Վիեննական շնիցելը ավստրիական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է՝ պատրաստված հորթի կամ խոզի մսից (իրական բաղադրատոմսում հորթի միսն է, եւ խոզի մսով պատրաստվելու դեպքում պահանջվում է անպայման նշել՝ «Վիեննական շնիցել խոզի մսով»): Ավստրիայում կամ Գերմանիայում չեք գտնի աուտենտիկ խոհանոցով որեւէ ռեստորան, որտեղ վիեննական շնիցելը չլինի մենյուի մեջ: Իրականում այն շատ հեշտ է պատրաստելը, եւ անչափ համեղ, եթե, իհարկե, լավ եւ որակյալ միս եք գտել:
Անհրաժեշտ մթերքները
Տավարի փափկամիս (պարտադիր պետք է վերցնել առանց ջլերի, լանգետի համար նախատեսված միս)- 2 կտոր՝ յուրաքանչյուրը 150-200 գրամանոց
Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Կարդացեք նաև
Ալյուր- 1 բաժակ
Հավկիթ-2 հատ
Աղացած պաքսիմատ-1 բաժակ
Կարագ կամ հալած յուղ-կես բաժակի չափ, մոտ 100 գրամ
Պատրաստման եղանակը
Միսը պետք է շատ լավ ծեծել, այնպես, որ կրկնակի կամ նույնիսկ եռակի մեծանա ծավալը եւ դառնա շատ բարակ, գրեթե թափանցիկ: Այդպես ծեծվում է միայն լավ, առանց ջլերի փափկամիսը: Ավստրիացիներն ասում են, որ վիեննական շնիցելը պետք է այնքան մեծ լինի ծավալով, որ ափսեից դուրս գա, այնպես որ՝ անխնա ծեծեք մսի կտորները: Ներքեւի լուսանկարում ես համեմատելու համար իրար վրա եմ դրել մսի ծեծված եւ դեռ չծեծված կտորները, որպեսզի համոզվեք, եթե արդյունքում ծավալը որքան կարող է փոխվել:
Վերցրեք երեք հատ լայնաբերան ափսե կամ փոքրիկ սկուտեղ: Մեկի մեջ լցրեք ալյուրը, մյուսի մեջ՝ աղացած պաքսիմատը: Երրորդի մեջ կոտրեք լավ լվացած ձվերը եւ պատառաքաղով խառնեք:
Լայն բերանով թավան դրեք միջին կրակին, մեջը լցրեք կարագը կամ յուղը, թողեք լավ տաքանա, այդ ընթացքում նախապատրաստեք միսը:
Միսը նախ համեմեք աղով եւ պղպեղով, ապա հերթով թաթախեք՝ սկզբում ալյուրի մեջ, ապա՝ ձվի, եւ վերջում՝ պաքսիմատի եւ անմիջապես դրեք թավայի մեջ:
Միսը յուրաքանչյուր կողմից պետք է եփվի 1,5-3 րոպե՝ կախված հաստությունից: Տապակվելու ընթացքում յուղից լցրեք վրան:
Հանեք, դրեք տաք ափսեի մեջ: Ավանդաբար վիեննական շնիցելը մատուցվում է՝ կողքը տապակած կարտոֆիլ կամ կարտոֆիլով աղցան դրված, իսկ վրան՝ կիտրոնի կտոր:
Բարի ախորժակ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ