Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող օտարերկրացիները պարտավոր են կորոնավիրուսի ՊՇՌ թեստ ունենալ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։
Վարչապետի խոսքով՝ այս քայլն անհրաժեշտ է ռիսկերը կառավարելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։
«Սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող օտարերկրացիները, այդ թվում նրանք, որոնք երկիր ազատ ելումուտի իրավունք են ունեցել, պարտադիր պետք է ներկայացնեն 72-ժամյա վաղեմության կորոնավիրուսի ՊՇՌ թեստ»,- մեջբերում է «Սպուտնիկը» Գախարիայի խոսքը։
Վրաստանն իր տարածք անարգել մուտքի իրավունք է տվել միայն 5 երկրի քաղաքացիների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի։ Սակայն Վրաստանի քաղաքացիները, որոնք վերադառնում են անգամ այս երկրներից, պարտավոր են ինքնամեկուսանալ։ Իսկ կարանտինի ժամկետն էլ կրճատվել է և դարձել 8 օր։
Կարդացեք նաև
Վրաստանն այս պահին իր տարածք մուտքի իրավունք է տվել ևս 13 պետության քաղաքացիների, որոնք, սակայն, նույնպես պարտավոր են պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը։ Հայաստանն այդ երկրների թվում չէ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ