Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախկիններին փոխեցինք՝ հույս ունենալով, որ ներկաները լավ մարդիկ են, բայց տեսնում ենք, որ այդ լավ մարդիկ չեն կարողանում արդյունավետ ու էֆեկտիվ կառավարում իրականացնել». Բենիամին Մաթևոսյան. «Փաստ»

Սեպտեմբեր 08,2020 11:30

Երկրում բազում չլուծված խնդիրներ կան, որոնց թվում՝ առողջապահական, ինչպես նաև համաճարակի տնտեսական հետևանքները մեղմելու հարցերն են: Ընդհանուր առմամբ, սրանք խնդիրներ են, որոնք ոչ միայն թեժ աշուն, այլև թեժ ամառ, թեժ ձմեռ և, ընդհանրապես, թեժ քաղաքական գործընթացներ պետք է ապահովեն: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի դիտարկումն է, որի հետ զրույցում անդրադարձել ենք ներքաղաքական որոշ հարցերի, խոսել նաև իշխանության, ինչպես նաև ընդդիմության դիրքերի ու քաղաքական դաշտի հնարավոր ակտիվացման մասին:

«Քանի որ իշխանությունը չունի ձևավորված հզոր ընդդիմություն, որը կարող է իր օրակարգը թելադրել իշխանություններին, վերահսկել իրենց գործողությունները, այս իշխանությունը սխալը սխալի հետևից է կատարում: Այս պարագայում ընդդիմության գործողությունները պետք է առաջին հերթին բխեն ոչ թե անձնական ինչ-որ հարցեր լուծելու, այլ երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում տալու տրամաբանությունից: Մի կողմից էլ ընդդիմությունն իր համար կոմֆորտ պայմաններում է, որոշակի խաղի կանոններ են հաստատել. տեսնում են, որ իշխանությունը սխալներ է գործում, բայց ընդամենը քննադատում են իշխանություններին:

Այսպես ասենք՝ մի կողմից «սև», մյուս կողմից՝ «սպիտակ», բայց այս ամենի մեջտեղում տնտեսական, սոցիալական, առողջապահական խնդիրներ են ի հայտ գալիս: Ճիշտ է, այդ խնդիրները լուծելն առաջին հերթին իշխանության պատասխանատվության տակ է, բայց ընդդիմությունն էլ պարտավոր է այլընտրանքներ առաջարկել հասարակությանը, որովհետև հասարակության մոտ կարող է առաջանալ հետևյալ տրամաբանական հարցը. «Մենք նախկիններին փոխեցինք՝ հույս ունենալով, որ ներկաները լավ մարդիկ են, բայց տեսնում ենք, որ այդ լավ մարդիկ չեն կարողանում արդյունավետ ու էֆեկտիվ կառավարում իրականացնել: Իսկ դուք ի՞նչ եք առաջարկում»»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց քաղաքագետը՝ շեշտելով, որ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտն իրականում ամայացել էր՝ ամեն ինչ, այսպես ասած, միաձուլվել էր մեկ մարդու մեջ: «Բայց քաղաքական դաշտի առողջացման գործընթացը պետք է նպաստի, որ ինստիտուցիոնալ կառույցներ ի հայտ գան, իշխանությունը պետք է արդեն հաշվետու դառնա, և այստեղ շատ կարևոր է, թե ինչ է անելու ընդդիմությունը:

Բայց քանի որ մինչ այս պահը ընդդիմությունը հստակ չի ձևավորվել, իշխանությունը շատ հարմարավետ պայմաններում է իրեն զգում: Խոսքը պարզապես մի ֆորմատի անհրաժեշտության մասին է, ըստ որի՝ հասարակությանը պարզ կդառնա, թե որն է այլընտրանքային թիմը, այլընտրանքային ծրագիրը: Մեզ մոտ շատ քիչ կենտրոններ կան, որոնք և՛ քննադատում են իշխանություններին, և՛ այլընտրանք են առաջարկում: Եվ բնական է, որ այս պարագայում իշխանությունը ձեռքերը ծալած չի նստում, ինչը նաև տրամաբանական է:

Ունեն իշխանություն, որոշակի դիրք և իրենք ցանկացած մեթոդ փորձելու են կիրառել՝ թույլ չտալու, որ ընդդիմադիր դաշտը հստակ ձևավորում ստանա, ընդդիմությունը հզորանա, ընդդիմությունը գաղափարական և ծրագրային այլընտրանքներ առաջարկի: Սա խաղի կանոն է, և այդ խաղի կանոնների շրջանակում պետք է կարողանալ ավելի ուժեղ լինել: Ցանկացած ուժ այդ խաղի մեջ մտնելուց առաջ պետք է գիտակցի, թե ինչի առջև է կանգնելու ու պետք է պատրաստ լինի համապատասխան հակահարվածներ հասցնել օրենքի և տրամաբանության շրջանակներում: Քաղաքական պայքարի և այդ պայքարի բոլոր ընդունելի, օրինական մեթոդներով պետք է փորձել կանխել իշխանությունների՝ իր դեմ ուղղված սադրանքները:

Պետք է պատրաստ լինել թե՛ քաղաքական, թե՛ իրավական դաշտում ջախջախել իշխանությունների ցանկացած փաստարկ»,ասաց Բ. Մաթևոսյանը: Նա շեշտեց՝ նախկին քաղաքական իրողությունները Հայաստանում այսօր գոյություն չունեն, ինչը պետք է գիտակցի ընդդիմությունը: «Նախկինում իշխանություններն ունեին ցածր լեգիտիմություն, և բավարար էր միայն հանրահավաքի դուրս գալ ու ասել՝ իշխանությունները կոռումպացված են, մեզ ընտրեք, ու ամեն ինչ լավ կլինի, ու ժողովրդի մի մասը գնում էր այդ ընտրության հետևից: Այսօր իրողությունն այլ է: Իհարկե, չենք կարող համեմատել 2018 թվականի վարկանիշի հետ, բայց Ն. Փաշինյանը և իր իշխանությունը լեգիտիմություն ունեն:

Եվ այս պայմաններում ընդդիմությունը հասարակությանը պարտավոր է այլընտրանքային ծրագիր ներկայացնել. այսինքն, եթե վաղը գալիս են իշխանության՝ կես կամ մեկ տարի հետո ի՞նչ է լինելու: Մինչ այս պահը այս հարցի պատասխանը չի ձևակերպվել: Իսկ հույսը դնել նրա վրա, որ կարող ես միայն ասել իշխանությունը վատն է, մենք գանք՝ ամեն ինչ լավ կլինի, ճիշտ մարտավարություն չէ: Բացի այդ, նկատենք, որ 2018 թվականին նույն տրամաբանությամբ մարդիկ գնացին Ն. Փաշինյանի հետևից ու ոչինչ լավ չեղավ: Երկրորդ՝ վերջիվերջո պետության հետ գործ ունենք՝ չենք կարող անվերջ էքսպերիմենտների առջև կանգնեցնել մեր պետությանը: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պատասխանատվության շատ մեծ բաժին են կրում երկրի ապագայի և զարգացման համար»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930