Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԿԳՄՍՆ-ի դիմաց «Կամք» շարժման նախաձեռնությամբ հանրահավաք էր, երթ եւ բողոքի ցույց: Ցուցարարները պահանջում էին նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Հանրահավաքին ելույթ ունեցավ վաստակավոր արտիստ, դերասան Արտաշես Ալեքսանյանը. «Երկար ու ձիգ տարիներ, դարեր շարունակ մեր ազգին տարել են դեպի ոչնչացում, հայրենիքը հիմնահատակ կործանման, իսկ պետությունը՝ իսպառ ոչնչացման: Ի՞նչ են անում: Ասեմ ինչ են անում՝ հռչակագիր են խախտում, Արցախի խնդիր են վաճառում, արժեհամակարգ ոչնչացնում, սերունդների ապագան ու հավատը գողանում, եկեղեցին ոտնահարում, հերոսներին արժեզրկում, արտաքին հարաբերություններ վատթարացնում, երկրի ընդերք են վաճառում, վկա՝ Ամուլսարը:
Կարդացեք նաև
Ավանդական ընտանիքներ են արժեզրկում, օրենքով բյուջե են թալանում, գյուղացուն անտեսում, հասարակությունը պառակտում, գործազրկությունն ավելացնում, կոնվենցիաներ ընդունում, արտագաղթն ավելացնում…էլ որն ասեմ, էլ որը: Ավաղ, այսպիսի «հաղթանակները» դարձան արցախյան պատերազմի հաղթանակներից ավելի կարեւորը: Եվ այս հեղափոխությո՞ւնն էր ավելի կարեւոր, քան արցախյան ազատամարտը, որտեղ զոհվեցին մեր հայրերն ու եղբայրները, մարտիրոսվեցին ու սրբացան մեր մայրերն ու քույրերը: Նրանք զոհվեցին հանուն ոչնչի՞: Ովքեր որ հանձն վերցրեցին հային տանել դեպի ոչնչացում, ես ասում եմ նրանց՝ դուք իրավունք չունեք մարդ կոչվելու, մենք էլ իրավունք չունենք ձեզ երկիր տալու»:
Նա ասաց, որ իրենց այս պայքարը, այս ուղին նոր Մայիսի 28-ի ուղին է:
Արտաշես Ալեքսանյանի եւ հանրահավաքի մյուս մասնակիցների ելույթները՝ շուտով տեսանյութերում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ