ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ազգությամբ հայ, 50-ամյա ՌԴ քաղաքացու կողմից վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակության դեպքերի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Երևանի 60-ամյա բնակչի հետ, վերջինիս վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ունենալով մեծ հնարավորություններ և կապեր՝ կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել գառներ և ոչխարներ, կազմակերպել դրանց մորթը և միսը վաճառելով ստանալ մեծ շահույթ:
60-ամյա տղամարդը, 2018թ. աշնանը ԻԻՀ քաղաքացուց տեղեկանալով Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքից 28.000 կգ գառի միս Հայաստանի Հանրապետություն ներմուծելու նրա մտադրության մասին, վստահելով 50-ամյա իր ծանոթին, իր հերթին ԻԻՀ քաղաքացուն վստահեցրել է, որ կարող է կազմակերպել նշված գործընթացը: Այդ նպատակով նա ԻԻՀ քաղաքացուց ստացել է 36.124.500 ՀՀ դրամին համարժեք 75.000 ԱՄՆ դոլար և 26.000.000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ տվել է իր 50-ամյա ծանոթին: Վերջինս ՌԴ-ից Հայաստանի Հանրապետություն է ներկրել ընդամենը 10.000 կգ գառի միս: 60-ամյա տղամարդը, տեսնելով, որ իր ծանոթը պայմանավորված քանակի միսը չի ուղարկում ՀՀ, պահանջել է մնացած 18.000 կգ գառի մսի գումարը՝ այն ԻԻՀ քաղաքացուն հետ վերադարձնելու նպատակով: Սակայն 50-ամյա տղամարդը չի վերադարձրել գումարը՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով 43.200.000 ՀՀ դրամ գումարը:
Բացի այդ, 2019թ. ընթացքում, Երևան քաղաքի 60-ամյա բնակիչը մեծ քանակությամբ գառներ է տարել Կոտայքի մարզում գտնվող սպանդանոց՝ մորթ կազմակերպելու նպատակով: 50-ամյա տղամարդը, տեղեկանալով նշված սպանդանոցում մորթ կատարող անձի և վերջինիս հոր՝ գառներ գնելու ցանկության մասին, խարդախությամբ գումար հափշտակելու նպատակով, առանց իր ծանոթի գիտության և համաձայնության, հոր և որդուն վստահեցնելով, որ ինքն ու 60-ամյա տղամարդը գործընկերներ են, առաջարկել է իրենից գնել 60 գլուխ գառ: Մորթ կատարող անձը, ոչինչ չկասկածելով, վերջինիցս գնել է 60 գլուխ գառ՝ վճարելով խոշոր չափերի՝ 2.400.000 ՀՀ դրամ, որը 50-ամյա տղամարդն ամբողջությամբ հափշտակել է:
Այնուհետև, 50-ամյա տղամարդը, չարաշահելով Երևանի մեկ այլ՝ 55-ամյա բնակչի վստահությունը, խարդախությամբ գումարներ հափշտակելու նպատակով, վերջինիս վստահեցրել է, որ զբաղվում է գառների առքուվաճառքով: 55-ամյա տղամարդը, վստահելով նրան, 2019թ. օգոստոսի 9-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում վերջինիս մաս-մաս վաճառել է մոտ 7300 գլուխ գառ և ոչխար՝ դրանց վաճառքից հետո գումարը վճարելու պայմանով: 50-ամյա տղամարդը, վաճառելով գառներն ու ոչխարները, նրան մաս-մաս վճարել է ընդամենը մոտ 130.000.000 ՀՀ դրամ, իսկ մնացած մոտ 196.000.000 ՀՀ դրամը չի վճարել՝ հափշտակելով այն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 178-րդ 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին