Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մտահոգիչ է սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի ոչ թափանցիկությունը․ հայտարարություն

Սեպտեմբեր 05,2020 13:50

2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ քաղաքացիների ապակենտրոն, խաղաղ, ոչ բռնի,  հանրապետության ողջ տարածքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում իրականացվեց թավշյա հեղափոխություն և վերջ տրվեց պետության շարունակական զավթմանը: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք տեղական և միջազգային դիտորդների գնահատմամբ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխան, ժողովրդավար, ազատ և արդար էին: Ընտրությունների արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանությունը կրում է քաղաքական պատասխանատվություն՝ վերականգնելու ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրական կարգը և երաշխավորելու հանրապետությունը իշխանության զավթման վտանգից:

Չնայած հանրային պահանջին՝ Կառավարությունը ժողովրդավարական և իրավական պետության սահմանադրության ձևավորմանը ձեռնամուխ եղավ միայն 2020թ. սկզբին, երբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով»: Թեև նոր սահմանադրության նախագծի մշակումը ներկայացվում է որպես մասնագիտական հանձնաժողովի աշխատանքի հնարավոր ելքերից մեկը միայն, անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկզբունքորեն չի կարող լինել գործող սահմանադրության հերթական փոփոխություն, այլ պետք է ավարտվի Նոր Սահմանադրության ընդունմամբ, քանի որ գործող սահմանադրության ընդունման և փոփոխությունների գործընթացը և բովանդակությունը երբևէ չի արտահայտել Հայաստանի քաղաքացիների իրական կամքը, այլ պարտադրվել է՝ սպասարկելով օրվա իշխանությունների քաղաքական շահերը:

Մտահոգիչ է սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի ոչ թափանցիկությունը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ կցկտուր տեղեկություններ են հասանելի հանրությանը, ինչը բացարձակապես չի նպաստում հանձնաժողովի, գործընթացի և դրա արդյունքում ստեղծվող արդյունքի նկատմամբ վստահության և հանրային իմաստալից մասնակցության ապահովմանը: Նոր սահմանադրության հայեցակարգի՝ որպես ձևակերպված խնդրի բացակայության պայմաններում մասնագիտական հանձնաժողովն ակամա վերածվել է քաղաքական դեբատների և շահերի պաշտպանության փակ հարթակի: Ավելին, հանձնաժողովի կողմից պետական ինստիտուտների վերաբերյալ հատվածային հայեցակարգերի մշակումն՝ ընդհանուր տեսլականի բացակայության պայմաններում անհասկանալի է դարձնում փոփոխությունների հեռահար նպատակն ու դրանց համակարգային միասնությունը:

Օրվա իշխանությունների վերարտադրման սահմանադրական մեխանիզմների ներդրման տեղապտույտից դուրս գալու համար պետք է ջանքեր գործադրել նոր սահմանադրության հայեցակարգի մշակման գործընթացը մասնակցային, թափանցիկ և հրապարակային դարձնելու համար․ ստեղծել տեղեկատվության փոխանակման և քննարկման բաց ու հասանելի հարթակ, և նոր անցնել Նոր Սահմանադրության տեսլականը կյանքի կոչելու աշխատանքին: ՀՀ քաղաքացիները պետք է լիիրավ և իմաստային մասնակցություն ունենան երկրի մայր օրենքի մշակմանը, իսկ նրանց քվեն հանդիսանա բովանդակային ընտրություն՝ անկախ օրվա իշխանությունների հանդեպ համակրանքից կամ հակակրանքից:
Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժն անմիջական քաղաքական պատասխանատվություն ունի նվազագույն ժամկետներում ապահովելու պետության զավթումը կանխող, իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը երաշխավորող նոր սահմանադրության ընդունումը: Միաժամանակ, առանց նշված արժեքային հիմքերի և մասնակցային գործընթացի ապահովման նոր սահմանադրության ձևավորման դեպքում լուծված չի լինի հեղափոխության հիմնական պատճառի՝ պետության հերթական զավթումը կանխող սահմանադրական երաշխիքների ձևավորման խնդիրը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ ժողովրդավարական և իրավական Հայաստանի սահմանադրության մշակման համար անհրաժեշտ է.

1. Վերանայել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վերաբերյալ ՀՀ Վարչապետի որոշումը՝ ամրագրելով Նոր Սահմանադրության նախագծի մշակումը որպես հստակ վերջնանպատակ։

2․Ախտորոշել գործող սահմանադրության մեջ առկա խնդիրները և մեխանիզմները, որոնք նպաստել են պետության զավթմանը, սահմանադրական կարգի ոտնահարմանը և դատական իշխանության անկախության խաթարմանը՝ Նոր Սահմանադրությունում դրանք բացառելու և լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նպատակով։

3․Շարադրել Նոր Սահմանադրության նախագծի արժեքային ուղենիշերը և տեսլականը իշխանությունների տարանջատման ու փոխզսպման, իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության սկզբունքների, աշխարհիկ պետության, խորհրդարանական արդյունավետ վերահսկողության, տեղական ինքնակառավարման և ուղիղ ժողովրդավարության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար խնդիրների վերաբերյալ։

4. Ապահովել սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի թափանցիկությունը, հայեցակարգային փաստաթղթերի հրապարակայնությունն ու հասանելիությունը, մասնակցային քննարկման և միջանկյալ որոշումների կայացման հնարավորությունը։

5. Երաշխավորել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի անցկացումը ողջամիտ սեղմ ժամկետներում՝ 2022 թվականի առաջին կեսից ոչ ուշ՝ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները Նոր Սահմանադրության պայմաններում և սկզբունքների լույսի ներքո պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Նոր Սահմանադրությունը պետք է հանդիսանա նոր սոցիալական պայմանագիր պետության և քաղաքացիների միջև, հետևապես՝ դրա ընդունման գործընթացը պետք է լինի անխոցելի, իսկ փաստաթուղթը՝ ընդունելի և ենթակա չլինի յուրաքանչյուր նոր քաղաքական ուժի կողմից փոփոխության։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Կարեն Թումանյան, փաստաբան
Ռոբերտ Ռևազյան, փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930