«Մեր կառույցում համախմբված են մասնագետներ, որոնք կոնկրետ իրենց ոլորտների պատասխանատու մարդիկ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ Գևորգյանը։
Նա նշեց, որ պատրաստվում են ոլորտ առ ոլորտ բարձրաձայնել իրենց նկատած խնդիրները․ «Բայց և այնպես՝ դա չէ միայն պայքարը, պայքարը միասնականության մեջ է, ժողովուրդ։ Մեր կոչը հանուն է, որ մենք միասին լինենք այսօրվանից սկսած, մենք երկար ժամանակ չունենք, ժողովո՛ւրդ հիշեք։ Երկար այս պայքարը չի շարունակվելու, մինչև արթնանաք, մինչև խելքի գաք, մինչև հասկանաք, որ ոչնչանում ենք, արդեն ոչնչացած կլինենք։ Դրա համար հիմա է պետք, ու ժամանակ չունենք, հասկացեք՝ ժամանակ չկա»։
Հարցին, թե ինչ միջոցներո՞վ են պայքարելու, Գևորգ Գևորգյանը պատասխանեց․ «Ոչ մի բան չի բացառվում, ես ուզում եմ բոլորդ լավ հասկանաք, ժողովո՛ւրդ, մենք դուրս ենք եկել պատերազմի։ Մենք ասելով՝ մենք՝ բոլորս՝ ամբողջ հայ ազգը։ Մենք հիմա պատերազմի մեջ ենք, ժողովո՛ւրդ։ Եթե նույնիսկ դուք հիմա դա չեք գիտակցում հավատացած եղեք, որ այդպես է։ 89-90 թվերին մեզ ասում էին ահաբեկիչներ, 94 թվին մեզ ասացին հերոս, իսկ հիմա նորից են մոռացության տալիս։ Չեք տեսնո՞ւմ, որ նման ձեռագրեր են, ժողովո՛ւրդ։ Չեք տեսնո՞ւմ, որ նման մոտեցումներ են։ Իսկ եթե դու պատերազմի ես դուրս եկել, պատերազմը ունի մի օրենք՝ հաղթել։ Իհարկե՛, արժանապատիվ հաղթանակը մեր ազգի տեսակն է։ Մենք դուրս ենք եկել պատերազմի՝ հաղթելու ու ոչ թե մեր ներսի անհատներին՝ անկախ իրենց ով լինելուց, որովհետև հավատացած եղեք՝ ներսում մենք չունենք թշնամիներ մեզ համար։ Մերոնցից թշնամի չունենք։ Թշնամին այդ մարդկանցով կարողանում է կառավարի, ղեկավարի, առաջնորդի, ուղղորդի։ Թշնամին դրսից է, որը ներթափանցել է մեր ներսը։ Պատերազմը ունի իր օրենքը՝ հաղթել, ու անկախ նրանից՝ ինչ ճանապարհով պետք լինի դուրս գալ կռվելու, մենք դուրս ենք գալու»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ