Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ասում եք՝ Խաչատրյան Գագոն թալանել է, փող ենք հետ բերում, բա էդ բերածից մեզ խի՞ չեք տալիս, մենք էլ ենք կաշառք տվող եղել». գործարար

Սեպտեմբեր 07,2020 13:25

«Օրական մարդ եք բռնում, ասում եք՝ սաղ հետ ենք բերում, բա մերը խի՞ չեք հետ բերում: Եթե ասում եք՝ Խաչատրյան Գագոն թալանել է, փող ենք հետ բերում, բա էդ բերածից մեզ խի՞ չեք տալիս, մենք էլ ենք կաշառք տվող եղել: Մի հատ նայեք՝ ում եք բռնում: Ամբիցիաների համար եք բռնում»,-այսօր կառավարության առաջ մի արկղ բուկլետներ շաղ տալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Արմենակ Խաչատրյանը, որի տունն այս պահին բանկում գրավադրված է:

Բուկլետները նոր բիզնես ծրագրեր էին, որոնց, գործարարի խոսքով, կառավարությունը հավանություն չի տվել: Վստահեցնում է՝ պայքարը քաղաքական չէ, ո՛չ ընդդիմության, ո՛չ որեւէ կուսակցության ներկայացուցիչ է, պարզապես, բիզնեսը կորցնելուց հետո՝ որոշել է նոր բիզնես-ծրագիր գրել, որով կվերականգնի Հայաստանի գյուղերի բարեկեցությունը: Նրա խոսքով՝ երեք ամիս որեւէ պատասխան կառավարությունից չեն տվել:

Հարցին՝ ի՞նչ խնդիրներ ունի, ինչո՞ւ է բիզնեսը կորցրել, գործարարը չցանկացավ պատասխանել՝ միայն ասաց. «Ասենք՝ ինֆլյացիա եղավ. այս-այն, բայց իմ բարոյականությունը չէր ներում, որ դոլարի թանկացմանը զուգահեռ՝ ես էլ միսը թանկացնեի»:

Ըստ գործարարի, կորցրած բիզնեսը թռչնաբուծական ֆաբրիկա էր. «Իմը կորած է, ես հիմա մյուս գյուղացիների համար եմ պայքարում: Եթե սրան ընթացք չտվեցին՝ սա շարունակվելու է: Հինը վատ էր՝ հիմա վատ է, բա ե՞րբ է լավ լինելու: Արմավիրի մարզում 40 հազար հեկտար հող չի մշակվում: Լայք, դիսլայքով երկիր չես կառավարի»:

Գործարարն ասաց, որ ծրագիր էր գրել գյուղերում բնակարան, դիմացը ջերմատուն եւ գոմ կառուցելու, քանի որ մեր գյուղերում ազատ հողատարածքները շատ են, բայց՝ անարդյունք. «Ամեն ծրագիրը բարձր եկամտաբերությամբ է: Վերջին անգամ եղել եմ Նիգավան գյուղում 600 հեկտար հողից մշակվում է 50 հեկտարը: Գյուղերի վիճակը շատ վատ է, ցեցը կերել է բերքը, սրա համար համատարած պայքար պետք է լինի: Այս ամենը գյուղերը կործանման է տանում»:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ գործարարին մոտենում էին ոստիկաններ՝ որոշ հարցեր ճշտելու, սակայն Արմենակ Խաչատրյանը հրաժարվում էր նրանց հետ առանձնանալ: Ոստիկանները հայտնեցին, որ տարածքը բուկլետներով կեղտոտելու համար քաղաքացին պետք է տուգանվի:

Գործարարը խոստացավ ամեն շաբաթ մի տարածաշրջանի խնդիրները հավաքել ու բերել կառավարության առաջ դնել. «Գյուղերը նրանք չեն, որոնք տեսնում եք՝ սիրուն ասֆալտապատած, իրականում մեր գյուղերը շատ վատ վիճակում են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930