Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեպքը տեղի է ունեցել պատժախցում՝ քրեակատարողական հիմնարկի ամենամեկուսի հատվածում, որտեղ ամենաշատն է անհրաժեշտ անվտանգությունը». Արշակ Գասպարյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի միջադեպի մասին

Սեպտեմբեր 07,2020 17:58

«Տրվեցին գնահատականներ չակերտավոր խոշտանգման դեպքեր, անհամաչափ ուժի կիրառում: Օբյեկտիվ իրականության մեջ եղել է չնախատեսված խուզարկություն, այն տարօրինակ երևույթ չէ, եղել է օբյեկտիվ տվյալ առ այն, որ իքս խցում առկա են արգելված իրեր, այդ տեղեկության հիման վրա մեր ծառայողները պլանավորել են կատարել չնախատեսված խուզարկություն»,- «Հոդված 3» ակումբում «Սահմանադրության փոփոխությունների մարդու իրավունքների օրակարգը» թեմայով քննարկմանը հայտարարեց Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանը:

Հիշեցնենք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի չորրորդ պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան քրեակատարողական ծառայողների կողմից գրանցվել է դատապարտյալների նկատմամբ բռնության կիրառելու դեպք:

Անդրադառնալով նախարարության հասցեին հնչող քննադատություններին՝ նա ասաց. «Ես վերահաստատեմ կառավարության և արդարադատության նախարարության դիրքորոշումն առ այն, որ մենք երբևէ չենք պնդել, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը միայն սահմանափակվելու է մեր կողմից նախապատրաստվող քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթում: Մենք բազմիցս նշել ենք, որ քրեական օրենսգրքում փոփոխություններն անհրաժեշտ, բայց ոչ բավարար են քրեական ենթամշակույթի դեմ պայքար մղելու հարցում: Արդարադատության նախարարությունը հեռու է այն մտքից, որ միայն այդպիսի արարքները քրեականացնելով կարելի է վերացնել այդ երևույթները, մանավանդ, երբ գործ ունենք արմատացած խնդրի հետ: Մենք համալիր ենք դիտարկում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը»:

ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը, խոսելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցածի դեպքի մասին, ասաց. «Անձանց մոտ առկա են եղել բազմաթիվ տեսանելի վնասվածքներ, որոնք մեր աշխատակիցներն արձանագրել են: Այն գնահատականներին, թե արդյոք տվյալ դեպքում հատուկ միջոցի կիրառումը արդարացվա՞ծ էր կամ արդյոք անհամաչա՞փ ուժ է կիրառվել, դրանց պատասխանը կտա քննությունը: Բայց մենք ունենք խնդիրներ, թեև կարող եմ ասել, որ բավականին մեծ քայլեր են արձանագրվել քրեական ենթամշակույթի դեմ հարցում, ինչը քրեական ենթամշակույթի քրեականացումն էր: Դեռ 2008-ին քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հայեցակարգ էինք ներկայացրել, թե ինչպիսին պիտի լինի համալիր պայքարը: Այդտեղ քրեականացումը միայն փոքրիկ բաղադրիչ է: Միայն պատժի սպառնալիքի միջոցով չի կարող իրականացվել, այլ դա պետք է արվի անգամ դատական համակարգի, օրենսդրության բարեփոխման տեսանկյունից պիտի սկսել: Վաղուց արդեն աշխարհում մոտեցում է, որ ազատությունից զրկումը պետք է լինի ծայրահեղ միջոց»:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը նշեց՝ իրենք չեն կարծում, թե հատուկ միջոցի կիրառումը կամ ֆիզիկական ուժի կիրառումը կարող է հակաօրինական լինել: Նա մանրամասնեց, «Պարզապես Նուբարաշեն ՔԿՀ-ում միջամտության այդ ձևին դիմելու հետ կապված լուրջ մտահոգություն ունենք: Այս միջամտության մասին բարձրաձայնել են հասարակական իրավապաշտպանները, լայն հասարակությունը իմացավ այդ մասին իրավապաշտպանների բարձրաձայնելուց հետո: Նույնիսկ այն դեպքում, երբ ֆիքսել ենք, որ կան մարմնական վնասվածքներ, այդ դեպքում ժխտում էին, որ նման միջամտություն է տեղի ունեցել: Սա լուրջ մտահոգություն է առաջացնում առ այն, որ խնդիրը հենց ՔԿՀ ներսից չի բարձրացվել, ու սա նշանակում է՝ միգուցե նման դեպքեր լինում են ՔԿՀ-ներում, քանի որ բողոքը չի հասնում իրավապահներին»: Ըստ նրա՝ պատասխանատվության դաշտում պետք էր դիտարկել նաև ՔԿՀ-ի աշխատակիցներին:

Քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը քննարկվող թեմայի առնչությամբ նշեց. «Հաղթանակ չէ, որ ժողովրդի ընտրած իշխանությունը, կառավարությունն ասում է՝ տեսեք՝ ես չեմ համագործակցում օրենքով գողերի հետ: Սա շատ նորմալ բան է… Որևէ քրեական հեղինակություն, օրենքով գող չի հայտնվել դեռևս գոնե դատարանի առաջ, դատարանի տեսադաշտում ամենակարևոր՝ 223.1 հոդվածով: Որևէ մեկն ուղղակի հենց այն բանի համար, որ ինքը օրենքով գող է, չի հայտնվել նույնիսկ նախաքննական մարմնի ուշադրության կենտրոնում»:

Խոսելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին՝ փորձագետը շեշտեց. «Բազմաթիվ հարցերից զատ շեշտեմ, որ այդ դեպքը տեղի է ունեցել պատժախցում՝ քրեակատարողական հիմնարկի ամենամեկուսի հատվածում, որի նպատակն է ազատազրկվածների միջև անվտանգություն ապահովելը: Եվ այդ դեպքը տեղի է ունենում այդտեղ, որտեղ ամենախիստ հսկողությունն է, որտեղ ամենաշատն է անհրաժեշտ անվտանգությունը: Այդ անձինք եղել են կալանավորված, ուստի օգտվում են իրենց անմեղության կանխավարկածից: Իսկ կալանավորված անձինք ամենախոցելի խումբն են այն տեսակետից, որ նրանց շրջանում տեղի են ունենում ամենաշատ ինքնախեղումները, ինքնավնասումները, ինքնասպանությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930