Տեսեք ինչպիսի գործերով են այլասերում, փչացնում մեր մատաղ սերնդին. «Հայրիկը սկսում է ոռնալ: Մենք վազում ենք օգնության, պառկեցնում մահճակալին…. սավանից սպիրտի հոտ է փչում, սիրտը դուրս է թռչում կրծքավանդակից…Հայրիկը մեջքով կանգնած է: Չի զգում, որ ներսում եմ: Քսան լիտրանոց օղու շիշը դրել է բերանին ու խմում է: Կանգնած եմ: Երբ վերջապես շրջվում ու տեսնում է ինձ, միանգամից հարբում է: Արտասվում է: Մամայիդ չասես, խնդրում եմ: Ինչ ուզես` քեզ կառնեմ…Մայրիկը ծեծում է հորս, ինձ անվանում է ագահ ու պիղծ` մեկ շիշ կոլայով ծախված կենդանի: Հայրիկը տրուսիկի միջից ճմրթված 1000 դրամանոց է հանում»:
Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքից այս մեջբերումն այսօր արեցին ԿԳՄՍՆ-ի դիմաց բողոքի ցույցի ժամանակ: Ցուցարարները պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Կարդացեք նաև
Ցուցարարներն ընթերցում էին հատվածներ այն գործերից, որոնք պետք է մատուցվեն դպրոցականներին, մասնավորապես, Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը». «Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր.․․Իմ լացն էլ է գալիս… Հաստաբունս գրկել եմ ու չեմ հասկանում՝ հեքիաթ էր, կյանք էր, երազ էր, թե՞ գրականություն․․․ Մտածում եմ՝ տեր իմ Աստված Հովհաննես Թումանյան, ես իմ ծառի ծերին եմ, հրես ուրախությունից կմեռնեմ ու կլինի Կիկոսի երկրորդ մահը։ Բա դա՞ ով կգրի»:
Ցույցի նախաձեռնող «Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանն իր ելույթում ասաց. «Արայիկ, դու պետք է հեռանաս ու ինչքան շուտ գիտակցես այս պարզ ճշմարտությունը, այնքան լավ բոլորիս»:
Չախալյանը հայտարարեց, որ նախորդ իրենց ցույցի մասնակիցներին մեկ առ մեկ կանչել են ու կաշառել կամ եթե կաշառել բառը կոպիտ է, բավարարել պահանջները, այնպես արել, որ այսօր չմիանան բողոք ցույցին. «Հասկացեք, ժողովուրդը չի ուզում, որ ձեր ազգադավ չափորոշիչները կյանքի կոչվեն: Կարող է ինչ-որ ձեւ այնպես անեք, որ մենք չհասնենք հրապարակ, բայց դրանով մեր պահանջը չի վերանալու: Արայիկ, դու պետք է հիշես, որ ժողովրդի ձայնով ես դարձել նախարար ու այսօր այդ նույն ժողովուրդը պահանջում է, որ հեռանաս: Հեռացի՛ր, հանուն մեր երեխաների»:
Չախալյանը կարդաց «Կամք» նախաձեռնության հայտարարություն-պահանջը:
Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ