Լրահոս
Օրվա լրահոսը

5 մլն դրամ՝ վիրավորանքի համար, 10 մլն դրամ՝ զրպարտության համար. Ալեն Սիմոնյանի նոր նախագիծը՝ լրատվամիջոցների, կայքերի սուտ լուրերի դեմ

Սեպտեմբեր 07,2020 13:15

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու իր նախագիծը: Նա առաջարկում է վիրավորանքի համար պատիժը խստացնել: Գործող օրենսդրությամբ կարող են պահանջել նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով վճարում, այսինքն՝ 1 մլն դրամ, Սիմոնյանն առաջարկում է 5000-ապատիկ դարձնել՝ 5 մլն դրամ: Իսկ զրպարտության համար գործող կարգավորմամբ նվազագույն աշխատավարձի մինչեւ 2000-ապատիկի չափով փոխհատուցման վճարն առաջարկվում է դարձնել 10-հազարապատիկ, այսինքն՝ 2 մլն-ը դարձնել 10 մլն:

Նա ասաց, որ այսօր տեղեկատվական դաշտում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել վիրավորանք ու զրպարտություն թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության նկատմամբ. «Համացանցում մի քանի ժամում գրանցվում են իբր լրատվական կայք, բայց իրականում մենք ականատես ենք լինում, որ ոչ գրանցված իրավաբանական անձ է լինում, ոչ էլ հնարավոր է լինում գտնել: Այս փոփոխությունով կկարողանանք հնարավորինս կանխել, նվազեցնել սուտը»:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այսօր իրավիճակ կա, որտեղ բավականին մեծ գումարներ մղված են՝ տեղեկատվական պատերազմ իրականացնելու համար: Ես ծանոթ եմ ձեր բերած օրինակներին, կարեւորում եմ, որ ՀՀ-ում խոսքի, մամուլի ազատությունը ամենակարեւոր բաներից են, որի հետ կապված պետք է շատ զգույշ լինենք: Բայց միեւնույն ժամանակ սուտը, զրպարտությունը, լկտիությունը, ուղղորդված պատվերով իրականացվող գործողություններն ու լրատվությունը տարբեր բաներ են»: Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՄԻԵԴ-ի որոշմանը ծանոթ է, բայց հայկական իրականությունն էլ գիտի, վիրավորանքների տեսակ կա, որ ռուսերենում խոսակցական բնույթ է կրում, բայց հայկական իրականությունում, օրինակ, սեռական բնույթի հայհոյանքները ծանր հանցագործությունների կարող են մղել, սա պետք է հաշվի առնեն:

Սիմոնյանն ընդգծեց, որ այս նախագծով չի ուզում լրագրողներին բանտերը նետել, խոսքը չի գնում լրատվամիջոցի մասին, խոսքը կոնկրետ զրպարտություն ու սուտ տարածողների մասին է. «Այսօր ես ունեմ 6 դատական հայց՝ իմ անձի հետ կապված: Ընդդիմությունը խոսում է ատելության մթնոլորտի մասին: Ատելության մթնոլորտի մի մասը սուտն ու զրպարտությունն է, երբ քաղաքական գործչին վերագրվում է մի բան, որն իր հետ կապ չունի»:

Ջուլհակյանն առաջարկեց քրեականացնել, օրինակ, պարբերաբար հայհոյողներին: Սիմոնյանը հարցրեց՝ ի՞նչ պարբերականությամբ հայհոյողներին: Ըստ Ջուլհակյանի, մեր երկրում մարդու արժանապատվությունը պետք է պաշտպանված լինի, ու ոչ միայն պաշտոնյաների, այլ՝ սովորական քաղաքացիների էլ. «Պետք է արդյունավետ լուծումներ գտնենք: Իսկապես հնարավոր չէ այսպես շարունակել»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ ինքն էլ հայց ունի ԶԼՄ-ի դեմ ու իսկապես երկրում ատելության մթնոլորտ կա, բայց միայն իրավական գործիքներով դրա դեմ պայքարելն արդյունավետ չէ. «Վերին շեմի հարցը պետք է քննարկվի, որովհետեւ կարող է ԶԼՄ լինի, որ միլիոնավոր դոլարներ ունենա, անընդհատ զրպարտի, վիրավորի՝ իմանալով, որ փոխհատուցելու է, պահուստային ֆոնդ ունենա, այդպես 10-10 մլն դրամ վճարի: Միգուցե այդ ԶԼՄ-ի համար պետք է շատ ավելի մեծ փոխհատուցում սահմանել»:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ քրեական իրավունքում պատժի սահմանաչափերը 40 տոկոսով հանցագործությունները կանխելու միջոց են, այս պարագայում էլ քաղաքացին, երբ գիտակցի, որ գումարային մեծ սահմանափակում կա, շատ ավելի զգույշ կլինի. «Ինձ համար լրագրողներ կան, որոնք բարձր մակարդակի լրատվություն են մատուցում ու կան մարդիկ, որոնք յուրացրել են այդ մասնագիտությունը եւ ներկայանում են որպես լրագրող, բայց զբաղված են գումարի դիմաց զրպարտությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930