գլխավոր շտաբի նախկին պետ, 2008թ.-ի դրությամբ՝ Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, պաշպանության նախկին նախարար, 2008թ.-ի դրությամբ՝ ԶՈՒ ԳՇ պետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով հերթական դատական նիստում այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել գործով տուժողների եւ տուժողների իրավահաջորդների դատավարական կարգավիճակը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը որպես հիմնավորում շեշտեց՝ չկա դատավարական որեւէ փաստաթուղթ, որ «Մարտի 1»-ի մայր գործով տուժողներն այս՝ առանձնացված գործով եւս տուժող են ճանաչված. «Խնդիրը հետեւյալն է: Այս գործն առանձնացնելիս պարտադիր էր անձի կարգավիճակի վերահաստատումը՝ տուժող ճանաչվելու մասին: Այս գործն այն բարդ գործերից է, որի իրավական հարցերն այլ գործերում չկան: Որպեսզի պարզ լինի՝ ովքե՞ր են տուժողներ, իսկ ովքեր՝ ոչ, անհրաժեշտ է տուժող ճանաչվելու մասին որոշումը: Որեւէ քրեադատավարական նորմ չկա, որը կհաստատեր, որ անձը տուժող է ճանաչվում, որովհետեւ դատակոչի ենթակա է եղել որպես տուժող: Տուժողի կարգավիճակը հաստատվում է համապատասխան որոշմամբ, որում արձանագրվում է տուժող լինելու հանգամանքը, որովհետեւ գործից մաս անջատելու դեպքում անձը կարող է այլ կարգավիճակ ունենալ»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ նկատեց, որ «Մարտի 1»-ի մայր գործի նախաքննության ընթացքում տուժող է ճանաչվել 228 անձ, մինչդեռ այս գործով դատակոչի ենթակա է 102 տուժող, ու պարզ չէ, թե դատախազությունն ի՞նչ սկզբունքով է 228 անձից առանձնացրել 102-ին: «Կամ պետք է լինի զրո տուժող, կամ՝ 228 տուժող»,-համոզմունք հայտնեց Հայկ Ալումյանը:

Այս գործով մեղադրող դատախազները միջնորդության դեմ առարկեցին՝ այն համարելով առարկայազուրկ: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն ընդգծեց՝ պետք է հաշվի առնել տուժողի դատավարական կարգավիճակի նշանակությունը՝ անձի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից. «Ես հասկանում եմ, որ տուժողների դատավարական կարգավիճակի դադարեցման միջնորդությունն ուղիղ կապ ունի առաջադրված մեղադրանքում առկա բռնության հատկանիշի հետ: Որովհետեւ եթե չլինեն տուժողներ, մեղադրանքում կսկսվի վիճարկվել բռնության հատկանիշը: Եթե հակառակ կողմից նայենք, չի կարող լինել բռնության հատկանիշ՝ առանց տուժողի դատավարական կարգավիճակի, առանց այն անձի, որը ենթարկվել է բռնության, եւ ում հանդեպ տեղի ունեցած բռնությունը պատճառական կապ ունի տեղի ունեցած արարքի հետ: Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը պարունակում է բռնության հատկանիշ, եւ այդ բռնությունն առաջադրված մեղադրանքների կարեւոր բաղադրիչներից է, պատճառական կապի մեջ է գտնվում անձանց արարքների հետ: Պաշտպանները նշեցին, որ մեղադրյալները չեն մեղադրվում սպանության կամ առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու համար: Իրականում այդպես է, սպանության մեղադրանք չկա, բայց մեղադրանքում նկարագրված արարքների եւ գործադրված բռնության հետեւանքով տուժողները կրել են վնասներ: Անկախ բռնության արդյունքում առաջացած հետեւանքի եւ արարքների պատճառական կապի ուղիղ լինելուց՝ տուժողները պետք է ունենան համապատասխան դատավարական կարգավիճակ»:

Դատավոր Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերի կարծիքները, նշեց՝ ամբաստանյալները մեղադրվում են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների ենթադրյալ կատարման համար՝ զինված ուժերի, զինված քաղաքացիական անձանց ներգրավմամբ, եւ ըստ մեղադրական եզրակացության՝ զենքի, պայթուցիկ նյութերի գործադրման հետեւանքով վնաս է պատճառվել անձանց կյանքին. «Դատարանը գտնում է, որ մեղադրական եզրակացությունում ներկայացված փաստական տվյալները տվյալ փուլում բավարար են՝ անձանց՝ որպես տուժող հանդես գալու հիմքերն արձանագրելու համար: Ինչ վերաբերում է ամբաստանյալների պաշտպանների մատնանշած այն հանգամանքին, որ այս գործով տուժողները, որպես այդպիսին, տուժող ճանաչված չեն, դատարանն արձանագրում է, որ նրանք տուժող են ճանաչվել այն քրեական գործի շրջանակում, որից անջատվել է այս քրեական գործը՝ որպես մաս: Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որեւէ կարգավորում, որ քրեական գործից որպես մաս անջատվելու դեպքում «մայր» գործով որեւէ դատավարական կարգավիճակ ունեցող անձանց առնչությամբ նոր որոշում պետք է կայացվի: Հետեւաբար, պաշտպանների միջնորդությունը հիմնավոր չէ, եւ տուժողների կարգավիճակը դադարեցնելու հիմքեր չկան»:

Հավելենք, որ «Մարտի 1»-ի գործով տուժողներն այսօր նիստին ներկա չէին: Երեկ նրանք հայտարարել էին, որ բոյկոտում են նիստը՝ այն համարելով «թանկարժեք ժամավաճառություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930