Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական բերդ է ի հայտ եկել։
Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը», 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ է անցել։ Հետո երաշտի պատճառով ջրի մակարդակը նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես դուրս եկել։ Քաղաքին պատկանող շինությունները զգալիորեն վնասվել էին 2011թ․ Վանի երկրաշարժից։
Թուրքական «Yeni Şafak» թերթի փոխանցմամբ՝ այժմ, կրկին երաշտի հետևանքով, լճի մակարդակը 2 մետրով նվազել է և արդյունքում տեսանելի են դարձել Արճեշի բերդի ավերակները։
Թուրք հետազոտող-գրող Սելահաթթին Քոշարը թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ բերդի մի մասը պետք է վերականգնվի և վերածվի զբոսաշրջային կենտրոնի։
Կարդացեք նաև
Նշենք, որ Արճեշի հայկական բերդը կառուցվել է Վանի թագավորության տարիներին։
Թուրքիայում մինչև այսօր խոսվում է Հին Արճեշի ամրոցի ներքին կառույցների և պատմական մզկիթի մասին, այնինչ, ընդհանրապես չի քննարկվում եկեղեցու գոյության մասին։
Հիշեցնենք, որ 18-րդ դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և 19-րդ դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը։