Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես «Սարի աղջիկը» հուզեց բրիտանացի DJ-ին

Սեպտեմբեր 07,2020 14:20

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Լուսինե Նազարյանը բավականին համեստ մարդ է, նա զուսպ է նաեւ իր արած գործը ներկայացնելու առումով, թեեւ ամենօրյա եռուն ստեղծագործական գործընթացի մեջ է, նաեւ բանահավաքությամբ է զբաղված, նրա շնորհիվ գեղեցիկ համշենական երգերը շոյում են շատերի ականջները:

 Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում Լուսինեի հետ խոսել ենք մշակույթի, մանկության սիրուն օրերի, երջանկության եւ «դրսում» հայկական հետքի մասին: Լուսինե Նազարյանն ասում է՝ ամենաջերմ հուշերը տատի ու պապի հետ են կապված. «Հիշում եմ, որ տատիս կողքին նստած՝ կարկատան էի անում երեխա ժամանակ, պապս ինձ համար ուսափայտ էր պատրաստել, փոքրիկ թեյնիկները կախում էի ուսափայտից ու գնում՝ սառը ջուր բերելու…Իմ մանկության առավոտները սկսվում էին կաթի զտիչի ձայնով… Գյուղի մյուս ձայներին միանում էր նաեւ սեպարատորի միալար բզզոցը ու դրան զուգահեռ աշխատելիս տատիկս էլ մեղմիկ երգում էր»:

Ասում է՝ ծնված օրվանից ազգային երգ է լսել. տատիկը երգում էր, մայրը, մորաքույրը երգում էին, պապը նույնպես երգում էր՝ «Ես մի ծառ եմ, ծիրանի»: Հիշում է՝ վեց տարեկան էլ չկար, երբ Թովմաս Պողոսյանը ազգագրական երգի խումբ բացեց ու ինքն ընդգրկվեց խմբում. «Բոլորը մեծ մարդիկ էին, միայն ես էի փոքրիկ երեխա: Խմբում միակ մարդը, որ տարազ ուներ, ես էի, ու այդ տարազից ինձ միայն նկարը մնաց»:

Հետո հաճախել է երաժշտական դպրոց, դաշնամուր է նվագել, ընդունվել ուսումնարան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա՝ երաժշտագիտության բաժին, դիպլոմային աշխատանքը հոգեւոր երաժշտության թեմայով է եղել: «Մի օր հանդիպում եմ Թովմաս Պողոսյանին, հարցնում է՝ կգա՞ս մեզ մոտ աշխատելու, նորից վերադառնում եմ իմ «հունին»,-նշում է Լուսինեն:

Հիշում է, որ երբ 2000-ին, երբ նոր էր ավարտել կոնսերվատորիան, մեկ-երկու ամիս «Ակունք» է գնացել, 4 տարի համագործակցել է նորաստեղծ «Կարին» համույթի հետ, հետո իր ընկեր Տարոն Ավետիսյանն առաջարկել է, որ ստեղծեն նոր խումբ: Մինչ այդ ինքը Հավասու խմբի անդամներին ազգային պարեր էր սովորեցնում՝ Թովմաս Պողոսյանի առաջարկով:

Մի տարի առանց անվան նրա նորաստեղծ համույթը հանդես է եկել տարբեր միջոցառումներում: 2007-ին որոշել են խումբն անվանակոչել, Թովմաս Պողոսյանն առաջարկել է Նաղաշ անունը, բայց ի վերջո խումբն անվանվել է «Նուբար»:

«Մեզ հիմա հոգնակի թվով ասում են նուբարներ»,-ասում է Լուսինեն ու թվարկում բոլոր հին ու նոր «Նուբարներին»՝ Հասմիկ, Նարե, Արուսիկը, Մարի, Սոնա, Աննա …

«Նուբարի» հետ առաջին ճամփորդությունը եղել է Բուլղարիայում, ապա Իտալիայում, Էստոնիայում, Վրաստանում: Վրաստանում հատկապես եղել են «Կարմրավանքի երկպատմությունները» ֆիլմի նկարահանման առիթով: Լուսինեն ասում է ամենացնցող տպավորությունները քաղել է Արեւմտյան Հայաստան այցելություններից՝ Նեմրութից մինչեւ Արարատի փեշեր: Որպես երգչուհի եղել է նաեւ Կորեայում եւ Իսպանիայում:

Լուսինե Նազարյանը հիշում է, թե ինչպես ստամբուլյան մի հանդիպման ժամանակ, երբ ընթրիքի էր տեղի հայ մտավորականության հետ, երգեց «Սարի աղջիկը՝ դուդուկահար Էրթան Թեքինի նվագակցությամբ. «Այդ ընթացքում ռեստորանի վերեւի հարկից ներքեւ իջավ մի բրիտանացի դիջեյ ՝ թուրք ընկերուհու հետ եւ հարցրեց, թե ինչ ազգի ներկայացուցիչ եմ եւ ինչ լեզվով եմ երգում: Նա այնքան էր հուզվել երգից, որ աչքերը լցվել էին…Խոստացավ, որ կգնա ու կփնտրի, թե որտեղ է Հայաստանը»:

Լուսինե Նազարյանը խոսելով «Նուբարի» մասին՝ նշեց, որ արդեն տասնչորս տարի «կյանքի գնով» պահում է համույթը, միայն ինքն է խորհրդանշական աշխատավարձ ստանում (խումբը գրանցված է Սամվել Բալոյանի ղեկավարած մշակույթի կենտրոնում), իսկ խմբի մյուս անդամները վարձատրվում են մասնավոր միջոցառումներից:

Մեր հարցին՝ իրեն հաջողակ մարդ համարում է, մեր զրուցակիցը պատասխանում է. «Այնքանով հաջողակ եմ, որ հնարավորություն ունեմ իմ սիրած գործով զբաղվելու եւ ստիպված չեմ խանութում վաճառող աշխատել՝ գլուխս պահելու համար: Հաջողակ եմ, որ կարողացել եմ իմ ծրագրերի որոշ մասն իրականացնել, մնացածն էլ կիրականացնեմ երեւի»:

Ընթերցանությանն էլ անդրադարձ եղավ: Նշեց, որ այս պահին վերընթերցում է Խաչիկ Դաշտենցի «Խոդեդանը», ավելի վաղ կարդացել էր Շաֆաքի «Ստամբուլի բիճը», Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամորը» նաեւ իր մայրիկի «Մերոնց հետ» պատմվածքների ժողովածուն:

Երբ խոսեցինք համշենական երգեր պեղելուց, Լուսինե Նազարյանը նշեց. «Վերջերս համշենական երգերը մի տեսակ մոդայիկ են դարձել, մարդիկ միմյանցից վարակվում են, բայց ես ինքնուրույն եմ դրանով հետաքրքրվել: Առաջին անգամ Սերգեյ Վարդանյանի «Ձայն համշենական» գիրքը ձեռքս ընկավ, ու էնտեղից վերցրած մի երգ սկսեցինք երգել: Հետո ծանոթացա Լուսինե Սահակյանի հետ: Առանձնապես պեղելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ համշենցիները շատ են կատարում իրենց երգերը, համացանցում եթե գրես համշենական երգեր, բազմաթիվ երգեր կգտնես: Ես համշենական երգերը ճիշտ վերարտադրելու համար, բացի լսելիս կարդում էի նաեւ Համշենի հեքիաթներ՝ դարձյալ Սերգեյ Վարդանյանից, որպեսզի բարբառը լավ ընկալեմ:

Ի դեպ, առաջին շոկս համշենական Խոպա քաղաքում էր: Ինձ թվում էր, թե որեւէ սրճարան կամ խանութ մտնելիս պիտի թուրքերեն հարցեր տան, բայց Համշենի հայերենով էին հարցնում: Ինչ-որ բան ես ուզում գնել, հարցնում ես՝ ինչ արժի, հայերեն պատասխանում են, օրինակ՝ քըսանըհինգ լիրա…Բայցի այն, որ տեղի բնությունն է հրաշք, մարդիկ էլ մի ուրիշ իրականություն են ներկայացնում…Նույնն էլ Դիարբեքիրի նոր «արթնացողներին» է վերաբերվում»…Վերջերս մեր աղջիկներից մեկին՝ Նարինեին մեկը Մուշից գրել է, որ նոր է պարզել իր արմատները եւ խնդրել էր հայերեն սովորեցնել: Ի դեպ, Մուշում մի անգամ էլ արեւելահայերեն խոսող մշեցու եմ հանդիպել՝ պարզվեց գործերով այնքան է գնացել-եկել Հայաստան, որ սովորել է արեւելահայերեն խոսել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Լուսինե Նազարյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930