Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ ամբողջական կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Ազգային ընտրանին նախապատրաստվում է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի «C» լիգայի երկրորդ խմբի առաջին տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա (սեպտեմբերի 5-ին) եւ Էստոնիայի հետ տնային (սեպտեմբերի 8-ին) հանդիպումներին:
Կապառոսը հավաքական հրավիրել է 23 ֆուտբոլիստի, որոնք բոլորն էլ ժամանել են Երեւան, սակայն նրանց մեջ չէ հավաքականի երկար տարիների ավագ, թիմի առաջատար, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Լրատվամիջոցներում հայտնված տեղեկության համաձայն, Մխիթարյանն է այս անգամ հրաժարվել հավաքական ժամանել՝ պատճառաբանելով, որ արձակուրդում է, տեւական ժամանակ չի մարզվել, հետեւաբար, մարզավիճակում չէ: Սակայն խոստացել է, որ հաջորդ անգամ կգա եւ ամբողջ ուժով կխաղա:
Գլխավոր մարզիչը հրապարակել է, թե ովքեր են հրավիրվել հավաքական: Նրանք են.
Կարդացեք նաև
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո՝ «Շախտյոր. (Կարագանդա, Ղազախստան), Անատոլի Այվազով՝ «Ուրարտու», Արսեն Բեգլարյան՝ «Ուրարտու»:
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան՝ «Անորտոսիս» (Կիպրոս), Կամո Հովհաննիսյան՝ «Կայրաթ» (Ղազախստան), Արման Հովհաննիսյան՝ «Տոբոլ» (Ղազախստան), Վարազդատ Հարոյան՝ «Ուրալ» (Ռուսաստան), Անդրե Չալըշըր՝ «Գյոթեբորգ» (Շվեդիա), Սերոբ Գրիգորյան՝ «Փյունիկ», Հայկ Իշխանյան՝ «Գանձասար-Կապան», Տարոն Ոսկանյան՝ «Ալաշկերտ»:
Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան՝ «Հոբրո. (Դանիա), Արշակ Կորյան՝ «Խիմկի» (Ռուսաստան), Խորեն Բայրամյան՝ «Ռոստով» (Ռուսաստան), Գեղամ Ղադիմյան՝ «Նեման» (Բելառուս), Տիգրան Բարսեղյան՝ «Աստանա» (Ղազախստան), Վահան Բիչախչյան՝ «Ժիլինա» (Սլովակիա), Արտակ Գրիգորյան՝ «Ալաշկերտ», Անգուլո Վբեյմար՝ «Գանձասար-Կապան», Արթուր Գրիգորյան՝ «Փյունիկ», Սոլոմոն Ուդո՝ «Շիրակ»:
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան՝ «Տամբով» (Ռուսաստան), Նորբերտո Բրիասկո Բալեկյան՝ «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա):
Խոակին Կապառոսը հայտարարել է, որ Հավաքականին չեն միացել նաեւ Գեւորգ Ղազարյանը, որը մկանային վնասվածք ունի եւ իր ակումբի մարզումային գործընթացին չի մասնակցել եւ Սարգիս Ադամյանը, որը, չնայած, վնասվածքից ապաքինվել է, սակայն դեռեւս վերականգնման փուլում է: Ուստի, հավաքականի մարզչական կազմը որոշել է նրանց պահով ռիսկի չդիմել եւ չհրավիրել այս հավաքներին:
Սեպտեմբերի 5-ին Սկոպյեում կայանալիք ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի «C» լիգայի 2-րդ խմբի 1-ին տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Իրֆան Պելյտոն: Նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը եւ Դավոր Բելյոն: Բոլորն էլ ներկայացնում են Բոսնիա եւ Հերցեգովինան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.09.2020