Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հունաստանի հավատարմագիրն ու Բաքվի սպառնալիքը

Սեպտեմբեր 07,2020 23:33

Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունն արժանացել էր Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ-ների ջղաձգային արձագանքին:

Քաղաքական ընկալումով գուցե օրինաչափ կլիներ Անկարայի արձագանքը․ ի վերջո Երեւանը զորակցում էր Հունաստանին եւ Կիպրոսին՝ երկու պետությունների ուղղությամբ Թուրքիայի ոտնձգությունների դեմ։ Բայց արդեն պարզ է, որ նման յուրաքանչյուր հայտարարության, այսուհետև միանալու է ածանցյալ Բաքվի հակազդեցությունը։Սակայն Բաքուն սրանով չէր բավարարվելու։

Հունաստանի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը Հայաստանին անվանել է «բռնազավթող երկիր» և պնդել, որ Երևանը անտեսում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Նա ասել է, որ երկու տարի առաջ Եվրամիությունն ու Ադրբեջանը ստորագրել են «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը,  և Եվրամիությունը պարտավորվում է աջակցել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանության և անվտանգության պահպանմանը:

Ադրբեջանի նախագահը նաև կրկնել է իր պնդումը՝ Տավուշի մարզում Բաքվի և Երևանի վերջին բախումներից հետո Ռուսաստանի կողմից  բեռնատար ռուսական ինքնաթիռներով Հայաստանին զենք  մատակարարելու հարցը և հավելել է. «Ցանկացած երկրի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը մտահոգիչ է մեզ համար: Սա մեծ սպառնալիք է Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանն օգտագործում է այդ զենքը մեր ռազմական և քաղաքացիական ուժերին սպանելու համար»։

Լրատվության բովանդակությունն ավելի խոսում է երկու երկրների միջեւ ծագած դիվանագիտական տագնապի, քան հավատարմագիր ընդունելու արարողակարգային հանդիպման մասին։ Հավատարմագրեր ընդունելիս երկրի ղեկավարները ընդհանրապես խոսում են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող կապերը սերտացնելու, հարաբերությունները զարգացնելու հեռանկարներին մասին։

Այստեղ կարգը գլխիվայր շրջվել է։ Այն տպավորությունն է ստացվում, որ նորանշանակ դեսպանը կանչվել է համապատասխան գերատեսչություն բացատրություն տալու քաղաքական այնպիսի գործընթացների մասին, ինչը խոցել է Ադրբեջանի արժանապատվությունը։

Ավելին․  դիվանագիտորեն որքա՞ն ընկալելի է, որ հավատարմագիր ընդունող  կողմը սուր ակնարկություններ անի երրորդ եւ չորրորդ պետությունների ուղղությամբ։ Այստեղ թե՛ Հայաստանի Հանրապետությունն է մեղադրվում իբրեւ «բռնազավթող» կողմ, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը իբրեւ բռնազավթողին զինտեխնիկայով սպառազինող եւ ադրբեջանցիներին միջնորդավորված «սպանող» կողմ։

Ավելին․ այստեղ կա չբարձրաձայնվող պարզ ուղերձ։ Բաքուն զգուշացնում է Աթենքին, Ռուսաստանի օրինակը հուշելով, որ ցանկացած երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետ ռազմական գործակցությունը մտահոգիչ է Բաքվի համար եւ սպառնալիք։

Այսքան պարզ․  Հունաստանը սպառնալիք է Ադրբեջանի համար․  սա է ասում Ալիեւը՝ իրեն հավատարմագիր հանձնելու եկած Հունաստանի դեսպանին։

Իսրայելը զինում է Ադրբեջանին։ Ապրիլյան պատերազմին իսրայելյան ԱԹՍ-երը խփեցին հայ անզեն բնակչությանը։ Իսրայելի դեսպանի հավատարմագիր հանձնելու արարողակարգին չհնչեցին նման մեղադրանքներ։ Երեւանը հարգեց միջազգային օրինաչափություններն ու արարողակարգային ընթացակարգերը։ Պատեհ առիթին, պաշտոնական Երեւանը արձագանքեց այդ մասին՝ մատնանշելով իսրայելյան ռազմական օժանդակության անընդունելիությունը։

Միջազգային ընտանիքը անպայման կնկատի այս տարբերությունները։ Այլ հարց է՝ կարձագանգի՞, թե՞ ոչ։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ                            

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930