Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվեց «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» հարցը:
2014 թվականի դեկտեմբերի 23-ին Բելառուսի հանրապետության, Ղազախստանի հանրապետության եւ Ռուսաստանի դաշնության կառավարությունների եւ կենտրոնական (ազգային) բանկերի միջեւ կնքվել է «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական ոլորտներում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման» մասին համաձայնագիրը: Համաձայնագրի նպատակն է` համակարգել եւ ընդլայնել ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկան վերահսկող մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման գործընթացը: Համաձայնագիրը սահմանում է այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է հրապարակվի վերահսկող մարմինների ինտերնետային կայքերում, ինչպես նաեւ այն տեղեկատվության շրջանակը, որը պետք է տրամադրվի հարցում կատարող անդամ պետության վերահսկող մարմնին` որոշակի պայմանների բավարարման դեպքում:
Հայաստանի հանրապետությունը չորրորդ պետությունն է, որը միանում է համաձայնագրին: Համաձայնագիրը վերաբերվում է նաեւ գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանակմանը: Հարցի հիմնական զեկուցող ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն ասաց, որ տվյալները բացառապես վերահսկման նպատակներով են օգտագործվելու, հնարավոր արտահոսքի պարագայում վերահսկող մարմինը՝ տվյալ դեպքում ԿԲ-ն, իսկ Բելառուսում ֆինանսների նախարարությունը, պատասխանատվության կենթարկվի՝ տվյալ երկրում նախատեսված կարգով:
Իշխող ուժի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին հետաքրքրում էր՝ այս համաձայնագիրը հնարավորություն տալո՞ւ է տեղեկություններ ստանալ ՀՀ այն քաղաքացիների ֆինանսական կարողությունների մասին, ովքեր զանազան քրեական գործերով են անցնում եւ այդ ընթացքում անհրաժեշտություն է առաջանում նրանց ֆինանսական հնարավորությունների մասին առավել լայն տեղեկատվություն ստանալու:
Կարդացեք նաև
ԿԲ նախագահի տեղակալը մանրամասնեց՝ այդ գործառույթը իրավապահներինն է, միջազգային տիրույթում էլ կան համապատասխան հարթակներ, որոնք կարգավորում են այդ հարաբերությունները:
Պատգամավորը շարունակեց՝ կան երկրներ, որոնց Բանկային գաղտնիքի մասին օրենսդրությամբ, արգելվում է համապատասխան ինֆորմացիայի տրամադրումը: Այս համաձայնագիրը կարո՞ղ է նման հարաբերությունները կարգավորել:
ԿԲ նախագահի տեղակալը հստակեցրեց՝ ոչ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ