Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Ալեն Սիմոնյանի ներկայացրած նախաձեռնությունը

Սեպտեմբեր 07,2020 19:11

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ:

Այս նախաձեռնությունը գործող իշխանությունների  այն հերթական գործիքն է, որը կրկին միտված է սահմանափակելու ազատ խոսքն ընդհանրապես և մամուլի ազատությունը՝ մասնավորապես։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2007թ. հոկտեմբերի 4-ին ընդունեց թիվ 1577(2007) բանաձևը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ, որտեղ հստակ ամրագրված է, որ պետք է սահմանել ողջամիտ առավելագույն սահման զրպարտության գործերով վնասի փոխհատուցման գումարի չափի առումով, այնպես, որպեսզի պատասխանատու մամուլի կենսունակությունը չվտանգվի,  անհրաժեշտ է ապահովել համապատասխան իրավական երաշխիքներ իրական վնասին ոչ համաչափ փոխհատուցում սահմանելու դեմ:

Արտահայտվելու ազատության իրավունքը ներառում է տեղեկատվություն և գաղափարներ ստանալու և տարածելու իրավունքը` առանց հանրային իշխանությունների միջամտության և անկախ սահմաններից, ինչպես դա սահմանված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և ցանկացած նմանատիպ օրենսդրական նախաձեռնություն ոչ միայն խաթարում է ստանձնված միջազգային պարտավորությունների անշեղորեն կատարումը, այլև մեծապես վնասում է ժողովրդավարության սկզբունքներին։

Հայաստանի ժուռնալիստների միությունը, հաշվի առնելով ժողովրդավարական հասարակությունում հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն տարածելու հարցում մամուլի առանցքային դերը` դատապարտում է ցանկացած նման նախաձեռնություն, ներառյալ՝ Ալեն Սիմոնյանի  այսօր առաջարկած Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու  նախագիծը, և կոչ է անում այն Ազգային ժողովի օրակարգ չմտցնել։

Հայաստանի ժուռնալիստների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930