Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդեւանյան. Սասնա Ծռերի գործը եւս քննվում է երկար տարիներ՝ արդյոք այդ գործով եւս տուժողների նշած խնդիրն առկա՞ է. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 08,2020 09:30

Ասուլիսի ժամանակ տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ իրենք դադարեցնում են իրենց ֆիզիկական մասնակցությունը Մարտի 1-ի գործով դատական նիստերին, որոնք, տուժող կողմի բնորոշմամբ, դարձել են թանկարժեք ժամավաճառություն:

Արամ Վարդեւանյանը դժվարացավ այդ հայտարարությունները դիտարկել օբյեկտիվ դաշտում՝ ասելով, որ անցնող 1.5 տարվա ընթացքում եղել են շատ կոնկրետ շրջաններ, երբ դատական նիստերը չեն կայացել իրենցից անկախ հանգամանքներում, եւ այդ ժամանակ մեղադրանքի կամ տուժող կողմերը որեւէ քննադատություն չեն հնչեցրել: Ըստ պաշտպանի՝ այդպիսի շրջան էր, օրինակ, երբ քրեական գործը դատավոր Դավիթ Գրիգորյանից վերամակագրվեց դատավոր Աննա Դանիբեկյանին, երբ Դանիբեկյանը Արդարադատության ակադեմիայում վերապատրաստում անցավ, արձակուրդ մեկնեց եւ այլն: Վարդեւանյանի կարծիքով՝ շատ հավանական է, որ դրանց չլինելու դեպքում իրենք արդեն իսկ անցած լինեին դատաքննության:

Դիտարկմանը, որ տուժողների դժգոհությունը ոչ միայն նիստերի ձգձգման դեմ է, այլեւ նրա, որ քննարկվում են ոչ թե բուն գործի վերաբերյալ հարցեր, այլ՝ տեսական իրավաբանության, պաշտպանն արձագանքեց. «Չի կարող լինել մի իրավիճակ, երբ պաշտպանական կողմի ներկայացուցիչները չկարողանան միջնորդություններ ներկայացնել, նույնիսկ երբ դատախազները միջնորդություն ներկայացրին՝ մեզ միջնորդություններ ներկայացնելուց զրկելու վերաբերյալ, ես չզլացա եւ առարկություն ներկայացրի՝ ներառելով միջազգային փորձը. չկա մի երկիր, որտեղ կարող են պաշտպաններին զրկել միջնորդություններ ներկայացնելուց, իրավունքի չարաշահում կոչվածը վերաբերում է այն իրավիճակին, երբ փաստաբանը պնդում է, որ իրեն տրամադրվի հավելյալ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար, իսկ ես, օրինակ, ներգրավվել եմ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին եւ նույնիսկ մեկ օր չեմ խնդրել ծանոթացման համար այն պարագայում, երբ գործընկերներիս երկու ամիս ժամանակ էր տրվել»:

Վարդեւանյանը համեմատական անցկացրեց նաեւ հանրային հնչեղություն ունեցող մեկ այլ գործի՝ Սասնա Ծռերի վերաբերյալ գործի հետ՝ շեշտելով, որ այն եւս քննվում է երկար տարիներ, եւ հարց բարձրացնելով՝ արդյո՞ք այդ գործով եւս տուժողների նշած խնդիրն առկա է. «Դրանից բացի, եթե մասնագետ չես, կարող ես ցանկացած գնահատական տալ, բայց եթե մենք խոսում ենք դատարանում գտնվող գործի մասին, պետք է խոսենք իրավական կառուցակարգերից»,- ասաց նա:

Հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ որոշ առումով շեղվել են բուն գործի քննությունից, Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Գրեթե բոլոր հարցերը, որ ներկայացրել ենք, վերաբերել են բուն գործին, ամենածավալունը, օրինակ,  քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունն էր, որտեղ մենք համեմատական էինք անցկացնում 7-ի գործի հետ եւ այդ գործի շրջանակում արդեն իսկ առկա իրավակիրառ պրակտիկայի հետ, այս պայմաններում ինչպե՞ս դա կարճ քննարկենք, մենք խոսել ենք կոնկրետ գործից, դա համեմատել ենք մեկ այլ գործի հետ, եւ սա որպես շեղում դիտարկել ուղղակի հնարավոր չէ»:

Վարդեւանյանի խոսքով՝ միջնորդություններն արդեն իրենց ավարտին են մոտենում, եւ իր համար զարմանալի է, որ տուժողներն այսպիսի գնահատական հնչում են այն ժամանակ, երբ իրենք միջնորդություն են ներկայացրել այն մասին, որ  իրենց վերաբերյալ գործով տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձ լինել չի կարող. «Ի սկզբանե, մենք գտնում էինք, որ սույն գործով տուժողի կարգավիճակ ունեցող անձ չի կարող լինել՝ հաշվի առնելով սահմանադրական կարգը տապալելու հանցակազմի հատկանիշները, մեր դիրքորոշումն էր ի սկզբանե նաեւ այն, որ անհասկանալի է, թե ինչպես է որոշվել տուժողների հենց այս կազմը, որը մասնակցում է դատական նիստին, եւ պատահական չէ, որ վերջերս մենք այս հարցը բարձրաձայնել ենք դատական նիստի ընթացքում՝ համապատասխան միջնորդությամբ, որը դեռ քննության փուլում է, եւ վերջին անգամ հետաձգվել էր, քանի որ պարոն Եգորյանը դատական նիստի ընթացքում լքել էր դահլիճը»:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930