Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ վակխանալիա է տիրում…Սա օրենք չի լրատվամիջոցի դեմ, սա օրենք է՝ ստի, զրպարտության դեմ». Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 07,2020 14:10

«Հայկական ժամանակին» մեկ գործով Քոչարյանի ընտանիքը դատի էր տվել: Մեկ վճռով սահմանվեց համ զրպարտություն, հա՛մ վիրավորանք, հա՛մ փաստաբանների ծախսը, ընդհանուր փոխհատուցումը կազմեց 4 մլն: Ուզում եմ ասել, որ եթե այդ կամքը կա ու իշխանություններն ուզում են լռեցնել ազատ խոսքը, այդ օրենքները միշտ կան: Այսօր, որ ազատ խոսքը վերածվել է քաոսի, դա իշխանության ոչ թե թուլությունն է, այլ իշխանության համոզմունքից է, որ ազատ խոսքը չի կարող ճնշվել: Վատ է, որ ազատ խոսքի տակ զրպարտչական պատերազմ է տարվում»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ հանձնաժողովում քննարկվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախագիծը «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու: Նա առաջարկում է վիրավորանքի համար պատիժը խստացնել ու սահմանել 1 մլն-ի փոխարեն 5 մլն դրամ, իսկ զրպարտության դեպքում՝ 2 մլն-ի փոխարեն 10 մլն դրամ:

Վահագն Հովակիմյանն ասաց, որ եթե ԶԼՄ-ն պատահմամբ սխալ բան հրապարակի, կարող է հերքում տալ, դա ամոթ բան չէ, բայց երբ գործը հասնում է դատարան, ուրեմն կա միտում:

«Իմ քայլը» խմբակցությունից Նազելի Բաղդասարյանն ասաց, որ հասկանում է առիթը, թե ինչու է այս օրինագիծը բերվել, բայց համաձայն չի Ալեն Սիմոնյանի այս մոտեցման հետ, քանի որ գումարային շեմի բարձրացմամբ՝ խնդրի լուծման չեն հանգի. «Կարծում եմ, վիրավորանքի եւ զրպարտության ապաքրեականացումից հետո, երբ դատարանները լեփ-լեցուն էին նման գործերով, սա մի ժամանակաշրջան էր, որը պետք է հաղթահարված լիներ: Ես եւ դուք ԶԼՄ-ներում աշխատելու առիթ ունեցել ենք եւ հասկանում ենք, որ եթե վիրավորանքն ու զրպարտությունը միտումնավոր է իրականացվում, ապա այդ ամենը քողարկելու շատ լավ միջոցներ կան: Մենք անհավասար պայմանների մեջ ենք դնում լրատվամիջոցներին եւ այն լրատվության միջոցներին, որոնք այս պահի իրավակարգավորմամբ չեն հանդիսանում ԶԼՄ: Խոսքը youtube-յան տարբեր ալիքների մասին է, ստեղծված տարբեր կայքերի, որոնց ծագումնաբանությունը չի բացահայտվում: Այլ ԶԼՄ-ներ կարող են հղում անել այդ աղբյուրներին, արտատպեն լուրը եւ պատասխանատվությունից խուսափեն»:

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Սա օրենք չի լրատվամիջոցի դեմ, սա օրենք է՝ ստի, զրպարտության դեմ: Այստեղ լիովին վակխանալիա է տիրում ու մենք պետք է կարողանանք այդ պատասխանատվության գիտակցությունը դնենք, երբ գիտես, որ մեկին եթե վիրավորես, չպետք է մարդուն մղես այլ միջոցներով հարցը լուծելուն: Ի՞նչ անի քաղաքական գործիչը, երբ իրեն վիրավորում են, եթե վիրավորանքին վիրավորանքով պատասխանի, դառնում է նույնը, եթե ի պատասխան ֆիզիկական ներգործություն անի, դառնում է խուլիգան: Հանրային գործիչները, որոնք աջուձախ դարձել են բոլոր թեմաներով մասնագետներ, սկսում են լվանալ մեր ոսկորները, քաղաքական, հանրային գործիչների ոսկորները: Իսկ իրենց պատասխանատվության սահմանը որտե՞ղ է, ինչի՞ իրենք կարող են քննարկել Տարոն Սիմոնյանի, Ալեն Սիմոնյանի՝ սրճարանում նստելը, ամենահեքիաթային տարբերակը, վիրավորել այդ մարդկանց ու որեւիցե պատասխանատվության զգացողություն չունենալ: Բնական է, մենք չենք կարող քրեականացնել նման բանը, պարզ է, բայց հաշվի առնելով հայկական իրականությունը, վիրավորանքի, զրպարտության ազդեցությունը հայկական իրականության մեջ, նման ձեւով գոնե կզգուշանա այդ մարդը՝ հասկանալով, որ պատասխան է տալու նման բանի համար»:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ սեռական բնույթի հայհոյանքի համար պետք է պատասխանատվությունը խստացնել, որովհետեւ երբ մարդուն դրսում հայհոյում են, ինքը պետք է այս օրենքով պաշտպանված լինի. «ԵԽ շրջանակներում շատ են ողջունում այն, որ մենք վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացրեցինք: Բայց հիմա մենք գալիս են վերջից, ոչ թե պատճառներն ենք քննարկում, այլ՝ հետեւանքների դեմ ենք պայքարում»: Ըստ Վարդանյանի, սա ճիշտ լուծում չէ, խնդիրը չի լուծվելու: Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց. «Շատ երկար մտածելուց հետո ես այստեղ եմ լուծումը տեսնում: Դուք ասացիք, որ ողջունվեց այն բանը, որ ապաքրեականացվեց, ես համարում եմ դա հետքայլ ու կարծում եմ, որ միջինը մենք կարող ենք գտնել այս կարգավորումը՝ խստացնելով»:

Ըստ իմքայլական Արթուր Դավթյանի, դատարանի որոշմանը պետք է թողնել ու վերին շեմ չսահմանել, որովհետեւ կարող է զրպարտություն լինի, որով 10 մլն դրամից ավելի վնաս պատճառված լինի: Միջամտեց նիստին ներկա Արման Բաբաջանյանը՝ ասելով, որ տասնյակ հարցումներ կարող է վկայակոչել, որ ՀՀ քաղաքացին չի վստահում դատական իշխանությանը, քանի որ թաթախված է կոռուպցիոն գործարքների մեջ, նախկին իշխանությունների հետ ունի շատ առնչություններ ու այս պահին դիրքավորված է ՀՀ պետականության դեմ: Վլադիմիր Վարդանյանը հորդորեց ցասումը չարածել բոլոր դատավորների վրա ու ապահովել ինստիտուցիոնալ հարգանքը:

«Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանն ասաց, որ սրանով մեծ սպասում է ձեւավորվում, բայց իրականում նախագիծն իր գործիքակազմով արդյունավետ չէ: Եթե մարդիկ կան, որ փող են ներդնում տեղեկատվական պատերազմի համար, 3 մլն կվճարեն, թե 7 մլն, այդ մարդկանց համար նշանակություն չի ունենալու:

Կառավարության կողմից եղավ առաջարկ փոխհատուցման չափերն ավելացնել, բայց վիրավորանքի դեպքում դարձնել ոչ ավել, քան 2 մլն, զրպարտության դեպքում՝ 3 մլն: Առաջարկը կքննարկի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ, ձեռնպահ քվեարկեց «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը, մյուսները կողմ էին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930