Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատմական արդարությունը» փաստա՞րկ է

Սեպտեմբեր 05,2020 10:00

Վերջերս Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները մի քանի անգամ կիրառել են «հայդատականություն» եզրույթը՝ դրան տալով բացասական քաղաքական իմաստ: Իհարկե, պատմաբանները կարող են տարբեր ձեւով մեկնաբանել մեր ժողովրդի անցյալը եւ, մասնավորապես, վերջին 150 տարիների զարգացումները: (Ի դեպ, կարծում եմ, «Առավոտը» կարող է լավ հարթակ լինել այդ քննարկման համար. ավելի օգտակար կլինի, եթե նրանք բանավիճեն նման հարթակում, քան իրենց նկատառումներն արտահայտեն իրենց կուսակցական լրատվամիջոցներում): Բայց զուտ քաղաքական առումով, այդ եզրույթն, ինձ թվում է, թերի է, որովհետեւ, կարծես, ենթադրում է, թե մեր ժողովրդի տարբեր հատվածներ, զանազան հոսանքների ներկայացուցիչներ տարբեր բաներ են ուզում, մինչդեռ դա, հավանաբար, այդպես չէ:

Բայց մյուս կողմից արժե, երեւի, մի փոքր խորանալ խնդրի էության մեջ եւ առանց հուզական զեղումների փորձել պատասխանել երեք հարցի.

1/ արդյո՞ք պատմական փաստարկներն այսօր աշխատում են որպես կռվան միջազգային հարաբերություններում,

2/ արդյո՞ք մեզ ձեռնտու է Թուրքիայի հարաճուն ներգրավվածությունը Արցախյան խնդրում եւ

3/ արդյո՞ք մեր պետությունն իր քայլերով չի նպաստում դրան:

Ներկա իշխանության քաղաքականության առանցքում է Հայաստանի վերջին 20 տարիների (1998-2018 թվականների) պատմությանը հակադրվելը՝ անցյալը ներկայացնելով միայն սեւ գույներով՝ երբեմն արդարացված, երբեմն էլ՝ չափազանցված: Մյուս կողմից, ներկայիս վարչակազմին հատուկ է պոպուլիզմը, այդ թվում՝ ազգային: Իսկ դրա դրսեւորումներից մեկն է՝ որպես այսօր իրականացող կամ իրականացվելիք արտաքին քաղաքական քայլերի պատմական հիմնավորումներ բերելը: Օրինակ, պատասխանելով BBC-ի լրագրողի հարցին, թե ինչու եք ասում «Արցախը Հայաստան է, եւ վերջ», վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայերն այդ հողում ապրել են հազարամյակներով: Չնայած, որպես փաստի արձանագրում, այս պնդումն իմ մեջ կասկածներ չի հարուցում, որպես պաշտոնյայի խոսք՝ ես այստեղ խնդիր տեսնում եմ:

Ահա այստեղ է, որ այսօրվա իշխանությունն ամբողջությամբ տեղավորվում է իր, մեղմ ասած, չսիրված 20-ամյակի տրամաբանության մեջ: Եվ այդ առիթով առաջարկում եմ վերընթերցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որը նա գրել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի «համահայկական հռչակագրի» հրապարակման առթիվ: Այդ հոդվածում առաջին նախագահը, մասնավորապես, նշում է, որ «պատմական իրավունք»… եզրույթից ավելի առաձգական հասկացություն գոյություն չունի, որովհետեւ յուրաքանչյուր ազգ պատմական իրավունքը յուրովի է ընկալում, եւ երկրորդ, որ ավելի կարեւոր է, այդպիսի հասկացություն «գոյություն չունի նաեւ միջազգային իրավունքի մեջ»: Իսկ Հռչակագրում օգտագործած «պատմական արդարությունը», ըստ նրա, «նույնքան առաձգական է եւ ավելի վերացական»:
Իհարկե, բարդ խնդիր է, որի մեկնաբանությունը հնարավոր չէ տալ լրագրողական մակարդակով. պարզապես առաջարկում եմ դրա շուրջ մտածել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ահա ուրեմն իմ մանրակրկիտ պատասխանս, խմբագրականում նշուած Լեւոն Տեր-Պետրոսյանի այդ յօդուածին՝

    «Առաջին Նախագահին վերջին սխալները»
    https://haytougchamlian.blog/առաջին-նախագահին-վերջին-սխալները/

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Հայկական Հարցի վերաբերեալ (նախնական, հարազատ անուանումը, այդ է՝ Հայկական Հարցը, La Question Arménienne; «Հայ Դատը» դաշնակցական բանաձեւում մըն է՝ միեւնոյն, էականօրէն անկուսակցական, համահայկական նիւթին), այժմու իշխանութեան ընթացիկ կեցուածքը վստահաբար աւելի պատուաւոր, յուսադրիչ եւ հետաքրքրական է, քան թէ Սերժ Սարգսյանի վարչակարգի փաստացի կեցուածքը:

      Վերջինիս վախտ, Հայոց Պետութիւնը Թուրքիոյ հետ հաշտութեան դաշինքի նախաբան ստորագրեց, առա՛ջ որ Թուրքիան ընդունի անգամ Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը, ալ ուր մնաց դե՜ռ հետեւանքների հարցը:

      Քանզի այդ մինչդեռ կիսատ ղարաբաղցիին ըմբռնողութեան մէջ, գոյութիւն ունէր միմիայն մի հատիկ ազգային խնդիր՝ Արցախը: Մնացեալը, նա պարբերաբար, դատարկ խօսքերով շահագործում էր՝ ներազգային գետնի վրայ, ներքին սպառումի համար, որպէսզի յանկարծ չվնասուի համահայկական զօրակցութեան աստիճանը Արցախի նկատմամբ:

      Քանի որ – ճառախօսութեան մակարդակի վրայ միայն – նա գոնէ գիտէր որ, եթէ համաշխարհային, համահայկական – եւ սկիզբները՝ որոշիչ – զօրակցութիւն տեղի ունեցաւ, ու տակաւին առկայ է, Արցախի ազատագրման ապա հիմնախնդրի նկատմամբ, դրա պատճառը այն է թէ ոչ-արցախցի յանձնառու հայերին համար, այդ տարածաշրջանը մէկ մասնիկն է միայն Հայոց ազգային ձգտումներին, եւ ոչ թէ միմիակ, լրիւ ու բացառեալ բովանդակութիւնը՝ Հայկական Հարցին:

      Եթէ իւրաքանչիւր մի հայ, միմիայն իր բնակավայրը համարէ որպէս բացառեալ հայկական իրականութիւն, իր գիւղը, քաղաքը կամ հայկական մասնակի հողաշերտ մը համարէ որպէս Հայութեան Պորտը, շատ հեռու չենք երթար, որպէս Ազգ: Արդէն, բազմահազար տարիների Պատմութեան ընթացքին հենց այդ մօտեցումի պատճառով է որ կը գտնուինք այժմու բաւական խղճալի վիճակին մէջ:
      Հետաքրքրական է նկատելը որ Հայաստանում եւ Արցախում ադրբեջանցիներին «թուրք» կը կոչէք, մինչ ոմանք այդտեղ տակաւին իսկական կապը չեն տեսնում՝ Ադրբեջանի եւ Թուրքիոյ միջեւ – կամ դեռ նոր, վերջերս սկսան միայն քիչ թէ շատ զայն հասկանալ, այդ ալ պէտք եղաւ որ թուրքերը բացատրեն… – : Մինչ Անդրկովկասի հայերի մասին անդադար մտատանջուող, իրենց բոլոր հնարաւորութիւններով անոնց տեւաբար զօրաւիգ կանգնող, Դասական Սփիւռքի հայերին համար, որոնք մինչդեռ այլապէս կարող են որքան հանգի՜ստ իրենց կեանքերը վայելել, այդ կապն է՝ էականը:
      Այժմու դրութեամբ, Հայաստանի նոր վարչակարգի կեցուածքն ու դիրքորոշումը, ազգային առումով, աւելի ճիշդ ու լաւն է, վայել եւ խոստումնալից է, քան թէ Առաջին եւ Երրորդ Նախագահները ժամանակներին: Ու հասկնալի է որ ոմանք հիասթափուած են հիմա, հենց այս պատճառով իսկ:

      Սակայն տեսնանք, տակաւին, թէ քամիներն ու զեփիւռները ինչ ուղղութիւններով կը փչեն…

      Մ. Հայդուկ Շամլեան, Քանատա
       
      https://haytougchamlian.blog/
      https://www.facebook.com/Blog-H-368796210632940

      • Սարգիս Զեյթունյան says:

        Հարգելի Հայդուկ, հայկական հարցի վերաբերյալ ներկա իշխանությունների կեցվածքը նախորդ իշխանությունների կեցվածքի հետ համեմատելիս՝ դուք այն բնութագրում եք «պատուաւոր, յուսադրիչ, հետաքրքրական, ճիշդ, լաւն, վայել եւ խոստումնալից» մակդիրներով: Ձեր մեկնաբանությունը, ինչքան հասկանում եմ, վերաբերում է միայն «լայն» մակդիրին և ներկայացնում համեմատության երկու կողմերից միայն մեկի կեցվածքը: Կներեք, իհարկե, բայց առանց համակողմանի փաստարկների ձեր մեկնաբանությունը ոչ թե համեմատություն է, այլ մերկապարանոց հայտարարություն:
        Ես ինձ բավականաչափ գիտակ և տեղյակ չեմ համարում այդ հարցերում՝ սրա կամ նրա կողմը բռնելու համար: Բայց որպեսզի ինձպեսները լուրջ ընդունեն Ձեր արած կտրուկ բնորոշումները, դրանք պետք է հիմնավորված լինեն լուրջ փաստարկներով:

        • Հ.Շ. says:

          Յարգելի Սարգիս,

          . Յեղափոխութեան ամենաառաջին օրերից, Ապրիլ 2018-էն սկսեալ, մինչեւ Յունիս 2020, լրիւ ու ամբողջովին դէմ եղած եմ՝ յեղափոխութեան ալ, Փաշինյանին ալ, իր լման խմբակին ալ. եւ հանրային կերպով ու տեւաբար յայտնած ու բացատրած եմ այդ հաստատ կեցուածքս:

          . Վերեւի Յետ-Գրութեանս հիմնաւորումը բաւարար չափով պարզած եմ՝ Սերժ Սարգսյանի վարչակարգի պարագային: Խնդիրը, այդ Հայաստան-Թուրքիա ամօթալի փաստաթուղթն է:

          Սակայն ուրախ եմ որ առիթը տուիք, որպէսզի այդ ուղղութեամբ Պլօկիս վրայ հրատարակեմ այդ մասին լրացուցիչ բանախօսութեանս յօդուածը: (Որու թուականը նաեւ պէտք է որ նշանակալից հանդիսանայ, նկատի առնելով այս գրառումիս վերոգրեալ առաջին կէտս կարդալով, մարդ կարող էր սովորական սխալը ընել հետեւցնելու որ ես համակիր մը եղած եմ նախորդ վարչակարգին: )

          Ահա այդ յօդուածը – երկար է, ստիպուած չէք լման կարդալու, բարեհաճեցէք հպանցիկ կերպով աչք մը նետել, ուղղակի պատասխանն է Ձեր հարցումի կէսին – ՝
          «Ինչ որ ալ ըլլայ՝ Դէպի Երկի՛ր»
          https://haytougchamlian.blog/ինչ-որ-ալ-ըլլայ՝-դէպի-երկի՛ր/

          . Կը մնայ ուրեմն որ հիմնաւորեմ վերեւ արտայայտած դրական եւ լաւատես կարծիքս, Փաշինյանի մասին (յատկապէս այս նիւթին մէջ, զինք կը զանազանեմ սակայն իր վարչակարգից. քանզի իր շուրջն ու մօտը կան տակաւին ապազգային պժգալի հակումներ ունեցող տարրեր) : Իրաւունք ունիք, որ ըսածիս մէջ պակաս էր, այդ բացատրութիւնը:

          Ուրեմն ահա, այդ ալ ամփոփեմ այսպէս՝

          + Արցախի նիւթով, Պարոն Ապրահամյանի խմբագրականի հիմնական կէտերից մէկն է (վերնագրում արտացոլացողը) ՝ Փաշինյանի դրական անակընկալը.
          արդարեւ, մինչեւ հիմա, Առաջին Նախագահի սխալով, այդ հիմնախնդրում մեր դիրքը հիմնուած էր «ժողովուրդների ինքնորոշման» սկզբունքին կամ միջազգային օրէնքի այդ յղացքին վրայ. բնաւ ճիշդ չէր, այդ մօտեցումը. Փաշինյանը սկսած է այժմ խօսիլ տարածաշրջանի պատմական պատկանելիութեան մասին, ինչ որ աւելի ճշգրիտ է, եւ նաեւ աւելի ամուր ու զօրեղ է, որպէս պահանջատիրական կեցուածք. Իսկ «պատուաբեր» է, որովհետեւ այդ նախկին մօտեցումը համազօր է ոչ թէ սակարկելու, այլ մուրացկանութիւն անելու՝ որպէսզի Արցախի ընդունուի որպէս անկախ երկիր – ու անկէ ետք միանայ Հայաստանին –

          + Արեւմտեան Հայաստանի մասին, Փաշինյանի եւ Միրզոյանի արտայայտութիւնները, Սեւրի Դաշնագրի կապակցութեամբ՝ ազգային աննախադէպ կեցուածք հանդիսացան , Հայոց Պետութեան կողմէ. Նոյնիսկ եթէ դրա պատճառը այն էր, որ Թուրքիան ալ աննախադէպ կերպով իր տառացի զօրակցութիւնը յայտնեց Անդրկովկասի իր փանթուրանական եղբօր նկատմամբ, վնաս չունի, նորէն ալ տպաւորիչ էին Հայաստանի պետական գերագոյն այդ ներկայացուցիչների այդ ելոյթները.

          . իսկ թէ ինչո՞ւ մի քիչ շատ «գովաբանական» հնչեց ընթացիկ կարծիքս, անոր ալ պատճառը այն է որ վերեւ պարզուած տուեալների լոյսին տակ, յատկապէս անիրաւ ու անարդար են, Փաշինյանի դէմ՝ այս նիւթերի կապակցութեամբ ներազգային կարգ մը շատ վայրագ յարձակումներ.

          թէ կարող է որ այս ամէնը յեղաշրջուի՞, այո… անշուշտ… սակայն այս պահին, մինչ տեւաբար՝ կատարուած սխալները մատնանշում ենք, երբ որ ճիշդ բան մը տեղի ունենայ՝ եկէք այ՛դ ալ ըսենք: Ու մանաւանդ, երեւակայական սխալներ չհնարենք…

          Լաւ մնացէք:

          Հ.Շ.

          • Սարգիս Զեյթունյան says:

            Հարգելի Հայդուկ,
            Ես Ձեզ պես խորացած չեմ նյութի մեջ, որպեսզի կարողանամ մասնագիտորեն հակադրվել Ձեզ կամ համաձայնել Ձեզ հետ: Կփորձեմ պատասխանել իմ սիրողական դիրքերից:
            Հայկական հարցի վերաբերյալ ներկա իշխանությունների կեցվածքը հիմնավորելիս նշում եք ա) – պատմական իրողությունների վրա հիմնված պահանջատիրությունը և բ) – Սևրի պայմանագիրը: Երկրորդը, կարծես, առաջինի մասն է: Բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ երկուսը միասին 2018 թվի գարնանից մեր ականջները թառամեցնող ամբոխահաճո, հաճախ՝ սուտ, հայտարարությունների շարունակությունն են: Դրանց գագաթնակետը Ստեփանակերտում հնչեցրած ռազմավարական նպատակադրումներն էին (https://mediamax.am/am/news/society/34445/), որոնց ծանծաղամտությունը մեղմացնելու համար դրանց հաջորդեց առավել ծանծաղամիտ այս հայտարարությունը. “Իրատեսական ծրագրերը մեզ այլեւս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլեւս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետեւ հայ ժողովուրդն անհնարինն իրականացնող ժողովուրդ է։ ”
            Մեկ անգամ էլ, ես չեմ կարող մասնագիտորեն ասել ճի՞շտ է Նիկոլի (լեզուս չի պտտվում ասել իշխանությունների) կեցվածքը Ձեր նշած հարցերում, թե՞ ոչ: Ես ընկալում եմ դրանք որպես ամուլ թիմ ունեցող թերուս դիլետանտի կողմից արվող անհիմն հայտարարություններ: Պատմական արդարությունը վերականգնելու համար (Սևր), ու՞մ ձեռքերով եք պատրաստվում շագանակներ հանել կրակից: Կամ, պետության դիրքորոշումն աշխարհին ներկայացնելու առումով, որքա՞ն համոզիչ են լեզուն չտիրապետող վարչապետի կմկմոցն ամբողջ աշխարհի առաջ՝ հազարամյակներով այդ հողի վրա ապրելու մասին:
            Իսկ լավ բաները գնահատում եմ: Օրինակ՝ մեքենաների ազդանշաններն արգելելը:

  2. Ruben says:

    Ասացվածք`
    – «Сколько не говори «халва, халва» — во рту слаще не станет, навоз оно и есть навоз.»

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930