Երևանի պետական համալսարանում այս տարի էականորեն նվազել են տարբեր ֆակուլտետներին հատկացված տեղերը, hետևաբար նաև՝ դասախոսների ժամաքանակները: Նախորդ տարվա համեմատ դրանք պակասել են 512-ով։ Տնտեսագիտական ֆակուլտետին 52 տեղ քիչ է հատկացվել, հայոց լեզվի և գրականության, անգլերենի, գերմաներենի և հաղորդակցության ֆակուլտետներում կրճատումը տեղի է ունեցել 50-ական տեղերի չափով։ Նախօրեին ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն իր ասուլիսի ժամանակ ընդունելության տեղերի կրճատման մասին խոսելիս նշել էր, որ նախաձեռնվել է իրատեսական պլանավորում, որպեսզի լինի որակյալ ընդունելություն։
«Ժամանակ»-ի հետ զրույցում ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանը նախ նշեց՝ առաջիկայում կերևա, թե ինչքանով են որակյալ ուսանողներ ընդունվել։
Համալսարանի դասախոսի խոսքով՝ ժամաքանակի կրճատումը բերում է ամբիոնում դասախոսների աշխատավարձերի կրճատման։ Մեր զրուցակիցը դժվարացավ ասել, թե ինչքանով այդ կրճատումը կհանգեցնի դժգոհության դասախոսների շրջանում, սակայն, Գալստյանի խոսքով, ոչ մի դասախոսի համար հաճելի չէ աշխատավարձի կրճատումը։ «Օրինակը բերեմ ինձ վրա։ Ես ԵՊՀ դոցենտ եմ։ Դոցենտի կես դրույքը ենթադրում է, որ ես տարեկան համալսարանում պետք է 350-ին մոտ ժամ ունենամ։ Հետևաբար պակասում են ամբիոնային ընդհանուր ժամերը ու աշխատավարձը։ Բայց ոչ թե որպես դոցենտ իմ աշխատավարձը կարող է պակասել։ Ես դժվարանում եմ ասել՝ դա բողոքի ալիք կբարձրացնի՞, թե՞ ոչ։ Բայց եթե մարդու ժամաքանակը պակասում է, ու մարդը վարձատրվում է ըստ այդ ժամաքանակի, բնականաբար որևէ դասախոս չի կարող ուրախ լինել, որ իր ծանրաբեռնվածությունը պակասել է։ Որքանով դա կդրսևորվի որպես դժգոհություն, դա էլ չեմ կարող ասել»,- շեշտեց Արշալույս Գալստյանը։
Քրիստինա ԱՂԱԼԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: