Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողներին խաբողներն ու կեղծ սննդամթերք վաճառողները կպատժվեն ազատազրկմամբ. Քրեական պատիժներ ու խիստ տուգանքներ՝ կեղծված սնունդ արտադրողների համար

Սեպտեմբեր 07,2020 12:40

«Քանի օր առաջ կեղծ ալկոհոլից բազմաթիվ անձինք թունավորվեցին: Քրեական օրենսգիրքը նման հոդված ունի, որ կեղծ ալկոհոլ արտադրելու, իրացնելու համար քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն: Սակայն սննդամթերքի դեպքում նման կարգավորում չկա, ինչը մեր կարծիքով՝ բացթողում է»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով իր համահեղինակությամբ «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու» նախագիծը, որով սահմանվում է քրեական պատասխանատվություն՝ կեղծ սննդամթերք արտադրելու եւ իրացնելու համար: Դավթյանն ասաց, որ հույս ունեն՝ նման փոփոխությունից հետո կեղծված սննդամթերք չեն հրամցնի մեր սպառողներին:

Այսպիսով, ըստ առաջարկվող կարգավորումների, կեղծված սննդամթերք արտադրելու եւ իրացնելու համար կպատժվեն նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատիկի չափով, իսկ եթե այդ արարքը մարդու առողջությանը պատճառի ծանր կամ միջին ծանրության վնաս, պատժվելու են տուգանքով նվազագույն աշխատավարձի մինչեւ 1000-ապատիկի չափով, այսինքն՝ 300 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամով ու զրկվելու են որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից կամ ազատազրկվեն մինչեւ 2 տարի ժամկետով: Իսկ եթե նման արարքը անզգուշությամբ մարդու մահվան պատճառ է դարձել, պատժվելու են ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով:

Իմքայլական Սիսակ Գաբրիելյանը հարցրեց՝ եթե ծանր վնաս են պատճառել մարդու առողջությանը, դրամական տուգանք է նախատեսվում, չպե՞տք է պատիժն ավելի խիստ լինի, ինչո՞ւ պիտի մարդու առողջությանը վնաս պատճառեն ու տուգանքով հարցը փակվի: Դավթյանը պատասխանեց, որ իր համար ընդունելի է ու եթե առաջարկի ավելի խստացնել, կընդունի այդ առաջարկը: Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց ավելի լայն դիտարկել խնդիրը, որովհետեւ մարդիկ միայն կեղծված սննդամթերքից ու ալկոհոլից չեն տուժում, օրինակ, իր ընկերը վերջերս գիպսակարդոն է գնել ու տունը վերանորոգել, բայց քանի որ իր մակնշման չափանիշներին չի համպատասխանել, ամբողջը փլվել է:

Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն ասաց, որ օրենսդրության մեջ արդեն սահմանված դրույթներ կան սպառողներին մոլորեցնելու, թյուրիմացության մեջ գցելու թերակշռելու համար: Ըստ Դանիելյանի, նախագծում նշված է, որ սննդամթերքը կեղծված է համարվում, երբ բաղադրությունը չի համապատասխանում մակնշմանը: Սա խնդրահարույց է. «Օրինակ, կաթնամթերքի դեպքում, եթե յուղայնությունը գրված է 2.5 տոկոս, բայց պարզվի՝ 2.6 տոկոս է, այս անձանց ուրեմն պետք է ենթարկել քրեական պատասխանատվությա՞ն»:

Հետո փոխնախարարն ուղղեց՝ ասելով, որ վերջերս թունավորման դեպքը կապված չէ Արթուր Դավթյանի մատնանշած հոդվածի հետ, հետեւաբար տեղին չէ դա հիշեցնել ու կապել այս նախագծի հետ. «Փաստ է, որ նման դեպք ունեցել ենք, բայց ձեր ասած դեպքը եղել է արտադրական անփութության կամ բացթողնման հետեւանք»: Սիսակ Գաբրիելյանը հիշեցրեց մանկապարտեզում թունավորման եւ այլ դեպքեր, ուստի հավաստիացրեց, որ նման կարգավորման անհրաժեշտության կարիք կա:

Նախագիծը քվեարկության չդրվեց, քանի որ պատգամավորների կողմից եղան նոր առաջարկներ: Դրանք պետք է ներառեն նախագծում ու լրամշակված տարբերակով ներկայացվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930