Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ «հերոսական պայքար» մղողները ընդամենը երկու տարում հասցրել են դիվանագիտական անձնագրեր բաժանել 762 հոգու. Գեղամ Նազարյան

Սեպտեմբեր 07,2020 15:20

Դիվանագիտական անձնագրերի սկանդալը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դա ուղիղ ճանապարհ է հասկանալու այս իշխանության նոր մերձավոր շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։

Իշխանությունները խուսափում են տրամադրել անվանացանկը՝ ում են հանձնվել դիվանագիտական անձնագրեր։ Սա անձերի խնդիր չէ, սա բացելու է վայրագույր եւ հասկանալու ենք, թե ինչ օլիգարխների, ինչ կրիմինալ դեմքերի, ում եւ ինչ ծառայությունների համար են տրվել դիվանագիտական անձնագրերը։ Սա անուղղակի ճանապարհ է պատկերացում կազմելու, թե ինչի մեջ է ներգրավված երկրի քաղաքական իշխանությունը եւ ում միջոցով։

Անհրաժեշտության դեպքում մինչեւ դատական կարգով պետք է հասնել նրան, որ այդ ցուցակները հրապարակվեն։ Այդ անձնագրերը տրվել են Հայաստանի Հանրապետության անունից եւ ՀՀ քաղաքացիները ունեն իրավունքը իմանալ, թե ովքեր են նման պատվի արժանացել։

Մոտ երկու տարի առաջ «հեղափոխականները» հարայ հրոցով հայտարարեցին, թե Հայաստանի ԱԳ նախարարությունում ահասարսուռ կոռուպցիոն չարաշահումներ են հայտնաբերվել: Պարզվեց, որ «օրենքի խախտումով» 395 հոգու դիվանագիտական անձնագիր էին տվել, այդ թվում եւ Հենրիխ Մխիթարյանին: Ազնիվ եւ ժուժկալ «հեղափոխական» իշխանությունները շտապեցին չեղարկել այդ անձնագրերը: Հատուկ հայտարարվեց, որ չեղարկվել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագիրը: Ստացվեց, որ Փաշինյանի աչքը Հենրիխ Մխիթարյանի դիվանագիտական անձնագրի վրա էր:

Անցան ամիսներ, պարզվեց, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, իսկ ոմանք ավելի հավասար են: Շատերը մոռացան այս անձնագրերի պատմությունը, որովհետեւ այս երկու տարում ինչ ասես, որ ժողովուրդը չտեսավ:

Կոռուպցիայի դեմ «հերոսական պայքար» մղողները ընդամենը երկու տարում հասցրել են դիվանագիտական անձնագրեր բաժանել 762 հոգու:

Ընդ որում, այդ 762 հոգուց առնվազն 369 հոգին դիվանագետներ չեն:

 

Դժվար է լինելու կառավարութունից պարզաբանում ստանալ: Փաշինյանն արդեն մեկ այլ առիթով ասել է, թե չի պատրաստվում անդրադառնալ իրենց ուղղված քննադատություններին եւ մեղադրանքներին եւ ապացուցել, որ ինքն ուղտ չէ: Սա ուղիղ հարցադրումներից խուսափելու պարզ ձեւ է։ Բայց հետքերը թաքցնել հնարավոր չի լինելու։ Միեւնույն է իմացվելու է, թե այդ «ընտրյալների» թվում պաշտոնյաների կանայք եւ նրանց երեխաներն են, թե նաեւ «հեղափոխության» բարեկամ գործարարները… Բոլոր կասկածները փարատելու մեկ պարզ միջոց կա՝ հրապարակել օրենքով սահմանված ցանկից դուրս դիվանագիտական անձնագիր ստացածների անունները։

Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

«Առավոտ». Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը իր ՖԲ էջում մասնավորապես հայտնել էր. «2018թ․ մայիսից մինչ օրս ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, ինչն իր մեջ ներառում է նաև ՀՀ դիվանագետների՝ նշված ժամանակահատվածում դիվանագիտական անձնագրերի ժամկետն ավարտվելու կապակցությամբ տրամադրված նոր անձնագրերի քանակը։

Վերոնշյալ անձանցից 764-ին դիվանագիտական անձնագիրը տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով (ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք)»։

Հավելեմ, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչ օրս ՀՀ վարչապետի թույլտվությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր (ընդ որում օրենքում անհատապես չնշված, բայց բոլոր դեպքերում պետական ծառայության հետ առնչվող գործունեության բերումով): Ի դեպ՝ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավել տոկոսով նվազ է:

Այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ։ 2018թ. մայիսից մինչ օրս ԱԳՆ-ն, ղեկավարվելով 50-րդ հոդվածով, 425 դիվանագիտական անձնագիր հայտարարել է անվավեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930