Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում սեպտեմբերի 7-ին անցկացվող՝ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ընդդեմ սեւազգեստ մայրերի» գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Հայցվոր կողմը չէր ներկայացել դատարան: Այս առիթով «Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Չեն ստորագրում ծանուցում: Եթե կառավարությունը 30 միլիոն տա, այս դատին էլ կգան, Քոչարյանի դատին էլ կգնան»:
Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով տուժողների որոշ իրավահաջորդներ, այդ թվում Սարգիս Քլոյանը՝ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը, դատական հայց են ներկայացրել սևազգեստ մայրերի՝ «Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի եւ «Ինձ բացակա չդնեք» հ/կ նախագահ Սաթիկ Խլղաթյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար պահանջելով նյութական փոխհատուցում եւ հրապարակային ներողություն: Հայցի հիմքում Մարգարիտա Խաչատրյանի արտահայտություններն են, թե ինչու զոհված զինծառայողների կամ «Սասնա ծռեր»-ի գործողություններից զոհվածների ընտանիքներին կառավարությունը փոխհատուցում չի տրամադրում, իսկ մարտյան իրադարձությունների զոհերի ընտանիքներին տրամադրում է 30 միլիոն դրամի աջակցություն:
Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ սա արդեն երրորդ նիստն է՝ հայցվոր կողմը չի ներկայանում դատարան: Նա հայտարարեց. «Ներկայացրել եմ գրությունը կառավարություն. մեր պահանջը հիմնավոր է, պահանջում ենք չափորոշիչ կիրառել: Դրան արձագանքել է ոչ թե կառավարությունը, այլ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նա մեկնաբանել է, որ ինքը Սաթիկ Խլղաթյանին դատի չի տալիս, այլ Մարգարիտա Խաչատրյանին, և այդ 30 միլիոնը տանելու, շպրտելու եմ Մարգարիտա Խաչատրյանի երեսին: Արդեն երրորդ նիստն է, գալիս եմ դատարանի դիմաց նստում, սպասում Սարգիս Քլոյանին, որ 30 միլիոնն ինքը բերի, շպրտի տիկին Մարգարիտայի երեսին: Ես ուրախությամբ կվերցնեմ այդ շպրտած գումարը և կբաժանեմ իմ պայմանագրայինների ընտանիքներին, որոնք 26500 դրամ ստացել էին, և կառավարությունը մեր պայմանագրայիններից այդ գումարը հետ պահանջեց: Շատ ամոթ է, որ սահման չպահող, զինվորի գին չիմացող դասալիքները պիտի որոշեն՝ տիկին Մարգարիտային դատի տան, թե՝ ոչ»:
Անդրադառնալով մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը, թե դադարեցնում են մասնակցությունը դատական նիստերին, նա ասաց. «Հարգարժա՛ն պարոնայք, այդ 30 միլիոնները վերջացե՞լ են, ձեր դասալիքներին ասեք, թող նորից ֆինանսավորեն, և դուք էլ նորից գնացեք, որ Քոչարյանի դատին մասնակցեք, որովհետև գիտեք, որ դա թատրոն է. դատական նիստ չէ»:
Կարդացեք նաև
Լրագրողները Մարգարիտա Խաչատրյանին խնդրեցին հստակեցնել՝ ի՞նչ 26500 դրամի մասին է խոսքը: Նա պատասխանեց. «Կառավարությունը միջոցառումների ծրագիր իրականացրեց. պայմանագրային զինծառայողների ընտանիքներին հատկացրին 26500 դրամ և այդ ողորմելի գումարն առանց ամաչելու վարձով ապրող ընտանիքից հետ ուզեցին: Ինձ էին դիմել. նրանց հաշվեհամար են փոխանցել, որ ամուսինն այդ գումարը վերադարձնի, հակառակ դեպքում նրա աշխատավարձից բռնագանձում կկատարեն: Ստիպված վերադարձրին: Մենք ինքներս հետևելու ենք, թե որ չափորոշիչը կիրառեցին, որ մարտի 1-ի դեպքերին քաղաքի մեջ ցույց անողներին իրենք վճարեցին, իսկ պայմանագրայինների 26500 դրամը հետ պահանջեցին: Ամոթ է մեր ազգին: Հակառակ դրան մեր պայմանագրայիններին ասում են, թե ինչ տալիս ենք ձեզ 15 օրը մեկ, ձեզ հերիք է: Փաստորեն, մենք պատրաստ ենք Քլոյանի նմաններին 30 միլիոն տալ, իսկ պայմանագրայինների 26 հազար դրամը հետ պահանջել»:
Մարգարիտա Խաչատրյանը վստահեցրեց՝ երբևէ չի պատրաստվում ներողություն խնդրել այն մարդկանցից, որոնք իր բնորոշմամբ՝ իրենց որդիներին ոչ թե կորցրին հայրենիքի պաշտպանության համար, այլ կորցրեցին ոտնձգությունների, աթոռակռվի համար. «Ես իրենց արժանապատվությունը, ինքնասիրությունը չեմ վիրավորել: Եթե մեկը տիկին Մարգարիտային կապացուցի, որ չի եղել ոտնձգություն, խանութի թալան, չի եղել դրամաշորթություն, պարգևներ, ես ինքս ներողություն կխնդրեմ, բայց ներկա պահին, քանզի մարտի 1-ի դեպքերի մեղավորները չեն պատժվում, ես ներողություն խնդրելու բան չունեմ: Սա կառավարության պատվերն է, որ տիկին Մարգարիտային վարկաբեկեն ինչքան կարող են: Ես դատվելուց չեմ վախենում, բերեք հիմնավոր ապացույցներ, որ ձեր որդուն սպանողը Ռոբերտ Քոչարյանն է, ես ձեզ հետ միասին միանամ պայքարին: Բայց այս թատրոն-դատավարությունը. մարդուն դատել հրաման արձակելու համար…եթե քաղհայցով դիմեին դատարան, ասեին՝ գտել ենք մեր որդիներին սպանողներին, ուրիշ բան: Մենք անձնապես իրենց հետ ոչ մի խնդիր չունենք: Իսկ եթե փողոցային կռիվների համար զոհերին տալիս են 30 միլիոն, թող բարի լինեն մնացած կոտորածների համար էլ տան. էն հացադուլ անողներին, Սասնա ծռերի դեպքերով ոստիկանների սպանությունների, նրանց էլ տան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային