Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմ Արմենիան» եւ ՀԵՑ-ը Հայաստանից տանում են իրենց կապիտալը. Միքայել Մելքումյան

Սեպտեմբեր 08,2020 12:51

Եվ 2019-ին, եւ 2020-ի առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների հսկայական արտահոսք է եղել երկրից՝ ըստ պաշտոնական վիճակագրության: Այս մասին այսօր ահազանգ հնչեցրեց ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի ճգնաժամի տվյալները դեռեւս ամփոփված չեն:

Պատգամավորն իր ուսումնասիրություններում հայտնաբերել է, որ Վիճակագրական պետական կոմիտեն նախկինում կիսամյակային տվյալները 65 օր հետո էր հրապարակում, հիմա՝ 95 օր հետո, այն էլ ոչ թե կառավարության որոշմամբ, այլ վիճակագրության պետական ծրագրով: Միքայել Մելքումյանն այս փաստը խնդրահարույց է համարում՝ տեղեկատվության ուշացման, հաշվետվողականության խնդրի համատեքստում: Ասենք, 2019-ի առաջին կիսամյակն ավարտվել է հուլիսի 1-ին, բայց ամփոփ տվյալները կտրամադրվեն հոկտեմբերի առաջին տասնօրյակում:

Վերադառնալով կապիտալի արտահոսքին, Միքայել Մելքումյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է «Գազպրոմ Արմենիայի» եւ ՀԵՑ-ի դիվիդենտների արտահոսքին: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն անհանգստացած է, որ այդ գումարները դուրս են գալիս Հայաստանից, այն էլ նման ճգնաժամային պայմաններում, մինչդեռ դրանք պետք է մնան երկրում, որ դառնան աշխատատեղ, ներդրում: «2019-ի առաջին եռամսյակում ընդհանուր ներդրումները եղել են -90 միլիարդ, ուղղակի ներդրումների արտահոսքը՝ 20 միլիարդից ավելի: ԿԲ-ն այստեղ անելիք ունի՞, թե՞ ոչ: Մարդիկ վճարում են գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց եւ այդ գումարները գնում են դուրս: Սա դրական չէ, քանի որ ներդրումների ծավալը սպասվածից քիչ է ստացվում»,- ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին դիմեց Միքայել Մելքումյանը:

Վերջինս պարզաբանեց, որ մասնավոր ընկերությունների գործունեության մասով ԿԲ-ն որեւէ լիազորություն չունի:

Պատգամավորը շարունակեց՝ խոսքը վերաբերում է ոչ օֆշորային ընկերություններին եւ խնդիր է, որ ճգնաժամի պայմաններում հանրապետությունից միլիարդներ են գնում: Միքայել Մելքումյանի կարծիքով՝ հարցը էկոնոմիկայի նախարարությանը եւ կառավարությանը պետք է խիստ մտահոգի: Ինքը պատրաստվում է այս խնդիրը ԱԺ լիագումար նիստերում էլ հնչեցնել ու հետեւողական լինել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930