Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոնայ′ք, տիկնա′յք, ի՞նչ արժեքային հիմքով եք ձեռնամուխ եղել սահմանադրության՝ այսպես կոչված բարեփոխումներին». Արթուր Սաքունց

Սեպտեմբեր 08,2020 14:04

«Ցավոք, մարդու իրավունքների շուրջ խոսակցությունը սահմանադրության փոփոխությունների գործընթացի շրջանակներում դեռևս կենտրոնական չէ»,- «Մեդիա կենտրոնում» «Սահմանադրության փոփոխությունների մարդու իրավունքների օրակարգը» թեմայով քննարկմանը հայտարարեց Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, հետազոտող Անահիտ Սիմոնյանը:

Նա վստահեցրեց՝ մարդու իրավունքների օրակարգը չի կարող ստվերվել որևէ այլ օրակարգով կամ այլ քննարկումների ուղղությամբ, երբ խնդիրը սահմանադրության փոփոխությունն է: Նա հայտարարեց. «Այս Սահմանադրությունը պետք է միանշանակ ուղղված լինի քաղաքական իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Այն պետք է բացառի այն խնդիրների կրկնությունը, որոնք պատճառ դարձան տարիներ շարունակ մարդու իրավունքների ոտնահարման: Սա գործընթաց է, որը պետք է ապահովի այն արժեքների վերականգնումը, որի համար տեղի է ունեցել հեղափոխությունը: Պետք է բացառի այն խնդիրների կրկնումը, որոնք պատճառ դարձան տարիների շարունակ մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումների: Մեր պահանջն է նաև, որ մարդու իրավունքների վերաբերյալ հարցերն արտացոլվեն և տեղ գտնեն հայեցակարգում: Պետք է շատ հստակ արձանագրել՝ այլևս երբևէ ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը չի կարող ծառայեցվել մարդու իրավունքների երաշխիքների նվազեցման համար: Սա պետք է հստակ քաղաքական երաշխիք լինի»:

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի ծրագրի հետազոտող Նվարդ Փիլիպոսյանը տեղեկացրեց՝ իրականացրել են ուսումնասիրություն, որտեղ ամրագրված են նաև իրենց առաջարկները: Սկզբունքային առաջարկն է երաշխիքների վերականգնումը. այն երաշխիքների, որոնք եղել են 2005-ի խմբագրությամբ Սահմանադրության մեջ և վերացվել են 2015-ի խմբագրությամբ Սահմանադրությունից: Առաջարկներից է նաև, որպեսզի հայեցակարգում ամրագրվի բովանդակային հավասարության սկզբունքը:

Փաստաբան Կարեն Թումանյանը խոսեց հստակ ձևակերպումների անհրաժեշտության մասին. «Մեզ մոտ միշտ հարց է առաջանում, եթե հստակ ձևակերպում չկա, ապա ԱԺ-ն դրույթը կմեկնաբանի հայեցողական տեսակետից, իրավունքի իրացման տեսակետից: Օրինակ՝ չէինք պլանավորել արտակարգ դրություն, որ կարող էր այսքան երկար լինել, և կիրառվեին սահմանափակումներ, որոնք Սահմանադրությունից կամ օրենքներից հեռու են, բայց իշխանությունները պետք է նաև դրան պատրաստ լինեն, որ սահմանադրական փոփոխությունները չլինեն ինքնանպատակ կամ հայեցողական»:

ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացում մասնակցայնություն, թափանցիկություն, ցավոք, չկա. «Շատ կարևոր երաշխիք է մասնակցայնությունը, որը չկա: Քաղհասարակության ներկայացուցիչները ներգրավված են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում, բայց դա այն երաշխիքը չէ, որը պետք է լինի: Այս պահին ՀՀ-ում կա՞ այն մթնոլորտը, բանավեճը, մտքերի բախումները, որոնք հիմք են տալիս մտածելու, որ ՀՀ-ում տեղի է ունենում սահմանադրական փոփոխությունների գործընթաց: Ամրագրում ենք հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքների ակնհայտ հետընթաց: Հաշվետվողականությունը ենթադրում է նաև նախագծերի մշակման, որոշումների կայացման, մտադրությունների մասին ոչ միայն հայտնել, այլև այդ գործընթացի բոլոր փուլերում անընդհատ ապահովել մասնակցայնություն, հրապարակայնություն, թափանցիկություն: Մինչև հիմա հայեցակարգ չկա: Պարոնա′յք, տիկնա′յք, ի՞նչ արժեքային հիմքով եք ձեռնամուխ եղել Սահմանադրության՝ այսպես կոչված բարեփոխումներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930