Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր երկրների իշխանությունները աչք են փակում». Ավագ Հարությունյանը՝ ալկոհոլային «դրախտի» ու վերջին թունավորման մասին

Սեպտեմբեր 07,2020 11:39

«Գինու ազգային կենտրոնի» նախագահ եւ «Մարան» ընկերության հիմնադիր Ավագ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Արմավիրում տնական օղու թունավորման հայտնի դեպքի մասին, որը 17 մարդու մահվան պատճառ է դարձել, նշեց, որ անգամ Խորհրդային տարիներին նման պատճառով թունավորումները մի քանի մահից այն կողմ չէին անցնում: Նրա ձեւակերպմամբ, այս խնդիրն առկա է բոլոր երկրներում, ու դեռ ոչ մի երկիր չի հաջողել այն լուծելու ճանապարհին:

Ավագ Հարությունյանն ասում է, որ դա նախ եւ առաջ սոցիալ-քաղաքական երեւույթ է, ու պատճառներն էլ մի քանիսն են՝ սկսած ժողովրդի սոցիալական վիճակից մինչեւ քաղաքական իրականություն:

«Այս իշխանությունը, որ ունի լեգիտիմության շատ մեծ պաշար, կարող է հարցը կարգավորել, մինչդեռ անգամ վերահսկողության առումով բարձիթողի վիճակ է, մեզ խայտառակում ենք մի քանի շերտով՝ բյուջե, առողջություն, կեղծարարություն: Օրինակ, 1 լիտր հոնի օղի ստանալու համար 40 կգ հոն է անհրաժեշտ, բայց տեսեք, թե ինչքան հոնի օղի է վաճառվում Հայաստանում, նույնն էլ մորիի ու ելակի օղու դեպքում: Մենք խաչ ենք քաշում մեր վեց հազար տարվա մշակույթի վրա, զբոսաշրջիկները ծիծաղում են մեզ վրա»,-ասում է նա:

Իսկ իրականությունը հետեւյալն է՝ երկու տասնյակ մարդ է մահացել օղու թունավորումից, բայց չեն եղել ոլորտին առնչվող կառույցների պաշտոնյաների հրաժարականներ:

«Օղին եւ օղու նկատմամբ վերաբերմունքը, սկսած թորումից՝ վերջացրած իրացումով, բոլոր պետությունների համար եղել է մեծ քաղաքական խնդիր լուծելու գործիք՝ վերջին հիսուն տարում: Ի տարբերություն Ռուսաստանի, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում դա գոնե տեղափոխվել է այլ հարթություն եւ դարձել իրավունքի առարկա: Ռուսաստանում, սակայն, դա մնացել է իբրեւ քաղաքական գործիք եւ 1828 թվից, երբ մենք հայտնվեցինք Ռուսաստանի կազմում, պրոյեկտվել մեզ վրա:

1490-ականներից, երբ առաջին անգամ Ռուսաստանը առնչվեց այս խնդրին, մինչեւ այս վեց ֆունդամենտալ փոփոխություններ են կատարել, «չոր օրենքներ» մտցվել: Ամեն անգամ, երբ Ռուսաստանի ներքին կամ արտաքին անվտանգությանը ոչինչ չէր սպառնում, իրենք խստացնում եւ մոնոպոլիզացնում էին օղու արտադրությունն ու սպառումը, խիստ պատիժներ սահմանում: Բայց հենց պետք էր լինում ժողովրդին շեղել այլ խնդիրներից, բաց էին թողնում «ջինը» շշից, ազատականացնում էին դաշտը, եւ Ռուսաստանը ոտքից գլուխ թաղվում էր ալկոհոլի խավարի մեջ»,-նախապատմությունն ու պատճառներն է ներկայացնում մասնագետը:

Նա հավելում է, որ մինչ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը իսլամական լծի ազդեցության ներքո հակաալկոհոլային կանոններով էինք շարժվում՝մահմեդականներին կախում եւ գլխատում էին, իսկ քրիստոնյաները ենթարկվում էին իրավական եւ ֆինանսական պատիժների. «Կար գինու գեղեցիկ մշակույթ եւ օղու մշակույթ՝ շատ սահմանափակ»:

«Գինու ազգային կենտրոնի» նախագահը միեւնույն ժամանակ հավելում է, որ օղին դեռեւս ուրարտական ժամանակներից համարվում էր արքաների եւ Աստվածների խմիչք, քանի որ հասարակ մահկանացուներն ի զորու չէին դիմադրել օղուն: Այն մնացել է հասարակ մարդկանցից հեռու եւ թույլատրվում էր միայն առավոտյան օգտագործել սահմանափակ քանակությամբ, դրա համար մեր պապերը առավոտյան խմում էին հիսուն գրամ օղի, որպեսզի կարողանան ժամանակից շուտ մտնել աշխատանքային ռեժիմի մեջ:

«Մինչ դեկաբրիստների շարժումը Ռուսաստանը շատ հզոր էր, ներքին եւ արտաքին վտանգներ չուներ, հետեւաբար խիստ սահմանափակել էր օղու արտադրության եւ իրացման իրավունքները: Երբ դեկաբրիստներին պատժեցին, կրկին հերթական «ջինը» բաց թողեցին շշից: 1927-28 թթ Ռուսաստանն ուղղակի ալկոհոլային դրախտի մեջ էր, եւ Հայաստանն էլ իսլամական խավար հետո լծից հայտնվել էր լուսավոր ալկոհոլի դաշտում»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է, որ Արեւելյան Հայաստանում մինչ Ռուսաստանի կազմի մեջ հայտնվելը միայն սեղանի խաղող էր աճեցվում, որովհետեւ արգելված էր գինու խաղող աճեցնելը, բացառություն էին կազմում Նախիջեւանը, Վայոց ձորը, եւ Սուրմալուն. «Հայերը վարձակալեցին թուրքերից այգիները, բայց քանի որ հնարավոր չէր այդ խաղողից գինի պատրաստել, սկսեցին օղի թորել, որովհետեւ նաեւ իրավական դաշտն էր նպաստավոր դրա համար: Ռուս-թուրքական, ռուս-պարսկական պատերազմների ժամանակ, երբ մեծ ռուսական ներկայություն կար, օղին լավ սպառվում էր»,-գինուց օղուն անցնելու նախապայմաններն է ներկայացնում Ավագ Հարությունյանը:

Ասում է ՝ հիմնականում լեռնային գյուղերի ժողովուրդը եկավ Արեւելյան Հայաստան՝ եկան Կարսից, Խոյից, Բայազետից եւ Էրզրումից, իսկ լեռներում գինի չկար, նրանք սովոր էին օղու մշակույթին, որովհետեւ լեռնային շրջաններում օղի էին խմում:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ օղեթորման դաշտից գինու արտադրություն անցնելուն ու ֆրանսիացիների՝ Հայաստանում արված ներդրումներին: «Հայերը դարձան ցարական Ռուսաստանում՝ աճի տեմպերով եւ Կովկասում բացարձակ քանակով առաջինը՝ օղու եւ կոնյակի արտադրությամբ: Երբ պատերազմներն ավարտվեցին, նորից տոտալ վերահսկողության խնդիր առաջացավ: Միայն Երեւանի նահանգում 1860-ականներին վեց հարյուր օղեթորման գործարան կար, նույնիսկ փոքրիկ օղեթորման կաթսան ցարական կառավարությունը հաշվառում էր, որպեսզի ալկոհոլիզմը վերահսկվեր:

1913, 1914, 1915 թվականներին, երբ կորցրինք Սուրմալուն, Նախիջեւանը եւ մյուս գինեգործական շրջանները, մնացին զուտ օղեգործական շրջանները, Ռուսաստանը կրկին «չոր օրենք» մտցրեց, որովհետեւ պատերազմ էր: Դաշնակցականները նույնպես դա մեզ մոտ կիրառեցին, նրանք նաեւ փրկեցին մեր կոնյակի սպիրտի պաշարները: Կոնյակի սպիրտը վաճառում էին ոսկով՝ դեղեր գնելու համար: Երբ դաշնակցականներն ազգայնացրին «Արարատ» կոնյակի գործարանը, վերցրին Շուստովից, դրան նախորդեց շվեյցարացիներին վաճառելը, ապա գնաց դատ-դատաստանը մինչեւ 33 թվականը: Դրանից հետո սկսվեց կեղծ օղիների թորումը, որը հետո ճնշվեց Ստալինի կողմից: 1936-37 թթ կրկին խիստ սահմանափակումներ մտցվեցին: Իսկ ալկոհոլիզմի պիկը Ռուսաստանում ՆԷՊ-ի ժամանակաշրջանում է եղել, որը տարածվել է Հայաստանի վրա նույնպես»:

Ավագ Հարությունյանը նշում է, որ զինվորականների համար պատերազմի ժամանակ մտցվեցին 100 գրամները, սպաներին տալիս էին կոնյակի սպիրտ, զինվորներին՝ ուղղակի օղի: Եվ երբ ռազմաճակատից վերադարձան հայ զինվորականները, նրանք իրենց հետ բերեցին 100 գրամի մշակույթը:

«1957 թվականին Խրուշչովը հերթական «չոր օրենքը» մտցրեց, որովհետեւ յուրաքանչյուր երրորդ տղամարդը Ռուսաստանում հարբեցող էր: 1988 թվականին նույնիսկ մեծ բռնաճնշումներ սկսվեցին, հարյուր հազարավոր մարդկանց դատեցին 5-7 տարի՝ օղեթորման եւ կեղծ օղիների համար: Հետագայում նորից մեղմվեցին սահմանափակումները, որովհետեւ եթե բոլորին դատեին, Ռուսաստանում մարդ չէր մնա»,-մանրամասնում է մեր զրուցակիցը: Ավագ Հարությունյանն ասում է՝ խնդիրը լուրջ էր նաեւ ԱՄՆ-ում, այնտեղ եւս չկարողացան այս ամենի դեմն առնել ու ստիպված հարկային դաշտ մտցրին:

Ավագ Հարությունյանը ժպտալով պատմում է, որ Ռուսաստանում եղավ շրջան, որ թորման փոքրիկ սարք էին դնում ձորում, ու ամեն մարդ իր օղին էր թորում եւ այդ օղու անունը դրել էին եղեւնու արցունք, իսկ ԱՄՆ-ում՝ լուսնի շող. «Այնպես որ, սա ոչ մի մեխանիզմով հնարավոր չէ կանխել, միայն մշակույթի եւ գիտակցության բարձրացման շնորհիվ կարելի է հարցը լուծել: Ի դեպ, աշխարհի հինգ երկրների մեջ ենք՝ օղի խմողների բնակչության մեկ շնչին ընկնող հաշվով: Չես կարող գյուղացուն արգելել, որ իր համար օղի թորի, մյուս կողմից օղու վաճառքի 60-70%-ը կեղծ օղիներն էին:

Կառավարությունը փորձեց մեծ օղի թորողներին ճնշել, փոքրերին թողնել, բայց էլի ոչինչ չստացվեց: Արդյունքում ի՞նչ տեղի ունեցավ. ռեստորաններում, շուկաներում, խանութներում վաճառում են ավելի շատ մասնավոր օղիներ, քան սովորական օղիները; Սա մեծ խնդիր է մեզ համար՝ նախ բյուջե փող չի մտնում, առավել կարեւոր է առողջության խնդիրը: Բոլոր երկրների իշխանությունները աչք են փակում խնդրի վրա: Օրինակ, Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Կանադայում, Դանիայում իրենք խնդիրը լուծել են, այնտեղ խնդիրը գտնվում է ռոմանտիզմի դաշտում՝ քիչ են թորում, դա խմում են բոլորով, ուրախանում, իսկ Հայաստանում մարդիկ կան, որ տոննաներով են օղի թորում, ինչը խփում է բյուջեին, արդյունաբերությանը, մշակույթին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930