Տարօրինակ զգացողություն էր։ Ավելի ճիշտ՝ ոչ մի զգացողություն չկար։ Ասես մի անտեսանելի ձեռք դատարկել էր հոգին: Ցավից, ուրախությունից, վրեժից, տառապանքից, հաճույքից… թողնելով անորոշ ու անպարագրելի դատարկություն: Չկար անցյալ, չկար ապագա, ամեն ինչ մեկեն ջնջվել էր, միայն գիշերը կար, որ կախվել էր ննջարանի լուսամուտին՝ մեծ դեղին լուսնալույսով ու հազարավոր անփայլ աստղերով: Թվում էր՝ մարմինը իրար լքած հազարավոր փոքրիկ մասնիկների հավաքածու է: Երբ փորձի բարձրանալ անկողնուց, մասնիկները կցրվեն տնով մեկ, կլողան օդի մեջ՝ անկշիռ ու անկամ:
Ինքը մի ամբողջ կյանք էր սպասել այս օրվան: Ինքը կերտել էր այս օրը: Իր կյանքը մի ահռելի ժեռ քար էր՝ կարծր բազալտ, ու դրանից կերտել էր իր երազանքը, իր ապագան: Մատներով: Եղունգներով: Ատամներով: Առանց որևէ օգնության: Մենակ: Բոլորովին մենակ:
Արեգը քնած էր: Լուսնի լույսն ընկել էր դեմքին, ու առանց այդ էլ սպիտակ, ողորկ մաշկը դարձրել մոմե: Անխաթար ու սիրուն՝ ինչպես նրա կյանքը: Ու օտար՝ նրա կյանքի նման: Ամեն ինչի նման, որ շրջապատում էր իրեն:
Այս տունը իրենն է՝ այս եռահարկ դղյակը՝ իր ամբողջ շքեղությամբ: Այս փայլփլուն ջահերը, փափուկ բազմոցները, նրբակերտ սպասքը… դրախտային այգին: Սևով սպիտակի վրա գրված է, որ այս ամենը պատկանում է Մանե Սիմոնյանին: Իրեն: Արեգը իրեն էր նվիրել՝ որպես մեծ սիրո նշան: Նվիրել էր, որ հետո կատակով ասեր.
-Ես քեզ չեմ հակաճառում: Մի քիչ էլ խոսեմ, քո տնից դուրս կանես:
«Քո տնից»: Ինքը տուն չունի: Կացարանը տուն չի: Տունը պիտի հոգուդ մասնիկը լինի, հոգուդ հանգրվանը: Քո թանկ հիշողությունների տաքուկ բույնը: Թանկ հիշողություններ չկային, ու բույնն էլ տաքուկ չեղավ: Ինքը այրեց ամեն ինչ: Կրակը լափեց անցյալը՝ հատիկ-հատիկ: Տունը դատարկեց, ու դուռը բացեց կրնկի վրա, որ մոռացումի քամին քշի հիշողության վերջին պատառիկները: Իր տունը՝ իր վագոն- տնակը՝ գյուղի ամենածայրին: Դաշտին կպած, գյուղից հեռու, որ իր թշվառությամբ չհուզի առանձնատներում ապրող կանանց փափուկ սրտերը: Նաև իմացող-չիմացողին ասի, որ առանց վարանելու կարող են ուտելիք. շոր ու կոշիկ տալ բակում վազվզող երեխաներին: Ինչ էլ տան, ճիշտ կլինի, որովհետև այստեղ կարիքը ամենտիրականն է: Այստեղ չկան միակ բանն է, որ միշտ կա: Որ երբեք չի վերջանում:
Կարդացեք նաև
Արեգը շրջվեց, ու նրա նուրբ բույրը դիպավ ռունգերին: Քո անունը հենց Արեգ պիտի լիներ, որովհետև արևի պես էլ ապրել ես: Աչքդ բացել ես սիրո ու շքեղության մեջ, ո՛չ հոգս ես տեսել, ո՛չ ցավ: Ինչ ուզեցել, ունեցել ես: Քո հոգսն էն է եղել, թե ինչ ծննդյան նվեր ընտրես մամայի համար, որ յուրահատուկ լինի: Որ մաման զարմանա (տիկին Լուիզին զարմացնելը հեշտ չէր): Ծնողներդ քեզ չեն մերժել ոչինչ: Նույնիսկ չասացին, թե ետնախորշից դուրս եկած էս անհայտ ծագման արարածին ո՞ւր ես մեր տուն բերում: Չասացին՝ մի հատ գնանք, տեսնենք, թե սա որտե՞ղ է ծնվել: Ինչո՞ւ մորից բացի ոչ մի հարազատ չունի: Ինչո՞ւ է թաքցնում իր ազգականներին: Ասացին՝ Արեգ ջան, բալիկ ջան, ուզում ես, ունեցիր: Չվախեցան: Տիկին Լուիզան ուրիշ բանից է վախենում: Ասենք՝ կնճիռներից: Կամ վախենում է, որ մի օր հանկարծ ամուսինը չի նկատի, որ իր մազերը մի տոն մգացրել է կամ բացացրել: Ու էդ մտքից տիկին Լուիզան կարող էր արցունքոտվել։
Իսկ իր հայրը խմում էր, ցավից էր խմում: Խմում էր, երբ երեխաները շոկոլադ էին ուզում: Խմում էր, երբ մայրուղով անցնող մարդիկ Գեղարդում վառած մոմերի պես փափկած սրտով՝ որոշում էին տունդարձի ճանապարհին մեղքերի թողություն անել ողորմությամբ ու կեսը կերած տորթ, սառը խորոված, կտրտած պանիր ու գազը թողած կոկա էին տալիս քույրիկին: Քույրիկ ասելն էլ էր ողորմության պես մի բան, թե չէ՝ 35 տարեկանում 50 տարեկանի տեսք ունեցող կինը ո՞նց կարող էր դեմքը ձգած ու սելիկոնե կրծքերով թիթեռնիկ կնոջ քույրիկը լինել: Հայրը խմում էր, երբ երեխաները դաշնամուր էին ուզում: Եսիմ ում տանն էին տեսել և ուզում էին:
Երեխա էին էլի ու դեռ հավատում էին հեքիաթի: Համակարգիչ էին ուզում: Գիրք էին ուզում: Ու քանի որ դաշնամուր ու համակարգիչ չէր կարող առնել, ծեծում էր կնոջը: Հրեշ է, ուրեմն՝ թող լիակատար հրեշ լինի: Գոնե մի բանում կիսատ- պռատությունից կփրկվեն: Ու գոռում էին երկուսով: Մարդ ու կին գոռում էին: Ինչքան անճար էին, էնքան բարձր էին գոռում: Ու երբ վերջապես քնում էին, ինքը վերցնում էր գրքերն ու մոտենում լուսամուտին, որ փողոցի էլեկտրասյան լույսով կարդա դասերը:
Դասարանի գերազանցիկն էր: Դա ապառաժ քարը եղունգներով ճանկռելու առաջին փորձն էր՝ միակ բանը, որ ինքը կարող էր անել այդ տարիքում: Ու սովորում էր՝ կյանքից վրեժ լուծելու պես: Ժանյակազարդ վերնաշապիկներով, փայլուն, լաքապատ կոշիկներով աղջիկներից վրեժ լուծելու պես: Նրանցից, ովքեր ծիծաղում էին իր վրա, երբ մոր կարմիր ժակետը հագած՝ գնաց ռեստորան՝ Լենայի ծնունդին: Ինքը տեսավ, որ նայում են իրեն ու ծիծաղում են: Մտավ զուգարան, մի քիչ լաց եղավ զուգարանում, բայց տուն չգնաց: Չփախավ: Ինչ-որ անըմբռնելի մղումով՝ կանգնեց ցավի դեմ հանդիման, որ ցավն ավելի ուժեղ լինի: Ու անասելի հաճույք էր ստանում, երբ տեսնում էր, թե նրանք՝ ծիծաղողները, ոնց են մռայլվում, ոնց են կծկվում վիրավորանաքից, երբ ինքը նույն կարմիր ժակետը հագած մոտենում է գրատախտակին ու լուծում է բոլոր այն խնդիրները, որ ոչ ոք չէր կարողանում լուծել…Ինքը ուրիշ հաճույք չգիտեր վրեժի հաճույքից բացի: Ուսուցիչների էքսպերիմենտն էր: Ուսուցիչներն իրենք էին առաջարկում, որ անվճար պարապեն հետը, ու երբ շրջկենտրոնից ստուգողներ գան, ցույց տան իրեն ու ասեն՝ իմ գլուխգործոցն է:
Համալսարանը կարմիր դիպլոմով ավարտեց։ Կամիր դիպլոմը իր հաղթանակներից ամենչնչինն էր: Հայրն արդեն չկար, Սաքոն ու Արշակը Ռուսաստանում էին, ինքը մոր հետ վարձով էր ապրում Երևանում: Երբ գյուղից դուրս եկան, վագոն տնակը դատարկեց, ամեն ինչ այրեց բակում՝ անկողինը, շորերը, կաթսանները… Իր անցյալը հատիկ-հատիկ գցեց կրակի մեջ: Ու դուռը բաց թողած՝ ճամփա ընկավ:
-Կարող է՝ մի օր հետ եք գալիս, դուռ է, փակեք, էլի: Չեղածից լավ է, գոնե ծածկ կունենաք գլխի վրա,- ասաց Մանուշ տատին:
-Մի օր հետ կգամ, Մանուշ տատի, անպայման հետ կգամ:
Ու էդ պահից հետ գնալու միտքը դարձավ կյանքի միակ խթանը, ապրելու միակ նպատակը։ Ինքը մի օր հետ կգա: Ու ամբողջ գյուղը կխոնարհվի իր առաջ: Ինքը հետ կգա ու կստպի, որ խոնարհվեն բոլոր նրանք, ովքեր ժամանակին խղճացել են իրեն ու ողորմացել: Հատկապես նրանք, ովքեր ողորմացել են՝ մի քանի կոպեկ են շպրտել ու վերից են նայել իրեն: Կհատուցեն: Մեկ առ մեկ բոլորը կհատւցեն: Երջանկությունը դա է, ուրիշ երջանկություն չկա: Ու ինքը չի սպասի Տիրոջ ողորմածությունը, ինքը իր երջանկությունը կպոկի ապառաժ քարից: Եղունգներով: Ատամներով: Կպոկի:
Ցերեկները դասի էր գնում, երեկոյան աշխատում էր, գիշերը դաս էր սովորում: Չորս ժամ էր քնում օրվա ընթացքում: Համալսարանն ավարտելուց հետո երկու տեղ էր աշխատում: Իսկ գիշերը թարգմանում էր: Սկզբում փաստաբանական գրասենյակի փաստաթղթերը, հետո սկսեց գեղարվեստական գործեր թարգմանել:
Արդար լինելու համար պիտի ասել, որ Տերը իրեն մի զենք տվել էր, այնուամենայնիվ: Գեղեցկություն: Սա միակն զենքն էր, որ Տերը տվել էր իրեն՝ ռինգ նետելուց առաջ: Կուրսի բոլոր տղաների երազանքն էր ու բոլոր աղջիկների ատելության թիրախը։ Համարյա՝ բոլորի:
…Ինքը Արեգին հաստատ կսիրեր, եթե նույնիսկ Արեգը Սեթ Արամիչի որդին չլիներ: Ավելի շատ կսիրեր: Բայց կարգին չկարողացավ վայելել իր սերը, որովհետև երբ Արեգը մտավ խորհրդակցությունների դահլիճ, ինքը հասկացավ, որ նա հենց այն տղան է, որը պիտի իրեն գյուղ տանի: Պիտի ապահովի իր Վերադարձը: Ինքը հենց հռչակավոր Սեթ Արամիչի հարսը պիտի լինի ու պիտի ապրի նրանց դղյակներից մեկում: Ու պիտի նրանց շքեղագույն մեքենաներից մեկով գնա գյուղ … Հետո, երբ սերը եկավ, մի բան, մի ծանոթ կիսատ-պռատությունը կպավ ու պոկ չեկավ: Նպատակի ու սիրո արանքում խճճված զգացմունքի վրա ինչ-որ բիծ մնաց: Ինչպես փոքրիկ սպի՝ կատարյալ գեղեցիկ դեմքին:
Արեգն առաջինը սիրեց իրեն: Իրեն՝ ո՞ւմ: Արեգն ի՞նչ գիտի իր մասին: Գիտի՞, թե ի՞նչ կա էս սիրուն, քնքնուշ, մեղմ ու անհոգ կաղապարի տակ: Արեգը… որ սկզբում քաստինգի մասնակցած տասնյակ տղաներից մեկն էր ընդամենը: Ու ընտրվել էր, որ իրականացնի իր միակ երազանքը: Միակ: Ինքը ուրիշ երազանք չուներ: Իր գյուղ գնալը տեսնում էր ամեն գիշեր, փակ աչքերով: Վերջին 10 տարում ինքը այդպես էր քնում՝ փակում էր աչքերն ու պատկերացնում իր վերադարձը՝ բոլոր մանրամասներով…Ու այսօր չի կարողանում քնել: Միտքն ուզում է կառչել ինչ-որ բանից, բայց լողում է համատարած դատարկության մեջ: Միտքը կորցրել է հենարանը:
…Սկզբում զանգեց գյուղապետին:
-Մանե Սիմոնյանն է՝ Ձեր համագյուղացին:
-Ա՜, գիտենք, կարդում ենք, հպարտանում ենք:
Չասաց՝ քո համադասարանցի Մանեն: Էս հաստագլուխ դոդը մի անգամ կոռժիկը կծեց ու ասաց՝ չսիրեցի, ոնց որ հին է, առ, դու կեր:
-Ես ուզում եմ Մշակույթի տուն կառուցել գյուղի համար:
-Կխոսեմ մարզպետի հետ, Մանե Արշակովնա, կարելի է՝ Ձեզ զանգեմ այս համարով:
-Կարելի է,- ասաց ու կախեց հեռախոսը:
Արշակովնա: Իրեն բոլորն էլ այդպես էին դիմում հիմնարկում, բայց առաջին անգամ իրեն Արշակովնա ասաց մեկը, որ ճանաչում էր հորը՝ ալկաշ Արշոյին:
Կոկորդը սկսեց քերվել: Մանկության տարիներից է մնացել. հուզվելիս սկսում էր խեղդվել: Ասես՝ մեկը ձեռքով սեղմում է կոկորդը: Հագավ մետաքսե խալաթն ու դուրս եկավ ննջարանից: Սրահը գիշերային մանուշակագույն լույսից հեքիաթի նման էր: Ինքն էր ուզել, որ մանուշակագույն լինի. իր ամենասիրած գույնն էր: Կեսուրն ասաց.
-Ոչ ոք իմ հարսի պես ճաշակ չունի: նա բնազդով է տեսնում գեղեցիկը…
Երկու օր առաջ այստեղ տոն էր՝ Արեգը դառնում էր 30 տարեկան: Շուրջբոլորը երգ էր, պար, ծիծաղ ցնծություն… Բայց ինքն ասես այդ ամենը դիտում էր հեռվից, ինքը հանդիսատես էր, ինքը կապ չուներ այդ ամենի հետ: Այդ տան հետ, որն իրենն է, քանի որ սպիտակ, ոսկեզօծ գրքույկի մեջ իր անունն էր գրված: Այդ սպասքի հետ, որոնցից օգտվելը գրքերով էր սովորել: Պարապում էր: Պարապում էր, որ իմանա նրբահամ խորտիկների անունները: Իմանա, թե որ խորտիկի հետ ինչ խմիչք պիտի խմի: Իմանա մնացածը, հազար ու մի մանրուք, որ սրանք սովորել էին ծնված օրից՝ առաջին բառը սովորելու պես, քայլելու պես…
Իր քիմքը չվարժվեց սրանց համերին: Յուրաքանչյուր խնջույք սրանց համար վայելք է, իր համար՝ քննություն, որտեղ պիտի զզվանքով կուլ տար քացրահամ միսը, լպրծուն ձուկը, զանազան խմիչքեր ու դեմքին հաճույք նկարած՝ ասեր՝ համեղ է: Ու կարոտ մնա մեծ յուղերով երշիկին, տաք բոքոնով, վրայից՝ 90 դրամանոց սառը, քաղցր լիմոնադ: Չէ, սրանք իրենից լավը չեն: Սրանք իր եղունգը չարժեն, ուղղակի սրանց բախտը բերել է: Այս անգույն, անհոտ բույսերի, որ ոչ թեժ արև են տեսել, ոչ շամփրող քամի, ոչ կարկուտ, ոչ կայծակ….Եվ այս շքեղ ջերմոցը իր աշխարհը չէ:
…Ամբողջ գյուղն էր հավաքվել նորակառույց մշակույթի տան մոտ: Մարզպետը, շրջանի ղեկավարությունը: Կողքի գյուղերից էլ էին եկել, որ համերգ նայեն: Համերգն էլ էր ինքը կազմակերպել՝ Հայաստանի լավագույն երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Անվճար: Ուզում էր Ռուսաստանից էլ երգիչներ հրավիրել, բայց Արեգը զարմացած նայեց՝ որ ի՞նչ: Ու թոթվեց ուսերը:
Ինքն ու Արեգը Բենթլիով գնացին, Սեթ Արամիչը կնոջ հետ Ջիպով եկավ: Երբ մեքենաները կանգնեցին, մարզպետը վազեց, որ դիմավորի իրենց: Հետո բացեց դուռն ու օգնեց, որ ինքն իջնի մեքենայից: Ինքն էնքան սպասեց, որ մարզպետը անձամբ բացի դուռը: Բոլորը ծափահարում էին: Իրենց ուղեկցեցին ինքնաշեն բեմ, որը հատուկ այս առիթով էին կառուցել դրսում:
-Իմ հարսը՝ ձեր համագյուղացին, որոշել է նվեր անել իր սիրելի գյուղին: Նա մեծ սիրով…
«Սեր, սիրելի, սիրով»… Ինքը ժպտում էր: Սուտ: Ամեն ինչ սուտ էր: Ու աշխարհի ամենամեծ սուտը իր ժպիտն էր: Ինքը ուզում էր նայել «սիրելի» համագյուղացիներից յուրաքանչյուրի դեմքին ու ասել՝ ես վերադարձա: Իմ ամբողջ ատելությամբ հանդերձ: Հետ եկա, ասելու, որ ես ապրում էի ձեր կողքին, բայց ձեր աշխարհից չէի: Ժամանակին ես շատ էի ուզում ձեր աշխարհից լինել… Հիմա էլ դուք իմ աշխարհից չեք: Ես եկել եմ կտրելու ինձ ձեզ կապող վերջին պորտալարը: Ես այլևս ձեզ չեմ ատում, որովհետև ես հաղթեցի ձեզ : Ես տոկոսներով վերադարձնում եմ այն խղճահարությունը, որ ժամանակին տվել եք ինձ շռայլորեն: Ես խղճում եմ ձեզ, ձեր չարքաշ, ողորմելի կյանքը: Տեսեք, թե ոնց եմ ձեզ խղճում: Ես հիմա ձեզնից շատ ավելի հեռու եմ, քան դուք էիք ինձնից հեռու մի ժամանակ:
-Իմ մանկությունն անեցել է ձեզ հետ, ձեր կողքին: Ես այնքան հրաշալի հիշողություններ ունեմ կապված իմ գյուղի հետ: Սիրում եմ բոլորիդ ձեր բարության, պարզության ու մեծահոգության համար…
Քար լռություն էր:
-Այս մշակույթի տունը ամենափոքր բանն է, որին դուք արժանի եք: Որը ես կարող եմ անել ձեզ համար…
Հանկարծ ձայնը կերկերաց; Ինչո՞ւ հուզվեց: Բոլորը ծափահարում էին: Լուսանակարչական սարքերը չխկչխկում էին անդադար, տեսախցիկները ուղղվել էին իրեն… Կտրեց կարմիր ժապավենը: Հետո մտան դահլիճ: Մշակույթի տունը շքեղ էր: Գյուղացիները բերանը բաց նայում էին: Նրանց դեմքին նախանձ չկար, չարություն չկար, ատելություն չկար: Իրեն թվում էր, թե հանդիպելու է այն, լարված, այլայլված դեմքերին, որ տեսել էր դպրոցում մաթեմատիկայի բարդ խնդիրները գրատախտակի մոտ լուծելիս: Ինքը ուզում էր նորից տեսնել այդ դեմքերը, բազմապատկված նախանձով ու չարությամբ, բայց բոլորի աչքերում միայն հիացմունք էր: Երևի նախանձի առարկա լինելու համար ինքը շատ էր հեռացել նրանցից:
-Արեգ, ես մի քանի րոպեով դուրս եմ գալիս:
-Ես էլ գա՞մ.
-Չէ:
Գյուղի փողոցները դատարկ էին, ո՞վ բաց կթողներ ձրի համերգին մասնակցելու պատեհությունը: Ոտքերը իրենք իրենց էին առաջ գնում: Երբ հասկացավ, որ փողոցն ավարտվում է, սիրտն սկսեց արագ բաբախել: Մանուշ տատը նստած էր դռան մոտ:
-Բարև, Մանուշ տատի,-գոռաց: Զառամյալ կինը նայեց զարմանքով:
-Ալկաշ Արշոյի աղջիկն եմ:
-Հա՜..,- հիշեց,- մերդ կա՞:
-Կա…Ո՞նց ես:
-Էս վերադարձե՞լ եք:
-Հա, վերադարձել եմ, Մանուշ տատի:
-Չասի՞ դուռը փակեք: Բա հիմա ի՞նչ եք անելու..․ Չլուտ Գարսևանի հարսը Մանվելից բաժանվեց, աղջկա հետ ձեր տանն են ապրում: Փողոցն եք մնալու:
Ինքը բարձր ծիծաղեց… Տունը ներկել էին: Նոփ-նոր կանաչ էր: Շեմքին, հողի վրա մի փոքրիկ աղջիկ էր նստած՝ ձեռքին լավաշով բրդուջ: …Մանե՞: Կապույտ աչքերով, թաթիկները հողոտ:
– Մանե,- հիշեց՝ հոր առած կապույտ ժապավեններն են հյուսերից կախ: Ու պտավոր ժակետ է հագին, որ մայրը իր ծննդյան օրն էր գնել: Վեց հատ վերմակ էր չփխել փողով ու գնել էր … Գրկեց աղջկան, սեղմեց կրծքին:
-Չվախենաս, Մանե, ամեն ինչ լավ կլինի; Դու միայն չվախենաս: Չկոտրվես: Հեռվում, բարձրահարկ առանձնատների մեջ մեծացող բախտավորները քեզ պես ուժեղ չեն, դու նրանց հաղթելու ես մի օր: Նրանք թուղթ են, փուչիկ: Դու հաղթելու ես:
Արցունքներն այրում էին դեմքը: Նրբակիրթ ժպիտների, զրնգուն ծիծաղի ու անզուսպ քրքիջի տակ թաքնված բոլոր արցունքները մեկեն հորդել էին դուրս…
-Կյանքը քեզ զարկելով կուժեղացնի, ոնց որ դարբիններն են կռում պողպատը, փոքրիկս, էնքան կզարկի մինչև կամրանաս, մինչև ցավ չես զգա… Ու երբեք այլևս չես ճկվի: Դու միայն հավատա: Դու կհաղթես, սիրելիս: Մանե, փոքրիկ աղջիկ…
…Թափով փլվեց բազմոցին: Մարմինը հավաքելու ճիգից հոգնած՝ բաց թողեց ինքն իրեն: Մարմինը հպվեց թավշյա փափկությանն ու տարածվեց, ասես՝ ցրվեց տնով մեկ՝ տարօրինակ թեթևությամբ:
Հսկա լուսամփոփը ճոճովում էր մանուշակագույն վետվետումներով: Կինը լողում էր անկշիռ, անհույզ, անանցյալ ու անապագա:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ