Եռաբլուր պանթեոնում սեպտեմբերի 5-ի առավոտյան ծաղիկների խոնարհման և խնկարկման արարողություն է կայացել՝ ի հիշատակ Արցախի հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանի և Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր հերոսների։ Միջոցառումը կազմակերպել է «Հայրենյաց պաշտպան» հիմնադրամը։
Aravot.am-ի հետ զրույցում Ուրֆանյանի մասին գրքի հեղինակ Վովա Արզումանյանը ցավով հայտնեց, որ մինչ արարողությունը սկսելը Արմենակ Ուրֆանյանի մայրիկի՝ Համեստ Ներսիսյանի ու մորաքրոջ հետ ինքը եւս այցելել է Պանթեոն եւ պարզել, որ հերոսների շիրմաքարերին դիզվառելիքի հոտով յուղանման նյութ է քսված, ինչը վիրավորել է հերոսների հարազատներին: «Ուղղակի շոկի մեջ էինք»,- նշեց Վովա Արզումանյանը: Հավելեց, որ այդ մասին տեղեկացրել են ոստիկանությանը, եւ վերջինիս աշխատակիցները ժամանել են Եռաբլուր պանթեոն՝ կատարվածն ուսումնասիրելու համար:
«Խոնավ անձեռոցիկով որքան փորձեցինք մաքրել, չստացվեց: Արմենակ Ուրֆանյանի մայրը շատ էր նեղսրտել, որ անցյալ անգամ եւս պղծվել են տղաների շիրմաքարերը, սակայն մեղավորներն անպատիժ են մնացել: Նա պահանջում էր, որ ուսումնասիրվեն տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները»,-ասաց Վովա Արզումանյանը: Նրա խոսքով, թեեւ ասվում է, որ հիվանդ մարդիկ են, սրբապիղծներ նման քայլի դիմողները, բայց հերոսի մոր տպավորությամբ դա քաղաքական շահարկումների նպատակով է արված:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Վովա Արզումանյանը