Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի դպրոցը նորոգվում է, կառուցվում է ապաստարան: Այս մասին այսօր զեկուցվեց աշխատանքային այցով Տավուշ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Աշխատանքը կավարտվի մինչեւ տարեվերջ»,-նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Փաշինյանն այցելեց հուլիսյան էսկալացիայի ժամանակ հակառակորդի հրետակոծությունից վնասված տները, որոնք նորոգվում են: Բակերից մեկում նա հետաքրքրվեց մանկահասակ երեխայից՝ դպրոց գնո՞ւմ է: Փոքրիկը պատասխանեց, որ ոչ: Հարցին՝ «բա ե՞րբ ես գնալու», փոքրիկը պատասխանեց՝ մայիսին:
Երեխայի պատասխանը ծիծաղեցրեց վարչապետին: «Ինքն իր գրաֆիկն ունի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Մի կին էլ դժգոհություն հայտնեց, որը լսելի չէր: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ինքը դժգոհեց. «Ձեր տանիքը չեն սարքե՞լ: Համբերեք: Երեսուն տարի ավերակ է եղել, եւ երբ հիմա մի բան է սարքվում, դժգոհում եք»:
Հիշեցնենք, որ վարչապետն այսօր այցելել էր նաեւ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև