Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոյին մրցանակները վերադարձրած բարիտոնը՝ Թոփչյանի «Տրավիատայում»

Սեպտեմբեր 07,2020 12:00

Հարցազրույց առաջին անգամ Հայաստանում գտնվող բելառուս օպերային բարիտոն Իլյա Սիլչուկովի հետ

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի այգում ներկայացրին Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը ՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան) եւ մեներգիչների:

–  Պանդեմիայի շրջանում դուք ընդհանրապես առաջին արվեստագետն եք, որ հյուրախաղով ժամանել եք Հայաստան: Պետք է նշենք, որ ձեր բախտը բերել է, քանի որ համավարակով պայմանավորված՝ Երեւանում են մեր հրաշալի ձայները՝ գերմանաբնակ սոպրանո Լիանա Ալեքսանյանը, որը հանդես կգա կուրտիզանուհու դերերգով, Ալֆրեդ Ժերմոնի մեկնաբան տենոր Լիպարիտ Ավետիսյանը: Բնականաբար, փորձերի ընթացքում ծանոթացել եք եւ ունեք սեփական կարծիք մեր օպերային մյուս բարձրակարգ երգիչների մասին, այդ թվում՝ մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանի, բաս Պողոս Բեազբեկյանի, տենոր Հովհաննես Անդրեասյանի, բաս Հովհաննես Ներսեսյանի, սոպրանո Լուսինե Օրդուխանյանի, բաս Աշոտ Ղանթարջյանի մասին: Ցանկալի է լսել ձեր խոսքը դիրիժոր Էդուարդ Թոփչյանի մասին եւս: Ձեզ կարող ենք հուշել ընդամենը, որ մաեստրո Թոփչյանը օպերասեր դիրիժոր է, ֆիլհարմոնիկը նրա ղեկավարության շուրջ 20 տարիների ընթացքում համերգային կատարումների, բեմականացումների ու բեմադրությունների ձեւաչափով հանդես է եկել  համաշխարհային օպերային գրականության մոտ 15 գլուխգործոցների մատուցմամբ: «Տրավիատային» Թոփչյանն անդրադառնում է առաջին անգամ: Սովորաբար մենք խոսում ենք պրեմիերայից հետո, բայց այս դեպքում որոշեցինք Ձեզ զրույցի հրավիրել գլխավոր փորձից հետո, քանի որ ըստ արեւմտյան մամուլի, «Տրավիատայում» Ժերմոնի դերերգը ձեր այցեքարտն է:

– Իսկապես Ժերմոնն իմ այցեքարտն է, ինչպես եւ Եվգենի Օնեգինի դերերգը Չայկովսկու համանուն օպերայում: Առաջին անգամ Ժերմոնի դերերգով հանդես եմ եկել 2013թ., Էստոնիայի ազգային օպերային թատրոնում, այնուհետեւ՝ Բռնոյում եւ այլն: Իսկ այս օպերայի համերգային կատարմանը առաջին անգամ եմ մասնակցելու: Ծանոթ եմ ձեր օպերային ձայներին, օրինակ, Լիպարիտ Ավետիսյանի հետ առաջին հանդիպումս կայացել է Հելսինկիում, նրա տիկնոջ՝ Ալինա Փահլեւանյանի հետ ծանոթացել եմ Հարավային Կորեայում կայացած մրցույթում, Հովհաննես Անդրեասյանի հետ մեր մտերմությունը սկսվեց Մինսկից, դաշնակահար-կոնցերտմայստեր Լեոն Ջավադյանի հետ էլ, եթե չեմ սխալվում՝ 4 տարի առաջ, Մոսկվայում՝ Պավել Լիսիցյանի անվան մրցույթում: Հիացած եմ ֆրանսաբնակ երգչուհի, մեցցո-սոպրանո Աննա Կասյանի արվեստով, որի ընկերակցությամբ Ֆրանսիայում մասնակցել եմ Պուչինիի «Թիկնոցը» օպերայի ներկայացմանը: Դուք նշեցիք, որ օպերասեր է ձեր ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը, ես հավելեմ, որ նա ոչ միայն օպերասեր է, այլ նաեւ պարզապես գիտակ, որի հետ դյուրին է աշխատելը: Փորձերի ընթացքում նա կոնկրետ ինձ այնպիսի դիտարկումներ կամ հուշումներ էր անում, որ հատուկ է իսկապես օպերային գիտակի: Ճիշտ է, բազմիցս եմ այս դերերգով հանդես եկել, իհարկե, ներկայացումից-ներկայացում, հյուրախաղից-հյուրախաղ ավելի է կատարելագործվել, բայց հավատացնում եմ, որ Թոփչյանի ցուցումներով զինված կմեկնեմ Հայաստանից, հետագայում դրանք նկատի ունենալով: Ինչ վերաբերում է ընդհանրապես օպերաների համերգային կատարումներին, որպեսզի լայն ընթերցողին ավելի մատչելի լինի, բերեմ մեկ կենցաղային օրինակ. վերցնենք ֆրանսիական խոհանոցը եւ արագ սնունդը: Տեսեք, մենք արագ սննդի դիմում ենք ժամանակի սղության պատճառով, փաստորեն արագ-արագ կուլ ենք տալիս սնունդը եւ վերջ: Իսկ ֆրանսիական խոհանոցի դեպքում մենք նույն սնունդը վայելում ենք: Հիմա, համերգային կատարման ընթացքում, հանդիսատեսը վայելում է զուտ երաժշտությունը, թեպետ մենք փորձում ենք նվազագույն ժեստերով, բնականաբար, առանց համապատասխան ատրիբուտների (դեկոր, հագուստ, գրիմ) խաղալ: Մի ցանկություն ունեմ, իհարկե, մեկնելուց առաջ ես դա կհայտնեմ մաեստրո Թոփչյանին, այն է՝ մեծ սիրով երկրորդ, երրորդ, գուցե եւ հազարերորդ անգամ կվերադառնամ Հայաստան եւ կհամագործակցեմ հենց այս նվագախմբի եւ հին ու նոր գործընկերներիս հետ:

– Տպավորություն է, որ աշխարհում նոր կորոնավիրուսի ի հայտ գալը լուրջ չընդունվեց ձեր երկրի ղեկավարության կողմից…

– Դա այդքան էլ այդպես չէ: Օրինակ, մշակութային ոլորտում ապրիլից դադարեցրին ներկայացումները մեծ բեմերում, այդ թվում՝ Բելառուսի մեծ թատրոնում, որտեղ սկսել եմ իմ կարիերան 2005 թվականին: Սկսած ապրիլից՝ մինչ օրս անցկացվում են մշակութային երեկոներ կամերային կազմերով արտիստների մասնակցությամբ, որին ներկա է գտնվում ոչ մեծ թվով հանդիսատես: Այդ առումով մենք ոչ միայն ձեզ հետ ենք բախտակից, այլեւ աշխարհի…

– Թեեւ դուք մեկ-երկու տարի է շեմել եք երիտասարդության տարիքը, այդուհանդերձ ունեք հասուն արվեստագետին հատուկ բեմական կենսագրություն, որը ներկայացնելը ծավալի իմաստով հնարավոր չէ օրաթերթում: Մեր ընթերցողին միայն տեղեկացնենք, որ հանդես եք եկել եվրոպական երկրներում, Ամերիկա մայրցամաքում, Արեւմուտքում, բայց յուրաքանչյուր արվեստագետի համար առաջինն իր հայրենիքում բարձր գնահատականի արժանանալն է կարեւոր: Թեեւ դեռ վաստակավորի կոչման չեք արժանացել, բայց ձեր պարգեւների թվում են Բելառուսի նախագահի հատուկ ֆոնդից ստացած երեք գրան-պրիները: Գաղտնիք չէ, որ այս պահին ձեր երկրում բարդ իրավիճակ է…

– Ես չէի ցանկանա մեր զրույցը քաղաքականացվեր…

– Վերջին շրջանում Լուկաշենկոյից ստացած իրենց պարգեւներն են վերադարձրել  շատ անվանի արվեստագետներ, այդ թվում՝ Վլադիմիր Սպիվակովը: Որոշներն էլ իրենց սատարման խոսքն են ուղղել բելառուս ժողովրդին, օրինակ՝ Մարիա Գուլեգինան՝ սեփական ժողովրդի դեմ բռնություն կիրառելու առիթով:

– Կրկնում եմ՝ ես չէի ցանկանա քաղաքականացվեր մեր զրույցը, ընդամենը արձանագրեմ մեկ փաստ. Ես էլ, հենց սեփական ժողովրդի դեմ բռնություն կիրառելու պատճառով, վերադարձրել եմ Լուկաշենկոյից ստացած երեք գրան-պրիները:

– Իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ 26 տարի նախագահող Լուկաշենկոն ոչ մի անգամ հանդիսատեսի կարգավիճակով ներկա չի գտնվել ձեր օպերային թատրոնում:

– Ընդամենը մեկ նախադասությամբ կպատասխանեմ. ոչ միայն մեր օպերային թատրոնում, նա իբրեւ հանդիսատես ներկա չի գտնվել եւ ոչ մի դրամատիկական թատրոնում, բայց այցելել է, ասենք, Հայրենական մեծ պատերազմը ներկայացնող թանգարան ու նման վայրեր: Մի բան էլ հավելեմ, վստահ եմ եւ ձեզ, եւ ձեր ընթերցողին հասկանալի կլինի. այս պահին մեզ մոտ իրենց գործունեությունն են դադարեցրել հեղինակավոր մշակութային շատ օջախներ:

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Ինչ որ ընդհանուր բան կա մեր միջև՝ նա նախագահից ստացված մրցանակներն է վերադարձրել, իսկ ես հրաժարվել եմ տիտղոսներին առաջադրվելուն … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930