Հարցազրույց դերասան, ռեժիսոր, Կապանի Շիրվանզադեի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Իշխան Ղարիբյանի հետ
– 2020թ. հոբելյանական է ձեր ղեկավարած թատրոնի համար։ Առաջին անգամ 1935թ. թատրոնի վարագույրը բացվել է Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացմամբ։ Առաջին դերասաններից էին Անիկ Հարությունյանը, Վիկտոր Բալայանը, Միլիտոս Ղազարյանը, Արուսյակ Մարտիրոսյանը, Խորեն Սարգսյանը եւ մյուսները։ Տարբեր տարիների թատրոնում խաղացել են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը… Կապանի թատրոնում են իրենց բեմական մկրտությունը ստացել Գալյա Նովենցը, Երվանդ Ղազանչյանը, Ալեքսանդր Քոչարյանը, Գուժ Մանուկյանը, Արծրուն Մանուկյանը։ Երբ 2020թ. սկզբներին նշանակվեցիք գեղարվեստական ղեկավար, թատերարվեստի հնաբնակներից ոմանք մեզ հետ զրույցներում հետեւյալ միտքն էին արտահայտում ձեր մասին.«կրտսերը հալալ-զուլալ թոռն է ավագ Իշխան Ղարիբյանի ու չափազանց ռիսկով է»։ Հետո էլ օրինակ էին բերում, որ ժամանակին Վաղարշ Վաղարշյանի Ֆիրսի փայլուն դերակատարումից հետո (Չեխովի «Բալի այգին») Իշխան Ղարիբյանը ռիսկ արեց ու հիանալի մարմնավորեց այդ կերպարը։ Ձեր մասին էլ ասում են, թե մեծ համարձակություն էր, այն էլ համավարակի պայմաններում, ստանձնել գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Նաեւ ձեր ավագ գործընկերները նշում են, որ ձեր պապի օրինակով դուք էլ մեծ հավակնություններ ունեք։
– Երբեք ամբիցիաներ չեմ ունեցել, որ, ասենք, ստանձնեմ որեւէ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Դեռեւս անցյալ տարվա սեպտեմբերին Կապանի թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի կողմից եղավ առաջարկը։ Միանգամից չհամաձայնեցի։ Կապանում երկու ներկայացում իրականացրի՝ Ալդո Նիկոլայի «Գողերի ընտանիքը» եւ ամանորյա ներկայացում։ Նշանակվել եմ պաշտոնի փետրվարի 1-ին։ Որպես դերասան ամբիցիաներ ունեմ։ Օրինակ, վստահ եմ, որ դեռ չեմ խաղացել այն դերը կամ կերպարը, որով կներկայացնեի իմ ողջ պոտենցիալը։ Գիտեք, թե մեր օրերում, մեծ հաշվով, ինչպես է ընթանում դերասանի ստեղծագործական ուղին։ Եթե այս կամ այն արտիստը հիանալի հանդես է գալիս իբրեւ կատակերգու, ըստ էության նա այդպես էլ շարունակում է իր գործունեությունը։ Բայց հնարավոր է, չէ՞, որ նույն կատակերգուն հիանալի մարմնավորի դրամատիկ, նույնիսկ ողբերգակի կերպար։
Որպես դերասան իսկապես բախտավոր եմ. Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում շուրջ 20 տարի Հակոբ Ղազանչյանը, ում արվեստանոցում եմ ուսանել թատերական ինստիտուտում, կարողացել է տարիների ընթացքում կերպարների ընտրությամբ բացահայտել դերասանի իմ աճը։ Ինչ վերաբերում է համավարակի հենց սկզբից գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելուն, կարծում եմ՝ ամենադժբախտ գեղարվեստական ղեկավարների թոփ եռյակում եմ հայտնվել (ժպտում է-Ս.Դ.)։ Հիմա արդեն կարող եմ ասել, որ տնօրենի օգնությամբ թատրոնի բեմն ամբողջությամբ վերանորոգված է։ Համավարակի օրերին, որը դեռ կշարունակվի, փորձում ենք Կապանում գտնել բացօթյա մի տարածք, որպեսզի հանդես գանք, թեկուզ սահմանափակ թվով հանդիսատեսի առջեւ։ Մի բայց կա. պետք է այդ բացօթյա տարածքին այնպիսի լուծում տալ, որ այդ տարածքի մուտքից հանդիսատեսը թատրոնի շունչ զգա։
Կարդացեք նաև
– Բացօթյա տարածքի ընտրությանը ձեզ քիչ ժամանակ է մնացել, հետաքրքիր է՝ նախաձեռնե՞լ եք որեւէ բեմադրության աշխատանքներ։ Վերջերս «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հանդիպեցինք ձեր ռեժիսուրայով Ալդո Նիկոլայի «Հեռագիր» երկի՝ դերասան Արամ Հայրապետյանի իսկապես բարձրարվեստ ներկայացմանը…
– Այս պահին նույն հեղինակի երկու ստեղծագործություն էլ եմ ընտրել, որոնցից մեկը կբեմադրի ռեժիսոր Քրիստինե Սլոյանը։ Արդյունքում երեք մոնոներից կստանանք հեղինակի ամբողջական մի ներկայացում, ինչը սիրով կներկայացնենք։
– Արտիստական խմբում շուրջ 20 դերասան է, բայց մանավանդ վերջին տարիներին մասնագետներից քանիցս հավաստիացրել են, թե Կապանի թատրոնը, ըստ էության, չափազանց աղքատ է խաղացանկի մասով։ Այդ առիթով մեր զրուցակիցները նշել են, որ, իրենց խոսքերով՝ այն տարիներին թատրոնը համարվել է ամենահարուստ խաղացանկ ունեցող մշակութային օջախներից մեկը, որտեղ ներկայացվել են «Պատվի համար»-ից, «Նամուս»-ից, «Քանդած օջախ»-ից ու «Խաթաբալա»-ից մինչեւ «Օթելլո», «Վագիֆ», «Կապկազ թամաշա» եւ այլն, ինչը մարզային թատրոնի համար մեծ ձեռքբերում է։
– Կտրականապես չեմ ընդունում «մարզային թատրոն» արտահայտությունը։ Կապանի թատրոնի խաղացանկի հարուստ լինելու հարցը վերաբերում է խորհրդային տարիներին։ Այն ժամանակ պոլիտբյուրոն կոնկրետ թատերարվեստի մասով հրահանգ էր իջեցնում, որ բոլոր 15 հանրապետություններում թատրոնը պետք է համաչափ զարգանա։ Մենք Հայաստանի Հանրապետություն էինք եւ ոչ թե Գավառի, Գյումրիի… կամ Երեւանի։ Այո, այն տարիներին բոլոր թատրոններն էին հարուստ իրենց խաղացանկով։ Պետությունը նույն աչքով էր նայում Երեւանի, Արտաշատի, Գորիսի, մի խոսքով՝ հանրապետության բոլոր թատրոններին։ Թատրոնները հաճախ էին փոխայցելություններ ունենում, ինչը շատ եմ կարեւորում։ Կամ՝ թատերականն ավարտելուց հետո երիտասարդներին գործուղում էին, թեեւ ասացի, որ չեմ ընդունում մարզային թատրոն արտահայտությունը, բայց այս դեպքում նշեմ՝ մարզային կամ շրջանային թատրոններ։ Այ, դուք նշեցիք, որ Կապանի թատրոնում են իրենց բեմական մկրտությունը ստացել մեր անվանիներից շատերը՝ Գալյա Նովենցը, Երվանդ Ղազանչյանը, Գուժ Մանուկյանը եւ մյուսները, նրանք Արմեն Գուլակյանի արվեստանոցում էին ուսանել եւ հենց ինստիտուտն էր նրանց գործուղել։ Նշեցիք 20, բայց թատրոնի արտիստական խմբում 25 դերասան է։ Իսկ գիտե՞ք Կապանում ի՜նչ հրաշալի երիտասարդություն կա…
– Գորիսի, Վանաձորի, Գյումրիի օրինակով հնարավոր չէ՞ Կապանում էլ բացել թատերական ինստիտուտի մասնաճյուղ, կամ՝ թատրոնին կից ստուդիա, որպեսզի թատրոնում ճիշտ ընթանա սերնդափոխությունը։
– Ես կասեի պարտադիր է։ Ստուդիայի եւ մասնաճյուղի առումով ես կարծիք արտահայտել եմ նախարարությունում։ Թատրոնը եթե երիտասարդ դերասաններ չներգրավի, նույնն է, թե ընտանիքում երեխա չլինի։
– Կարելի՞ է ենթադրել, որ ձեզ հազվադեպ կհանդիպենք որպես դերասան, փոխարենը կմտաբերենք այն հիանալի կերպարները, որ կերտել եք «Հրեշը լուսնի վրա», «Էլիզա», «Համլետ», «Վիրուս», «Գիշեր Երզնկայի վրա» եւ այլ բեմադրություններում։
– Ոչ, մեծ սիրով դարձյալ բեմ կբարձրանամ Պատանի հանդիսատեսում։ Կարճ ասած՝ բեմից հեռացող չկա, ես բեմը չեմ կարող թողնել։ Օրինակ, Կապանում հունվարին, երբ դերասաններից մեկի առողջությունը պրեմիերայից առաջ վատացավ, ես նրան փոխարինեցի «Բարի ախորժակ»-ում։ Ոչ, բեմից հեռանալ չկա, էներգիան հենց բեմից ես ստանում։
– Հայտնի է, որ նաեւ գրում եք երաժշտություն, երգեր, ռոքի սիրահար եք…
– Արցախյան պատերազմի տարիներին ռմբակոծության է ենթարկվել նաեւ Կապանը։ Մինչեւ այժմ այնտեղ կան ապաստարաններ։ Դրանցից մեկը հենց թատրոնի նկուղում էր, եւ ես ու տնօրենը որոշեցինք այն վերանորոգել։ Վերածեցինք ձայնագրման եւ վիդեոմոնտաժի ստուդիաների։ Անկեղծ ասած՝ հետագայում այստեղ գուցե հաղորդումներ էլ նկարահանենք։ Հենց այստեղ գուցե ապագա դերասանները ծանոթանան եւ փորձ ձեռք բերեն տեսախցիկների հետ աշխատելու։ Թատրոնի հետ կապված շատ մեծ են ծրագրերս։ Կուզեի շատ շուտ ստեղծել այն թատրոնը, ուր առաջին հերթին ես ինքս հաճույքով կաշխատեի։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.09.2020
Սկսվե՞ց օտարամոլությունը: