Արարատ Մկրտչյանն անդրադառնում է կարանտին սահմանելու մասին օրենքին եւ կորոնավիրուսի դեպքերի նվազման պատճառներին
Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը գտնում է, որ խորհրդարանի ընդունած կարանտին սահմանելու մասին օրենսդրական փաթեթը շատ տեղին է, եւ նույնիսկ ավելի շուտ պետք է արվեր։
«Առավոտ»-ի հետ զրույցում պարոն Մկրտչյանը հիշեցնում է՝ կորոնավիրուսի համաճարակը, երբ դեռ նոր էր սկսել, ինքն առաջարկել էր համաճարակի հետ կապված բոլոր խնդիրները կանոնակարգել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքով։
ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքներում փոփոխություններ, որով արտակարգ դրությունը սեպտեմբերի 11-ից այլեւս չի երկարաձգվի, սակայն, իրավիճակից ելնելով, համաճարակի գոտում, ըստ այս օրենսդրության, կարող են կարանտին սահմանել՝ անձանց ազատ տեղաշարժի, հավաքների կամ հանրային միջոցառումների սահմանափակումներ մտցնել։
Կարդացեք նաև
«Օրենքում փոփոխությունը վաղուց էր պետք անել եւ անընդհատ արտակարգ դրություն չսահմանել։ 28 տարի է՝ օրենքը կա, պետք էր համաճարակի բնույթից եւ համաճարակի տարածվածությունից ելնելով՝ օրենքում փոփոխություն անել, ոչ թե անընդհատ արտակարգ դրությունը երկարաձգել։ Հիմա այս փոփոխությունը տեղին է, եւ ես մտահոգվելու բան չեմ տեսնում։ Այլ բան է, թե որքանով է նրա կիրառումը համահունչ այն իրավիճակին, որն այս պահին կա»,-ասում է նախկին նախարարը։ Նա մտահոգություն ունի, թե լիազոր մարմինն արդյո՞ք նոր օրենսդրությամբ ճիշտ միջոցառումներ կկիրառի, ասենք՝ համաճարակային տվյալ իրավիճակում մեղմ միջոցառումների փոխարեն ամենախիստ միջոցառումները չի կիրառի՝ կարանտին սահմանելու դեպքում։
«Լիազորությունները կարող են չարաշահել, տեղին-անտեղի կարող են ասել՝ դիմակ կրեք, պառկեք, վեր կացեք, եւ այլն։ Բայց դե, ժողովուրդը վեց ամիս արտակարգ դրությանը դիմացավ, հիմա էլ կարանտին անունով դրությանը կդիմանա։ Անուններից են վախենում, բայց կարեւորն այն է, թե ինչ անել, որպեսզի համաճարակը չտարածվի»,- ասում է նախկին նախարարը։
Կորոնավիրուսային նոր դեպքերի նվազման մասին էլ պարոն Մկրտչյանն ասում է՝ դիմակի պարտադիր կրումը էական ազդեցություն նոր դեպքերի նվազման վրա չի թողել, պատճառն, ըստ նախկին նախարարի, այլ է. «Փակ տարածքներում դեմ չեմ դիմակ կրելուն, վարակը տարածվում է սերտ եւ երկարատեւ շփման ժամանակ։ Բայց, չորս ամիս բոլորին ստիպում էին ձեռնոց հագնել։ Ես ասացի՝ անիմաստ է, ու բոլորը սկսեցին՝ վայ, էս ի՞նչ է ասում եւ այլն։ Բա հիմա ինչո՞ւ չեն կրում։ Որքանո՞վ է արդյունավետ դիմակաձեռնոցակրումը, գնահատականը թողնենք հետո, երբ համաճարակն ավարտվի, ու ու հատուկ հանձնաժողով ստեղծվի այդ ամենն ուսումնասիրելու համար։ Բայց ԱՀԿ փորձագիտական համայնքը, որը շատ բարձր մակարդակ ունի, մինչեւ հիմա կարծիք չի հայտնել բաց տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտության մասին, նույնը՝ ձեռնոցների մասին։ Էդ տոննաներով ախտահանիչ նյութերի օգտագործումը՝ փչել այստեղ-այնտեղ, մուտքերում, լվանալ փողոցները եւ այլն, դրանց ծախսարդյունավետության վերաբերյալ, եթե հանձնախումբ ստեղծվի, իրենք կասեն: Բայց նոր դեպքերի նվազումը հանրային իմունային շերտ ձեւավորելու հետեւանքով է տեղի ունենում, մենք հիմա իմունիտետի առաջացման գործընթացում ենք՝ հունիսի համեմատ նոր հայտնաբերված դեպքերը երեք անգամ նվազ են»։
Թե բնակչության քանի՞ տոկոսը պետք է վարակված լինի, որպեսզի հանրային իմունիտետ ձեռք բերվի, այս առնչությամբ մասնագիտական կարծիքները տարբեր են, ոմանք շատ բարձր թվեր են նշում, մինչեւ՝ նույնիսկ յոթանասուն տոկոս։ Արդյոք մենք այդ ցուցանիշին հասե՞լ ենք՝ նախկին նախարարը հարցին հարցով է պատասխանում. «Իսկ ո՞վ է հաշվել՝ ո՞վ է ստուգել՝ մեր բնակչության քանի՞ տոկոսն է վարակված։ Այսօր բոլոր գիտնականները հայտարարում են, որ վիրուսի ազդեցությունը թուլացել է, հիմա չկա նախկին՝ մի քանի ամիս առաջվա վիրուսը, հիմա այն ավելի քիչ վարակող է, այսպես ասած՝ վիրուսը «հոգնել է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.09.2020