Համաձայնվեք` հետաքրքիր է, երբ իմանում ես, որ օրեր հետո 76-ը բոլորող Ալբերտ Ղարաքեշիշյանը սկսել է ստեղծագործել, գրում է բանաստեղծություններ, երբեմն հուշերն է հանձնում թղթին:
Առավել հետաքրքիր է դառնում նրա հետ զրուցելը, երբ պարզում ես, որ կենսաթոշակառու Ղարաքեշիշյանը նախկինում ոստիկանության աշխատակից է եղել, 36 տարվա աշխատանքային ստաժ ունի, փոխգնդապետի կոչում:
«Ոնց որ մեկը հուշի, որ գրեմ», -ասում է ինձ հետ հեռախոսային զրույցի ժամանակ:
Նա Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղից է, իր խոսքով, երբ գյուղ է գնում, տեսնում որբացած սարերը, մանկության թաղերը, գյուղը, աղբյուրը, անտարբեր չի կարողանում անցնել. «Ոնց որ մարդ արտասվի, երբ գնում է գյուղ»:
Իր բանաստեղծություններից մեկում նա գրել է.
Կարդացեք նաև
«Իմ հասցեն հաճախ փոխել եմ կյանքում,
Քո հասցեն միշտ էլ նույնն է մնացել,
Եվ երբ բախտը ինձ տանջել է թաքուն
Ես հոգնած ու լուռ քո գիրկն եմ եկել»:
Նա գրում է մեր մեծերի մասին՝ Սեւակ, Շիրազ, խորհրդանիշերի՝Մասիս, Վանա լիճ, Եռագույն, Հայրենիք, իսկ իր մի բանաստեղծության մեջ անկեղծանում է.
Քո դեմ չեմ կարող չլինել անկեղծ,
Ես երջանիկ եմ քո հողի վրա,
Քեզնով է սերվում Հայրենիքս մեծ,
Քեզնով վերջանում սահմանը նրա»:
Բարեկամավանը, ըստ նրա, գլխավոր այն զարկերակն է, որն անխախտ է պահում իր էությունը:
«Գյուղը մի օր ինձ ճամփեց մայրաքաղաք,
Որ իմ եզերքի լույսը վառ պահեմ…»
Հարցիս, թե չափածոյից բացի, չի՞ մտածում գրել արձակ, հուշեր, հիշողություններ իր անցած ճանապարհի մասին, Ալբերտ Ղարաքեշիշյանը պատասխանում է, թե սկսել է, եւ միտքն անվերջ իր գործընկերների կողմն է, որոնք ի տարբերություն այսօրվա ոստիկանների, նվիրյալներ էին, եւ երկու ամիսը մեկ չեն փոխում իրենց աշխատատեղերը:
«Հայրս բարեխաչ կաչում է ինձ տուն
Քամուց թեքվում է իր խնձորենին
Ու շրշում հորս խոսքերն իմաստուն
Ուր էլ որ լինես, որդիս, տուն արի…»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.09.2020