Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր փոխքաղաքապետն ինչո՞ւ կենսագրականում չի նշել՝ որ պատգամավորի օգնականն է եղել

Սեպտեմբեր 08,2020 14:35

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը ավագանու այսօրվա նիստում ասաց, որ նոր փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանի հետ արդեն իսկ մի փորձություն անցել են, ինչը բարձր է գնահատում, ապա հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է՝ ինչ փուլում է Արզումանյան հասցեի վթարային շենքերի բնակիչներին բնակարանով ապահովելու հարցը: Ըստ Մարկոս Հարությունյանի, նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հեռանալուց առաջ իրեն հայտնել է, որ այդ գումարներն արդեն կան: Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ դեռ չի ուսումնասիրել եւ այս փուլում չի կարող պատասխանել:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Սաթենիկ Մկրտչյանն ասաց՝ կենսագրությունը նայելիս առավելություն է, որ նոր փոխքաղաքապետը գործնական շրջանակներից է, ապա հետաքրքրվեց՝ ո՞ր ոլորտներն է, որ կարող է թարմ աչքով տեսնել կառավարման համակարգի փոփոխություն: Ի պատասխան, Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ իր համար կարեւորագույն խնդիրներից են ներդրումային ծրագրերը, ներդրողներին Երեւանի կառավարման համակարգում ներգրավելը:

ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ ասաց, որ ծանոթացել է կենսագրությանը եւ պատգամավորը, որի օգնականն է եղել, բավականաչափ պասիվ է, որեւէ տեղ չի երեւում. «Ինչո՞վ կհամոզեք ինձ, որ դուք արժանի եք լինել փոխքաղաքապետ եւ Ազգային ժողովում կատարած աշխատանքի մասով ի՞նչ եք արել»:  Տիկին Առաքելյանը նաեւ հարցրեց՝ ինչո՞ւ կենսագրականում չի նշել ո՛ր պատգամավորի օգնականն է եղել: Պարոն Ներսիսյանն ասաց, որ ինքնակենսագրական տվյալները լրացնելիս նշվում է՝ ինչ պաշտոն ես զբաղեցրել, այլ ոչ թե՝ ում ենթակայության տակ կամ ով է եղել քո անմիջական ղեկավարը: Պարոն Ներսիսյանն ասաց, որ այն ինչ արել է ԱԺ-ում, իր հիմնական գործի հետ առնչություն չի ունեցել եւ որպես պատգամավորի օգնական՝ խորհրդատվական ծառայությունների մասով է իր ներդրումն ունեցել, փորձել է իր լուման ունենալ որեւէ օրենսդրական փոփոխություն անելիս՝ ի շահ երկրի: Ասաց նաեւ, որ ԱԺ-ում աշխատել է 4-5 ամիս եւ կարանտինային իրավիճակով պայմանավորված՝ չեն կարողացել առավել արդյունավետ նախագծերը, որոնք մշակման փուլում էին, ներկայացնեն:

Հռիփսիմե Առաքելյանը հույս հայտնեց, որ այդպիսի պասիվություն չի ցուցաբերի քաղաքապետարանում: Սերգեյ Ներսեսյանը պատասխանեց, որ իր պասիվությունը կապված է եղել կարանտինով, քանի որ չէր կարող գնալ աշխատանքի:

«Եթե երկու ամսում որեւիցե մեկը կարող է մեզ ցուցանիշներ ցույց տալ, որի արդյունքում կարող է դրոշ սարքելով իր ձեռքը պարզի՝ որ ես այս եմ արել, այս քայլերն եմ արել, ես կհպարտանամ, եւ նա ինձ համար կդառնա կուռք»,– ասաց Սերգեյ Ներսեսյանը:

Նրան ավագանու դատին ներկայացրած փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հավելեց, որ Սերգեյ Ներսիսյանն ունի վերլուծական մտածողություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930