ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների նախազգուշացումը «Լիդիան Արմենիա»-ին
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Ամուլսարում խրախուսել են ինչ-որ ապօրինություններ։ Հաղորդագրությանը կցված է եղել նաև սեպտեմբերի 6-ին Ամուլսարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի հանդիպման տեսանյութը՝ Ամուլսարի պաշտպանների հետ երկու դիրքում։
Նշենք, որ ՀՀ պատգամավորները երդվել են հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները։
Հավելենք, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:
Կարդացեք նաև
Հաստատենք, որ պատգամավորները կոչված են պաշտպանելու ՀՀ քաղաքացու շահը և օրենքի գերակայությունը ՀՀ-ում։
Որևէ կազմակերպություն չի կարող սպառնալ ՀՀ քաղաքացուն՝ պաշտպանելու իր կենսական շահերը, պայքարելու իր կյանքի և անվտանգության հնարավոր սպառնալիքի դեմ։
Որևէ կազմակերպություն չի կարող ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել ՀՀ Ոստիկանության նկատմամբ։
Որևէ կազմակերպություն չի կարող շահագործել ՀՀ ազգային հարստությունը՝ հաշվի չառնելով դրա բացառիկ սեփականատիրոջ՝ պետության և դրա իշխանությունը կրող ժողովրդի ցանկության հետ։
Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է իր շահերը պաշտպանել միայն օրենքին համապատասխան՝ հարգելով այլոց իրավունքներն ու ազատությունները։
Արձանագրելով վերոգրյալը՝ որպես ժողովրդի վստահության առաջնային մանդատը կրող ներկայացուցիչներ, հորդորում ենք «Լիդիան Արմենիա» ընկերությանը զերծ մնալ ՀՀ պատգամավորների աշխատանքը խեղաթյուրելու, վարկաբեկելու և դրանով խոչընդոտելու փորձերից։ Ընկերության կողմից ընտրված ստի, կեղծիքի և զրպարտության գործիքակազմը չի նպաստելու դրության բարելավմանը։
Հ․Գ. Առաջնորդվելով մեր խղճի, Հայաստանի ազգային երկարաժամկետ անվտանգության պաշտպանության և ոչ կարճաժամկետ օգուտների համոզմունքով, հայտնում ենք, որ Ամուլսարը մնալու է սար։
Գևորգ Գորգիսյան,
ՀՀ Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար
Անի Սամսոնյան
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ