Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը կեղծ տեղեկանքով եկավ պաշտոնի եւ պաշտոնից հետո թողեց Հայաստանն ու գնաց իր՝ փոքրուց երազած տեղը՝ Մոսկվա, պոլիտբյուրոյի կենտրոն»

Սեպտեմբեր 07,2020 14:30

Հովհաննես Իգիթյանը՝ Քոչարյան-Սերժ Սարգսյան «պինգ պոնգի», լարված հարաբերությունների ու պայմանավորվածությունների մասին

«Ես ուզում եմ թարմացնել հիշողությունը, թեեւ չեմ կարծում, որ մարդիկ մոռացել են: Հիշո՞ւմ եք, կար ժամանակ, երբ մարդիկ խոսում էին, մամուլում ասում էին, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ունեն հակասություններ: Հիշո՞ւմ եք՝ դա երբ է սկսվել: Եթե վերցնենք այդ վատ հարաբերությունների կամ, այսպես ասած, հակասությունների գագաթնակետը, մենք կհիշենք, որ դա սկսվել է 2008-ի Մարտի 1-ից հետո»,- «Առավոտի» հետ զրույցում, խոսելով Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերությունների վերջին զարգացումների մասին,  ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, խոսել էր Սերժ Սարգսյանի մասին՝ ասելով, որ որպես իր իրավահաջորդ, ուզում էր տեսնել մի մարդու, որը կշարունակի իր գիծը, սակայն Սերժ Սարգսյանից հիասթափություն է ապրել: Ու հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է սրանով լուծում Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին այլ հարթակ տեղափոխելով, որովհետեւ մինչ այդ նրանք նույն «նավի» մեջ են եղել:

Հովհաննես Իգիթյանը հիշեցրեց, թե ինչից է սկսվել նրանց «կռիվը». «Կա երկու հանգամանք: Գաղտնիք չէ, այն ժամանակ էլ բոլորս հասկանում էինք, թե ինչ է նշանակում Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան այս «պինգ պոնգը»: Նրանք վերցրել էին Ռուսաստանի օրինակը՝ Պուտին-Մեդվեդեւ, եւ, հավանաբար, պայմանավորվածություն կար, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը երկու ժամկետ պետք է անցներ, եւ Ռոբերտ Քոչարյանը պետք է վերադառնար: Ընդ որում, այն  ժամանակ խոսակցություններ կային, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է շարունակի՝ որպես վարչապետ: Սա էր պատճառը, որ ինքը նույնիսկ խորհրդարանում փորձեց ստեղծել եթե ոչ մեծամասնություն, ապա հիմնավոր ձայներ՝ խմբակցություն: Ինձ թվում է, դա մի վարկած է, որ Մարտի 1-ի գործողությունները Ռոբերտ Քոչարյանն արեց հատուկ, որպեսզի սեւացնի Սերժ Սարգսյանի մուտքը եւ պաշտոնավարման գործընթացը: Երեւի թե Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ ուզում էր, որ Սերժ Սարգսյանը ոչ թե երկու ժամկետով մնար նախագահ, այլ՝ օր շուտ, տարի շուտ գնար, մաքսիմում՝ մեկ ժամկետից հետո:

Այն ժամանակ սկսվեց ոչ միայն իշխանության հանձնում, փոխանցում Ռոբերտ Քոչարյանից դեպի Սերժ Սարգսյանը, այլ սկսվեց ոլորտների ազդեցության վերաբաշխում: Խոսքը այն «չալաղաջ» կամ «եկամտաբեր» բիզնեսներում, ոլորտներում աշխատող մարդկանց փոփոխությունն է: Այսինքն, պարզ ասած, Ռոբերտ Քոչարյանի մարդիկ փոխարինվում էին Սերժ Սարգսյանի մարդկանցով: Եվ ահա այստեղ է, որ այն ժամանակ ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն ունեն հակասություններ: Քոչարյանի դրած եւ հավատարիմ մարդը հանվում էր բիզնեսից կամ աշխատանքից եւ տեղավորվում էր Սերժ Սարգսյանի «մարդը»: Այստեղ առնվազն միջին մակարդակներում եղել է ուժեղ կոնֆլիկտ: Մնացած խնդիրները, եթե վերցնենք զուտ քաղաքական կամ անձնական, չեմ կարծում, որ իրենց մեջ մեծ խնդիր եղել է: Նրանք նույն թիմից էին, նույն նպատակի համար էին իշխանության ձգտում եւ իշխանությունը պահում»:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը այսպես է բացատրում 2018-ի հեղափոխության պատճառները՝ պոպուլիստական ալիքի թրենդ կար, տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացել էին ու այն խումբը, որը ներկայումս եկել է իշխանության, կարողացել է այդ տեղեկատվական քաոսը կառավարել, իսկ ՀՀԿ-ի իշխանությունը այդ գործիքներին չէր տիրապետում, ինչպե՞ս կարձագանքեք այսօրինակ բացատրությանը՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանը մի խնդիր ուներ ու շարունակում է ունենալ նույն խնդիրը՝ ինքը Հայաստանի հետ կապված չէ, ինքը Հայաստանի քաղաքացի չէ: Ինքը կեղծ տեղեկանքով եկավ պաշտոնի եւ անմիջապես իր նախագահական ժամկետն ավարտելուց հետո թողեց Հայաստանն ու գնաց  իր՝ փոքրուց երազած տեղը՝ Մոսկվա, պոլիտբյուրոյի կենտրոն տեղը: Ես դա հիմնավորված եմ ասում, որովհետեւ անմիջապես հետո ինքը օգտագործեց իր ֆինանսական ռեսուրսները եւ իր նախկին գործնական կապերը Ռուսաստանում՝ Ռուսաստանի համար ռազմավարական պաշտոն զբաղեցնելու: Այստեղից են գալիս իր խնդիրները՝ Հայաստանի իրավիճակը ներսից չընկալելու ու ժողովրդի սպասումները, բողոքները, ակնկալիքները չհասկանալու խնդիրը: Էլ չեմ ասում, որ այդպիսի բարդ ժամանակաշրջան, ինչպիսին հեղափոխությունն է, կամ հեղափոխության բերած հանգամանքները, ինքը չի հասկանա: Ի՞նչ տեխնոլոգիաների մասին է խոսքը, երբ հեղափոխությունից մի ամիս առաջ, մեկ տարի առաջ, 5-10 տարի առաջ ամբողջ մամուլը հիմնականում վերահսկվում էր իրենց կողմից: Մենք ունեցել ենք մի քանի փոքրաթիվ թերթեր եւ հարթակներ, որտեղ մեր ընդդիմադիր խոսքն էր հնչում: Պրոպագանդայի մասին խոսել այս իրավիճակում, երբ սահմանափակված ռեսուրսներով մի քանի հարթակ կար Հայաստանում, անհնար է: Եթե հիշենք հեղափոխությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը չգիտի այն, որովհետեւ ինքը հեղափոխությունը պատկերացնում էր, օրինակ, Օպերայի մոտ նստած մարդկանց ձեւով, կամ ղեկավարությունը գլխատելով, ընդդիմադիր լրատվական միջոցը փակելով, տապալելով շարժումը, բայց Հայաստանում այդ բողոքը եղել է գյուղ առ գյուղ, բնակարան առ բնակարան, Հայաստանի այն գյուղերում, որտեղ նույնիսկ ինտերնետ չկար, բողոք եղել է: Այս ամբողջը ինքը չգիտի: Ինքը մտածում է, որ արտասահմանից  ինչ-որ մեկը եկավ, փող ներդրեց ու բան արեց, ի՞նչ արտասահմանցու մասին է խոսքը: Թող գնա գյուղացիներից ճշտի, այդ մարդիկ իրենց ժամանակը դաշտում էին անցկացնում, նույնիսկ հեռուստացույց չէին նայում, էլ չեմ ասում, որ սոցցանցերում լինեին ու հետեւին: Ինքը սա չի հասկանում: Ինքը մտածում է, որ ՀՀԿ-ն 2-3 սխալ է թույլ տվել, կամ 2-3 բանի չի հետեւել, եւ եղավ հեղափոխություն; Ո՛չ: Հեղափոխությունը եղել է՝ որպես աշխարհայացքի փոփոխություն, մարդիկ այլ ձեւով սկսեցին մտածել կյանքի մասին, ու հարցն այն չի, թե մարդիկ ում են ընտրել: Դա այս պահին եղել է «ՔՊ»-ն, թե այլ ուժ: Այլեւս անհնար է, որ Ռոբերտ Քոչարյանի նման մտածող մարդիկ կամ նախկին ՀՀԿ-ի նման  մտածող, նման վարվելակերպ ունեցող մարդիկ գան Հայաստանում իշխանության: Վաղը մենք կլինենք, թե չենք լինի՝ էական չէ: Ինձ թվում է արդեն անդառնալի է, թե կլինեն մոտավորապես նույն մտածելակերպին համապատասխանող քաղաքական ուժեր»:

Քոչարյանը նաեւ հայտարարեց, թե հայ-ռուսական հարաբերությունները քայքայվում են, Հայաստանը «սորոսիզացիայի» մեջ է, սորոսականները իշխանության ներսում են, իսկ իր օրոք նման բաներ չկային, ինքը նույնիսկ չգիտեր էլ, որ գրասենյակ ունեն ՀՀ-ում: Իգիթյանը պատասխանեց. «Հայ-ռուսական հարաբերությունների վերլուծությունը մենք անում ենք՝ անկախ նրանից՝ Ռոբերտ Քոչարյանը տալիս է հարցազրույց, թե չի տալիս: Ռոբերտ Քոչարյանը հիմա գտնվում է մի փուլում, որտեղ քննչական գործով առաջադրված մեղադրանքների  եւ հարցերի պատասխան են տալու: Իր փաստաբանական թիմը կարողացել  է այս փուլը երկարացնել, շեղել ուշադրությունը, բայց անցել է արդեն այդ ժամանակն էլ: Արդեն կոնկրետ հարցեր կան, ու այդ հարցերին ինքը պետք է պատասխանի: Ինքը շեղվել է իրականությունից ու չի հասկանում Հայաստանում ու նույնիսկ Ռուսաստանում ինչ է կատարվում: Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններում կոռոզիա կամ ինչ-որ խնդիրներ կան: Հարցեր կան, այո՛, դրանք դբարձրացնում է թե՛ հայկական կողմը, թե՛ ռուսական: Ընդ որում, հարցերը հիմնականում բազմակողմանի հարաբերությունների հարթակում են, օրինակ, ԵԱՏՄ-ի: Ռուսաստանի հետ կապված եւս կան հարցեր, բայց այդ հարցերը ռազմավարական, խնդրահարույց մակարդակի չեն: Հայաստանն ու Ռուսաստանն ունեն դարավոր պատմություն, այդ հարաբերությունները արդեն ձեւավորված են, ու նույնիսկ, եթե Հայաստանի որեւէ իշխանություն կամ Ռուսաստանի որեւէ իշխանություն ցանկանա փոխել այս հիմքը, դժվար թե կարողանա, որովհետեւ իշխանությունները գալիս-գնում են, բայց ընդհանուր ֆոնը, հիմքը մնում է, սա է կարեւորը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930