Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք ցույց չի անում՝ «Хотим в Армению»

Սեպտեմբեր 08,2020 10:00

Մեր հայրենակիցների մի խումբ վերջին օրերին ցույցեր է անում՝ պահանջելով, որ իրենց թողնեն Ռուսաստան գնալ: Նրանց մի մասը, ենթադրաբար, միայն Հայաստանի քաղաքացիներ են, մի մասը՝ երկքաղաքացիներ, ոմանք էլ գուցե միայն ՌԴ քաղաքացիություն ունեն:

Պարզ չէ, թե ինչ են նրանք ակնկալում Հայաստանի խորհրդարանից եւ կառավարությունից: Ոմանք, կարծես թե, ուզում են իրենց անձնական մեքենայով գնալ Ռուսաստան, եւ այդ դեպքում նրանք պետք է սպասեն, մինչեւ Վրաստանը իրենց համար բացի սահմանը: Ոմանք էլ չեն կարողանում Ռուսաստան հասնել անգամ ինքնաթիռով, քանի որ այդ երկրի իշխանությունները կարանտին են սահմանել:

Պահանջն, ըստ ամենայնի, այն է, որ մեր արտգործնախարարությունը բանակցի Ռուսաստանի եւ Վրաստանի համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի այդ երկրների իշխանությունները բացառություն անեն հայերի համար եւ այդ հարցում վերացնեն կարանտինային սահմանափակումները: Ինձ կասկածելի է թվում, որ եթե նույնիսկ նման բանակցություններ տեղի ունենան, որեւէ երկրի իշխանություն համաձայնի հրաժարվել իր հակահամաճարակային քաղաքականությունից:

Բայց ընթերցողի ուշադրությունն ուզում եմ հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա. որքան գիտեմ, Մոսկվայում, Կրասնոդարում կամ Գլենդեյլում հայաստանցիները ցույցեր չեն անում «ուզում ենք Հայաստան վերադառնալ» կարգախոսով: Անգամ նրանք, ովքեր միայն ՀՀ քաղաքացիություն ունեն, գերադասում են (երբեմն կասկածելի իրավական հիմունքներով) մնալ այնտեղ, որտեղ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում կա աշխատանքի հեռանկար եւ երեխաների համար քիչ թե շատ հասկանալի ապագա: Մինչդեռ երկուսուկես տարի առաջ այդ մարդկանցից շատերը հուզառատ հայրենասիրական գրառումներ էին անում սոցցանցերում՝ հավաստիացնելով, որ նրանք հայրենիք չեն վերադառնում «միայն Սերժի պատճառով»: Պարզվում է, պատճառներն այնքան էլ «ռոմանտիկ» չեն, ավելի նյութական են, եւ, իհարկե, ոչ մեկի լեզուն, հավանաբար, չի պտտվի՝ նրանց կշտամբելու, թե ինչու ամեն ինչ չեն թողնում, որ գան Հայաստան: Ճիշտ այդպես էլ ես չեմ կարող մեղադրել այն մարդկանց, որոնք ուզում են Ռուսաստան վերադառնալ. պարզապես նրանք պետք է հասկանան, որ Հայաստան պետությունը նրանց չի կարող որեւէ բանով օգնել:

Արեւմտյան առաջատար բուհերի մի խումբ հայ շրջանավարտներ համաձայնել են իրենց internship-ը, այսպես ասած՝ ստաժավորումն անցնել Հայաստանի պետական հիմնարկներում: Սկզբունքորեն դա ճիշտ նախաձեռնություն է, եւ շնորհակալություն հայտնենք այդ երիտասարդների ծնողներին, այնտեղի հայկական կազմակերպություններին, որ կարողացել են այդ սերնդի մարդկանց մեջ վառ պահել ազգային զգացմունքները: Հուսանք, որ ստաժավորման ավարտից հետո էլ նրանք, վերադառնալով իրենց երկրները, կապեր կպահպանեն հայրենիքի հետ: Բայց դա միջոցառում է Հայաստան-Սփյուռք կապերի շրջանակներում, եւ ներգաղթի, հայաստանցիների վերադարձի հետ կապ չունի:

Իսկ հայաստանցինե՞րը… Շատերն, իհարկե, չեն գոռում՝ «Хотим в Россию», բայց իրականում այդպիսի ցանկություն ունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Լավ կլիներ պատճառը գտնել և ցույց տալ, թե ինչու է հանրապետության բնակչության թիվը վերջին երեսուն տարիների ընթացքում նվազում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930