Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վագոն-տնակի տխուր պայմաններից կազատվի եւս մեկ ընտանիք

Սեպտեմբեր 07,2020 13:30

Լավ կյանքի հույսն ու հեռանկարը, տարիներ առաջ, Կարապետյանների ընտանիքին երկրի սահմաններից դուրս էին հանել:

Օտարության մեջ, սակայն, նախատեսված ծրագրերն ու կյանքի հունն այլ ընթացք են ստացել: Բազմաթիվ՝ առողջական ու ֆինանսական խնդիրներ հաղթահարելուց հետո, Կարապետյաններն ստիպված են եղել վերադառնալ Հայաստան: Անտուն մնացած ընտանիքը մի փոքրիկ հողակտոր է գնել ու ապրել վագոն-տնակում: Արարատի մարզի Դվին գյուղում տեղադրված երկաթյա կացարանը, 8 տարի Կարապետյաններին ծառայելուց հետո, քայքայվել է:

«Վագոն-տնակը մետաղական է եւ քայքայվել է: Ներսում վաղուց կաթում էր, առաստաղն էլ շարքից դուրս էր եկել: Փորձեցինք դեմն առնել, նորոգել, բայց ամեն ինչ ժամանակավոր էր: Ստիպված հարմարվել ենք, բայց այլեւս հնարավոր չէ համակերպվել»,-ասել է տանտիրուհին՝ Մելսիդա Կարապետյանը:

Որդու՝ Մարտիկի ընտանիքին օգնելու նպատակով, 91-ամյա հայրը՝ Սոտնիկը, շինարարություն է նախաձեռնել՝ ներդնելով տարիներ շարունակ հավաքած խնայողությունը՝ կենսաթոշակը: Ավելին չկարողանալով՝ Սոտնիկը որդուն ուղղորդել է դիմել հանրապետության բոլոր մարզերում տնաշինական ծրագիր իրականացնող գործընկեր կազմակերպություններին՝ Վիվա-ՄՏՍ-ի ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»: Ծրագրում ընդգրկված՝ Կարապետյանների ընտանիքը շինարարությունն սկսել է իրականացնել համավարակի պայմաններում:

«Ինչ կազմակերպել եւ արել եմ՝ իմ շնորհքն է: Թոշակս հավաքել եմ՝ իմ ձեռքով երեխաներիս օգնելու համար: Արել եմ, որ իմ մահից հետո ոչ ոք դրսում չմնա: 91 տարեկան եմ, աշխատել եմ մինչեւ 88 տարեկան: Ես ինձ պահում եմ՝ երեխաներիս էլ՝ ինձ հետ: Շինարարությանը չեն թողնում մասնակցեմ՝ ասելով, որ ես իմ գործն արդեն արել եմ»,-ասել է Սոտնիկ Կարապետյանը:

Արդեն մի քանի ամիս ընթացող շինարարությունը փոխել է ընտանիքի անդամների տրամադրությունն ու վաղվա օրվա նկատմամբ հավատը: Աշխատում են օր առաջ ավարտին հասցնել այն, ինչը չի հաջողվել նախկինում: 91-ամյա պապն էլ անհամբեր սպասում է նոր տան բացման արարողությանը: Հույս ունի, որ  որդու ընտանիքը Նոր տարին կնշի քարե տանը, իսկ ինքը, սեղանի պատվավոր հատվածում նստած՝ կընդունի իրենց աջակցող կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնիե» ներկայացուցիչներին:

Սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող՝ տարիների գործընկերներն ակտիվորեն հետեւում են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ ձգտելով տարեվերջին արձանագրել ծրագրով նախատեսված՝ ցանկալի արդյունքը:

«Առավոտ» օրաթերթ
05.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930