Եվրամիության որոշ երկրներում ամսական միջին աշխատավարձը մյուս երկրների համեմատ՝ նկատելի ցածր է
Picodi.com-ի վերլուծաբանների թիմը պատրաստել է ամսական միջին աշխատավարձի վերաբերյալ աշխարհի երկրների ցանկը, որտեղ ներառված են ամենաբարձր եւ ամենացածր միջին աշխատավարձ ունեցող երկրները:
Այսպես՝ 106 երկրների ցանկը գլխավորում է Շվեյցարիան, որտեղ միջին ամսական աշխատավարձը 5989 դոլար է: Շվեյցարիային հաջորդում են Լյուքսեմբուրգն ու ԱՄՆ-ն, որոնց բնակիչները, միջին հաշվով, վաստակում են համապատասխանաբար՝ 4014 եւ 3534 դոլար:
Դանիան ցանկի 4-րդ տեղում է՝ 3515 դոլար միջին աշխատավարձով: Սինգապուրը, Ավստրալիան ու Քաթարը հաջորդ հորիզոնականներում են: Սինգապուրում 3414 դոլար է, Ավստրալիայում՝ 3333, Քաթարում միջին ամսական աշխատավարձը 3232 դոլար է: Միջին աշխատավարձով աչքի ընկնող երկրների տասնյակում են նաեւ Նորվեգիան, Հոնկոնգն ու Իսլանդիան: Այս երկրների քաղաքացիները միջին հաշվով վարձատրվում են համապատասխանաբար՝ 3174 դոլար, 3024 եւ 2844 դոլար:
Կարդացեք նաև
Ֆինլանդիան, որտեղ ամսական միջին աշխատավարձը 2749 դոլար է, 12-րդ տեղում է՝ զիջելով Նիդերլանդներին: Նիդերլանդներում 2802 դոլար է:
106 երկրների շարքում Ֆրանսիան զբաղեցնում է 22-րդ տեղը՝ 2329 միջին աշխատավարձով: Ֆրանսիան հետ է Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Իսրայելից: Նրանից մեկ հորիզոնականով առաջ է Կանադան, որտեղ մարդիկ միջին հաշվով ստանում են 2346 դոլար: Գերմանիան 14-րդ տեղում է՝ 2689 դոլար միջին աշխատավարձով: Ճապոնիան, զբաղեցնելով ցանկի 18-րդ տեղը, կարողացել է երկրում միջին աշխատավարձը սահմանել 2601 դոլար: Իսրայելը՝ 2444 դոլար:
Հարավային Կորեան, որտեղ մարդիկ ամսական ստանում են 2307 դոլար միջին աշխատավարձ, ցանկում ավելի բարենպաստ տեղեր է զբաղեցնում: Նրան զիջում են Ավստրիան՝ իր 2283 դոլար միջին աշխատավարձով, Քուվեյթը, Օմանը, Սաուդյան Արաբիան, անգամ՝ Իտալիան եւ Իսպանիան: Վերջին երկու երկրները ցանկի 30 եւ 31-րդ տեղերում են: Իտալիայում ամսական միջին աշխատավարձը կազմում է 1647, իսկ Իսպանիայում՝ 1539 դոլար: Չեխիան նույնպես առաջատար դիրքերում չէ, այստեղ միջին ամսական աշխատավարձը կազմում է 1121 դոլար: Եվրամիության այս երկիրը իր վարձատրությամբ հետ է Կիպրոսից, Էստոնիայից, Սլովենիայից ու Չինաստանից: Չինաստանի բնակիչները ամսական ստանում են 1422 դոլար միջին աշխատավարձ: Հունաստանում, որը նույնպես Եվրամիության երկիր է, ԵՄ այլ երկրների համեմատությամբ միջին աշխատավարձը բավականին ցածր է՝ 840 դոլար, Մալազիայում՝ 836 դոլար, Լեհաստանում՝ 828 դոլար: Վերջինս ցանկի 48-րդ տեղում է: Լեհաստանից ցածր են վարձատրվում Պանամայում, Չիլիում, Ռումինիայում, Հունգարիայում: Այս երկրներում ամսական միջին աշխատավարձը 744-743 դոլար է:
Հայաստանն այս ցանկում 85-րդ հորիզոնականում է: Մեր երկրում միջին աշխատավարձը կազմում է 333 դոլար: Երկու դոլարով Հայաստանից բարձր են վարձատրվում Ադրբեջանում, 17 դոլարով էլ ավելի՝ Ուկրաինայում: Վրաստանն այս ցանկում 96-րդ տեղում է, որտեղ ամսական միջին աշխատավարձը 284 դոլար է: Իրանում այն կազմում է 337 դոլար: Ռուսաստանն էլ առաջատար դիրքերում չէ. այստեղ ամսական միջին աշխատավարձը կազմում է 460 դոլար: Վարձատրությամբ Ռուսաստանից առաջ են Հոնդուրասը, Գվատեմալան, Բուլղարիան, Ռումինիան: Սակայն հետ է Թուրքիան, որտեղ բնակիչները, միջին հաշվով, վաստակում են 439 դոլար: Թուրքիան ցանկում 106 երկրերի շարքում 71-րդ հորիզոնականում է: Նրան հաջորդում են Հնդկաստանն ու Ղազախստանը. այս երկու երկրներում էլ միջին ամսական աշխատավարձը 437 դոլար է:
Մարոկկո ցուցակի 74-րդ տեղում է՝ 422 դոլար միջին աշխատավարձով;
Հայաստանից ու Ադրբեջանից հետ են նաեւ Մոլդովան, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 321 դոլար, Ուզբեկստանը՝ 237 դոլար: Եգիպտոսը, Կամբոջան ու Պակիստանն էլ ցանկի 100,101 եւ 102-րդ տեղերում են. այս երկրներում միջին աշխատավարձը համապատասխանաբար՝ 218, 212 եւ 209 դոլար է: Վարկանիշային ցանկը եզրափակում են Կուբան, Ուգանդան եւ Նիգերիան, աշխատավարձերը տատանվում են 36-ից 184 դոլար:
Ամենացածրը Կուբայում է՝ 36 դոլար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.09.2020