Լրահոս
Օրվա լրահոսը

Վահանագեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու բուժումը դրական է անդրադառնում նաև հոգեկան առողջության վրա՝ բարելավելով կյանքի որակն առհասարակ․ Մարիամ Հայրապետյան

Սեպտեմբեր 05,2020 23:00

Հայաստանում, հատկապես կանանց շրջանում մեծ տարածում ունեն վահանաձև գեղձի հետ կապված հիվանդությունները, որոնց ախտանշանների, հետազոտության մեթոդների ու բուժման տարբերակների մասին զրուցել ենք բժիշկ-ներզատաբան, Udoctor հավելվածի խորհրդատու Մարիամ Հայրապետյանի հետ։ 

-Բժշկուհի Հայրապետյան, ի՞նչ դեր է կատարում վահանաձև գեղձն օրգանիզմում և որո՞նք են վահանագեղձի հիվանդությունները, ի՞նչ ախտանշաններով են դրանք դրսևորվում։

-Վահանաձև գեղձը ներզատիչ գեղձ է, որի արտադրած թիրեոիդ հորմոնները (թիրոքսին (T4), եռյոդթիրոնին (T3) և կալցիտոնին) կարգավորում են հիմնական նյութափոխանակությունը, գրեթե բոլոր օրգանների գործունեությունը՝ սիրտ-անոթային, նյարդային, մարսողական, ոսկրամկանային, վերարտադրողական։
Վահանաձև գեղձի հիվանդությունները դասակարգվում են ըստ հորմոնալ ֆունկցիայի խանգարման։
Թիրեոտոքսիկոզի համախտանիշը (հիպերթիրեոզ), երբ բարձրանում է վահանաձև գեղձի հորմոնների քանակն արյան մեջ։
Հիպոթիրեոզի համախտանիշը, երբ արյան մեջ հորմոնների քանակը ցածր է։
Հանդիպում են նաև վահանաձև գեղձի այնպիսի հիվանդություններ, որոնք չեն ուղեկցվում վահանագեղձի հորմոնալ ֆունկցիայի խանգարումներով։

Քանի որ վահանաձև գեղձի արտադրած հորմոնները կարգավորում են օրգանիզմում գրեթե բոլոր օրգան-համակարգերի գործունեությունը, ուստի դրանց խախտումը կարող է արտահայտվել կլինիկական տարբեր դրսևորումներով․ օրինակ՝ հիպերթիրեոզը (վահանագեղձի հորմոնների գերքանակն արյան մեջ) կարող է արտահայտվել սրտի ռիթմի խանգարմամբ, ավելի հաճախ՝ հաճախասրտությամբ, սիստոլիկ զարկերակային հիպերտենզիայով, քաշի նվազմամբ, ջերմության բարձրացմամբ, գերքրտնարտադրությամբ, ձեռքերի դողով, դյուրագրգիռ վիճակով՝ ընդհուպ մինչև փսիխոզով, լացկանությամբ, աշխատունակության անկմամբ, փորլուծությամբ, ախորժակի բարձրացմամբ, կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարումներով։

Հիպոթիրեոզի դեպքում կարող են արտահայտվել հետևյալ ախտանշանները՝ քաշի ավելացում, զարկերակային ճնշման, հատկապես դիաստոլիկի (ամենացածր ցուցանիշը) բարձրացում, սրտի ռիթմի խանգարում՝ տիպիկ է դանդաղասրտությունը, փորկապություն, մազաթափություն, մաշկի չորություն, մշտական գերհոգնածություն, աշխատունակության անկում, դեպրեսիա, տրամադրության փոփոխություններ, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ, ընդհուպ մինչև չբերության զարգացում։ Շատ հաճախ հատկապես մեծահասակների մոտ՝ ելնելով ուղեկցող քրոնիկական հիվանդություններից, կլինիկական դրսևորումները կարող են և տիպիկ չլինել։

-Վահանաձև գեղձի հիվանդությունների ախտորոշման համար առաջնային ու հետագա ինչպիսի՞ հետազոտություններ են իրականացվում։

-Հայաստանում 2005 թ․-ից ներդրվել է բնածին հիպոթիրեոզի կանխարգելման սքրինինգային ծրագիրը։ Այն է՝ նորածնի կրունկից վերցվում է արյուն՝ ծնվելուց 24-72 ժամվա ընթացքում և որոշվում է թիրեոտրոպ հորմոնը՝ ժամանակին բնածին հիպոթիրեոզը հայտնաբերելու համար, քանի որ որքան վաղ սկսվի երեխայի բուժումը փոխարինող հորմոնալ թերապիայով, այնքան ավելի քիչ կլինի երեխայի նյարդային համակարգի գործունեության խանգարումների զարգացման վտանգը։ Ինչ վերաբերում է մեծահասակներին, վահանաձև գեղձի հիվանդությունների հետ կապված չունենք սքրինինգային ծրագրեր, բայց ելնելով Հայաստանում, հատկապես կանանց շրջանում վահանագեղձի հիվանդությունների տարածվածության ցուցանիշներից՝ խորհուրդ է տրվում ախտանշանների առաջին իսկ դրսևորումների դեպքում դիմել բժիշկ-ներզատաբանին։

Վահանագեղձի առաջնային հետազոտությունն իրականացնում է ներզատաբանը՝ զննելով պարանոցը և իրականացնելով գեղձի շոշափում։ Ելնելով հիվանդի օբյեկտիվ զննումից՝ բժիշկն ուղեգրում է հորմոնալ- լաբորատոր և գործիքային հետազոտությունների։ Գործիքային հետազոտություններից առաջնայինը ուլտրաձայնային հետազոտությունն է, որը հայտնաբերում է գեղձի կառուցվածքային խանգարումները, գեղձի հյուսվածքի փոփոխությունը և հանգույցների առկայությունը, դրանց որակական հատկանիշները։ Հորմոնալ հետազոտությունները հուշում են գեղձի ֆունկցիայի խանգարման մասին և ընդհանուր եզրակացությունը դրվում է լաբորատոր ու գործիքային հետազոտությունների եզրակացությունների համադրման միջոցով։

Գործիքային հետազոտություններից ցանկանում եմ նշել բարակ-ասեղային պունկցիոն բիոպսիայի մասին, որը ոսկե ստանդարտ է համարվում քաղցկեղի կասկածելի հանգույցների հայտնաբերման պարագայում։ Բնակչության շրջանում թյուր կարծիք է տարածված՝ իբր այս հետազոտությունը բերում է հանգույցների չարորակացմանը, սակայն ապացուցված է, որ այն անվտանգ է։ Բարակ-ասեղային պունկցիոն բիոպսիան իրականացվում է ՈՒՁՀ հսկողությամբ, հետազոտությունը գրեթե անցավ է և կարևոր փուլ է հիվանդության հետագա բուժման ու քաղցկեղի վաղ հայտնաբերման համար։ Վահանաձև գեղձի հիվանդությունների հայտնաբերման համար օգտագործվում է նաև սցինտիգրաֆիա հետազոտությունը, որի միջոցով մենք գնահատում ենք գեղձի մորֆոֆունկցիոնալ որակը։

-Բուժման ի՞նչ մեթոդներ են կիրառվում վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում։

-Կախված վահանագեղձի հիվանդության տեսակից՝ բուժումը կարող է լինել ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրաբուժական կամ ռադիոյոդաթերապիայի միջամտությամբ։
Վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու ճիշտ բուժումը բավականին լավ արդյունք են տալիս, այդ թվում՝ նաև վահանագեղձի քաղցկեղի շատ տեսակների դեպքում։

– Իսկ ինչպիսի՞ գործոններով է պայմանավորված Հայաստանում վահանագեղձի հիվանդությունների տարածվածության բարձր աստիճանը։

-Չնայած որ Հայաստանը համարվում է յոդդեֆիցիտային գոտի, որի պատճառով նախկինում շատ տարածված էին յոդդեֆիցիտային հիվանդությունները՝ էնդեմիկ խպիպը, սակայն այժմ լայնամասշտաբ հետազոտությունները ցույց են տվել, որ կերակրի աղի յոդացման շնորհիվ Հայաստանի բնակչության շրջանում յոդի դեֆիցիտ չկա։ Հայաստանում հիվանդությունների տարածման մեծ տեմպը վկայում է էթիոլոգիկ գործոնների՝ էկոլոգիայի, գենետիկայի մեծ դերի մասին։

-Բժշկուհի Հայրապետյան, կարո՞ղ եք առանձնացնել հետաքրքիր որևէ դեպք ձեր գործունեությունից։

-Շտապօգնության մեքենայով հիվանդանոց էր տեղափոխվել մոտ 50 տարեկան տղամարդ՝ գիտակցության մթագնումով և կենսական օրգանների ֆունկցիաների ծանրագույն խանգարումներով։ Պացիենտի եղբոր խոսքով՝ տարիներ առաջ պացիենտի վահանագեղձը հեռացվել էր, սակայն տղամարդը չէր կիրառել նշանակված փոխարինող հորմոնալ թերապիան։ Ելնելով հիվանդի կյանքին սպառնացող վտանգից՝ մենք, առանց սպասելու լաբորատոր հետազոտությունների արդյունքներին, անմիջապես սկսեցինք բուժումը և, ի ուրախություն մեզ, պացիենտը բուժման 10-րդ օրը հիվանդանոցից դուրս գրվեց լիարժեք լավացումով։ Այս մասնավոր դեպքը ևս մեկ անգամ վկայում է, թե որքան կարևոր է փոխարինող հորմոնալ թերապիայի ճիշտ կիրառումը վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների հաղթահարման համար։

Թույլ տվեք առանձնացնել ևս մեկ դեպք, երբ մի երիտասարդ կին ծննդաբերությունից անմիջապես հետո շատ ագրեսիվ, նյարդային հոգեվիճակում էր ու ծանր կոնֆլիկտներ էր ունենում ընտանիքի անդամների հետ։ Հետազոտության արդյունքում նրա մոտ ախտորոշվեց հետծննդաբերական թիրեոիդիտ, ու հիվանդության բուժման շնորհիվ շատ արագ հարթվեցին նաև կնոջ ընտանեկան խնդիրները։
Վահանագեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու բուժումը զգալիորեն բարելավում է ոչ միայն մարդու օրգանիզմի ֆիզիկական ցուցանիշները, այլև հոգեվիճակն ու կյանքի որակն՝ առհասարակ։

-Սա «Առողջ առավոտ»-ի ավանդական հարցն է, որը հղում ենք մեր հյուրերին․ խնդրում ենք նշել մեկ հայտնագործություն, որն, ըստ ձեզ, բեկումնային էր բժշկության զարգացման գործում։

-Որպես էնդոկրինոլոգ՝ բեկումնային եմ համարում ինսուլինի հայտնաբերումը, որով փրկվեցին շաքարային դիաբետով հիվանդ շատ ու շատ մարդիկ։ 1922 թվականի հունվարի 11-ին ինսուլինի առաջին ներարկումը դիաբետով հիվանդ 14-ամյա Լեոնարդ Թոմպսոնին հույսի այն առաջին շողն էր, որով լուսավառվեցին տասնյակ հազարավոր մարդիկ՝ հավատալով, որ դիաբետը դատավճիռ չէ, սակայն դա բոլորավին այլ թեմա է․․․

 

Հարցազրույցը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930