Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերի իր միկրոբլուկում ցավակցական ուղերձ է հղել անվանի չեխ լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Խոր ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է չեխ իրավաբան, անվանի լրագրող Դանա Մազալովան:
Արցախյան ազատագրական պայքարի տարիներին բազմիցս այցելելով Հայաստան և Արցախ՝ Դանա Մազալովան լուսաբանել և հետևողականորեն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, միջազգային տարբեր հեղինակավոր հարթակներում օբյեկտիվ ու հավաստի տեղեկություններ հաղորդել Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Կարդացեք նաև
Անկախ դժվարություններից և վտանգներից, որոնց պակասը չի եղել թե° պատերազմական գործողությունների ժամանակ և թե° հետպատերազմյան շրջանում՝ Դանա Մազալովան միշտ աչքի է ընկել իսկական լրագրողին բնորոշ լավագույն հատկանիշներով՝ սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ:
Անկեղծ ցավակցություններս եմ հղում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և կիսում նրանց վիշտը»: