Այսօր «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ ղեկավար Բաբկեն Հարությունյանը միայնակ բողոքի ցույց էր անում Երեւանի քաղաքապետարանի մոտ։ Նա ասաց որ ցույցի է դուրս եկել, քանի որ իր հարցումներին քաղաքապետարանից չեն պատասխանում։ Հարցումները վերաբերում են քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական խոստումների իրականացմանը կամ չիրականացմանը։
«Զանգեցի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակության բաժին, ու հարցրեցի, թե ինչու իմ հարցմանը չեն պատասխանում։ Ինձ ասացին՝ խնդիրը կուսումնասիրեենք ու կպատասխանեք։ Մեկ շաբաթ է՝ պատասխան չկա։ Սա խոսում է ապիկար քաղաքապետի, բարձիթողի քաղաքապետարանի մասին, խոսում է այն մասին, որ չկայացած քաղաքապետը չի կարողացել իր խոստումներն իրականություն դարձնել»,-ասաց Բաբկեն Հարությունյանը։
Նա ծաղիկներով էր եկել ցույցի, բացատրեց՝ ինչու․ «Քաղաքապետարանը, որպես պետական կառույց, գոյություն չունի, մահացած կառույց է, ենթակա է թաղման»։ Բաբկեն Հարությունյանն իր հարցերով փաթեթն ու ծաղիկները դրեց քաղաքապետարանի շենքի մոտ։
Միայնակ ցուցարարը ներկայացրեց Մարությանի այն խոստումները, որոնք, ըստ իրեն, չի կատարել․«Խոստացել էր մշակել քաղաքի զարգացման ռազմավարություն, երկրորդ տարին է՝ չկա ռազմավարությունը։ Ասում էին՝ գործարանային մետրոյի շրջակայքում բիզնես կենտրոն է կառուցվելու եւ այլն, չկա։ Ոռոգման ցանցեր պիտի անցկացնեին այն կանաչ տարածքներում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա։ Չկա ցանցը։ Խոստացել էին 500 հազար ծառ են տնկել։ Վերելակները պիտի փոխեին, վերանորոգեին, պարզվեց վարկով ու պարտքով են անում, գործընթացն էլ այնքան դանդաղ է ընթանում, որ մարդիկ օրերով ոտքով են բարձրանում։ Տրանսպորտի հարցը՝ ցույց էին տալիս տաս մետրանոց ավտոբուսներ, հիմա պարզվեց՝ նորից գազելներին ենք վերադառնալու։ Խոստացել է ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղեր կառուցել, չկան»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ