Հարսանիքի նախօրեին Արման Սահակյանը համենայն դեպս կրկին զանգել է հյուրանոց՝ համոզվելու համար, որ ամեն բան պայմանավորվածի պես է, եւ իր մեղրամիսը տուրիստական գործակալության միջնորդությամբ կազմակերպված է: Պարզվել է՝ ոչ, հյուրանոցը նախատեսում է չեղարկել հարս ու փեսայի անունով ամրագրումը, քանի որ գործակալությունը գումարը ժամանակին չի փոխանցել: «Խոսեցի իրանց մենեջերի հետ, զեղչեցին 8.000 դրամ/օրը, ստիպված էի վերցնել, որովհետեւ մեղրամիսս էր, անգամ առաջին օրը հաշվեցին, որ սովորաբար հյուրանոցները չեն հաշվում, որովհետեւ գիշերը 12-ից հետո ես մտնում հյուրանոց»,- նշել է քաղաքացին «Beauty of Armenia Tour/ Ոչ անպատժելիությանը» ֆեյսբուքյան խմբում:
Այս խումբը բացել են Beauty of Armenia տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները՝ իրենց իրավունքների համար միասին պայքարելու համար: Խումբը 200-ից ավելի անդամ ունի, եւ տխուր պատմություններ կան կես գնով հանգստանալու հույսով սկսված, բայց կրկնակի արժեցած կամ ընդհանրապես ձախողված արձակուրդից: Նորաբաց այս գործակալությունը մի քանի անգամ տուրիստների է ուղղորդել Հայաստանի մի քանի հյուրանոց, վճարումները կատարել սահմանված կարգով՝ հյուրանոցների մենեջերների կողմից ճանաչվելով՝ որպես գործընկեր: Դրանից հետո այն նախաձեռնել է 2+2 ակցիան, որի շրջանակում իր հաճախորդներին առաջարկել է վճարել իր միջնորդությամբ հյուրանոցային հանգստի երկու օրվա համար եւ նույնքան ծառայություն էլ ստանալ անվճար: Այսպես, փաստորեն, մարդիկ կարող էին հանգստանալ իրենց նախընտրած հյուրանոցներում 50 տոկոս զեղչով: Ակցիայի մեկնարկի նախօրեին տնօրեն Վահե Շահվերդյանը դարձել է անհասանելի թե ֆեյսբուքում, թե բջջայինով:
«Ակցիայի մասին իմացա ընկերուհուցս, բայց այնքան անհավանական թվաց, որ որոշեցի զանգել-ճշտել: Ես էլ զանգեցի հյուրանոց, ինքն էլ զանգեց, մեզ ասացին, որ այս գործակալության հետ աշխատում են, իրենց շատ են հյուրեր ուղարկում: Հետո գործակալության էջը նայեցինք՝ բավական շատ դրական կարծիքներ կային, մարդիկ գրում էին՝ մենք հիմա այստեղ ենք, շատ լավ է. չգիտեմ՝ ինչպես էին կազմակերպել, գուցե հենց իրենք էին գրել այդ feedback-երը: Ինչեւէ, երբ տեսանք այդ ամենը, հյուրանոցից էլ ասացին՝ աշխատում են իրենց հետ, ArCa-ով վճարումն անելիս էլ համակարգը բերեց այդ անուն-ազգանունը, որով ինքը ներկայացել էր, էլ կասկած չմնաց: Մենք մեր վճարման կտրոնները վերցրինք, իսկ ինքը հաջորդ օրը պիտի աներ ամրագրումը ու մեզ ուղարկեր թղթերը: Հաջորդ օրն առավոտյան արդեն իր հեռախոսահամարը չկար, ֆեյսբուքից իր էջն էր ջնջած, չէին արձագանքում նաեւ գործակալության մյուս հեռախոսահամարները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց Օֆելյա Մանուկյանը:
Չվճարելու պատճառով չեղարկված ամրագրումների մասին քաղաքացիներից ոմանք իմացել են հյուրանոցային համալիր ժամանելուց հետո միայն, ոմանք՝ նախորդ օրը, ոմանք էլ՝ Beauty of Armenia-ի անհետանալու մասին լսելուց հետո են զանգել-ճշտել ու պարզել, որ իրենց անունով ամրագրումներ չեն եղել: Հայաստանյան հյուրանոցներում հանգստանալու համար շատերը վճարել են իրենց՝ տարվա ընթացքում հավաքած խնայողություններից. հիմա, երբ արդեն ավարտին է մոտենում տարեկան արձակուրդը, իրենց վճարած գումարները չկան, այլ խնայողություններ էլ չունեին, Beauty of Armenia-ի գործունեությունից տուժած քաղաքացիները դիմում են այն հյուրանոցներին, որտեղ նախատեսում էին անցկացնել իրենց հանգիստը՝ խնդրելով տրամադրել նախատեսվածի կարգի՝ 50 տոկոսով մատչելի ծառայություն, որի համար իրենք հիմա կրկին պիտի վճարեն: Հյուրանոցները հրաժարվում են՝ երբեմն առաջարկելով մոտ 10 տոկոս զեղչ:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ են հրաժարվում հյուրանոցները քաղաքացիներին նույն 2+2 ակցիայի տիպի ծառայությունները մատուցել թեկուզեւ առանց Beauty of Armenia-ի միջնորդության. «Հայկական ժամանակ»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ «Ոչ անպատժելիությանը» խմբում քաղաքացիների նշած հյուրանոցներից:
«Թեժ լեռ ռեզորթ»-ից մեզ խնդրեցին զանգահարել 2 ժամ անց, 2 ժամ անց խնդրեցին էլի սպասել՝ խոստանալով, որ մենեջերն ինքը կզանգի: Նա այդպես էլ չզանգեց:
«Ջերմուկ հոթել ընդ սպա» հյուրանոցից մեր հարցերին ի պատասխան հաղորդեցին, որ նշված խնդրի մասին իրենց դիրքորոշումն արտահայտված է «Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես տեղեկանում ենք նշված հայտարարությունից՝ կենտրոնը հաղորդում է, որ Beauty of Armenia-ի՝ «նվազագույնը անպատասխանատու, առավելագույնը հանցավոր» գործողությունների մասին տեղյակ է եւ հորդորում է քաղաքացիներին զգույշ լինել:
«Էլեգանտ հոթել»-ի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը նշեց, որ Beauty of Armenia-ի հետ պայմանագիր չեն ունեցել, իսկ ակցիայի մասին տեղեկացել են հետագայում՝ համացանցից: «Մեզ զանգում էր ինչ-որ մեկը՝ Վահե անունով, եւ ասում էր՝ այս օրվանից մինչ այս օրը ազատ սենյակներ ունե՞ք, արժեքն էր հարցնում, ասում էր՝ լավ, ամրագրումը դրեք, ես վճարումը հետո կանեմ՝ հյուրի ժամանումից առաջ»,- պատմեց Մովսիսյանը:
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում